Sat, 1 February
-4.9 C
Yerevan
USD: 397.35 RUB: 4.04 EUR: 412.25 GEL: 139.06 GBP: 493.31
spot_img

Հայաստանի արժութային շուկայի լարվածությունը փոքր–ինչ թուլացել է. թերթ

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Տևական ժամանակ պահպանվող լարվածությունից հետո վերջին շրջանում արժութային շուկայում ակնհայտ է տարադրամային ճնշման թուլացումը, գրում է «Հայոց աշխարհ» թերթը։

Ըստ հրատարակության` նվազել է դոլարի պահանջարկը, ինչը նկատելի է նաև արժութային բորսայում իրականացվող առք ու վաճառքի գործարքների վրա։ Դրանք էապես կրճատվել են։ Հաճախ բորսայական գործարքների ծավալը չի հասնում անգամ 1 մլն դոլարի։ Մինչդեռ մի պահ դրանք գերազանցում էին անգամ 10 միլիոնի սահմանը։  Իհարկե, նման մեծածավալ գործարքներին սովորաբար մասնակցում էր նաև Կենտրոնական բանկը՝ փորձելով տարադրամային ներարկումների ճանապարհով կանխել շուկայի լարվածությունը։ Պատահական չէր, որ ընդամենը մեկուկես-երկու ամսվա ընթացքում Կենտրոնական բանկը հասցրեց իրացնել ավելի քան 120 մլն դոլար, ինչն էլ հնարավորություն տվեց խուսափել արժութային շուկայի կտրուկ տատանումներից։

Վերջին շրջանում ԿԲ գործողությունները արժութային շուկայում զգալիորեն պասիվացել են։ Դա նկատելի է հատկապես այս ամսվա ընթացքում։ Ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում Կենտրոնական բանկն ընդհանրապես չմիջամտեց արժութային բորսայում։ Իսկ անցած շաբաթ վաճառեց ընդամենը 3,1 մլն դոլար։ Տարադրամային ներարկումների կրճատումը պայմանավորված էր շուկայում լարվածության թուլացմամբ։ Այդ երևույթը դրսևորվեց Նովրուզի տոներին ընդառաջ։ Ինչպես նախորդ մի քանի տարիներին, այնպես էլ այս անգամ արժութային շուկան արձագանքեց Իրանից ժամանած զբոսաշրջային հոսքերի ավելացմանը։ Թեև մինչ այդ այստեղ ձևավորվել էր բավական ուժեղ ճնշում դոլարի պահանջարկի նկատմամբ, այնուհանդերձ զբոսաշրջիկների մուտքը նպաստեց դրա թուլացմանը։ Պատահական չէ, որ այդ շրջանում Կենտրոնական բանկը ոչ միայն դադարեց տարադրամ վաճառել, այլև անցած ամսվա վերջին շաբաթվա ընթացքում շուկայից հանեց 1 մլն դոլար։ Թեև գումարը մեծ չէ, այնուհանդերձ, փաստն ինքնին վկայում է, որ Կենտրոնական բանկը նույնիսկ շուկայում տարադրամային ավելցուկ է նկատել։

Վերջին երկու-երեք օրերին դրամը ամերիկյան դոլարի հարաբերությամբ ամրապնդվեց ավելի քան մեկ կետով։ Տարեսկզբի բուռն դրսևորումներից հետո սա կարելի է լուրջ փոփոխություն համարել, գրում է «Հայոց աշխարհը»։ Անցած մի քանի օրերին ազգային արժույթն ուժեղացման միտում է ցուցաբերում նաև եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։ Վերջին զարգացումներից հետո արժութային բորսայում դոլարի պահանջարկը վերադարձել է 414 դրամի սահման։ Ընդ որում, առանց Կենտրոնական բանկի միջամտության։ Այդ է վկայում նաև շուկայում իրացված արժույթի փոքր ծավալը։   Ի վերջո դոլարի փոխարժեքը Երեւանի փոխանակման կետերում սկսել է տատանվել 413-415 դրամի սահմաններում։ Ընդ որում, ամերիկյան արժույթը նույնիսկ ավելի էժան է, քան մեկ տարի առաջ էր։ Այն ժամանակ դոլարի փոխարժեքը հասնում էր գրեթե 417 դրամի։
Եվրոյի միջին գինը վերջին օրերին 572 դրամի սահմաններում է։ Ի տարբերություն դոլարի, անցած մեկ տարվա ընթացքում այն զգալիորեն թանկացել է՝ շուրջ 30 դրամով։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում եվրոպական արժույթի գինը 544 դրամի շրջանակներում էր։

Տոկոսային հարաբերությամբ Հայաստանի արժութային շուկայում շատ ավելի նկատելի է ռուսական ռուբլու էժանացման փաստը. մեկ տարի առաջվա համեմատ արժեզրկվել է ավելի քան 13 տոկոսով։ Այլ կերպ ասած` դրամով արտահայտված՝ այդքանով նվազել են այս երկրից ստացվող տրանսֆերտները։ Նախորդ տարվա այս շրջանում ռուբլու միջին փոխարժեքը 13,25 դրամ էր։ Մինչդեռ այժմ տատանվում է 11,5-ի սահմաններում։

Արժութային շուկայում վերջին օրերին նկատվող լարվածության թուլացումը և դոլարի նկատմամբ ներկայացվող պահանջարկի կրճատումը կարող է բացատրվել առաջին հերթին տարեսկզբին ձևավորված սպասումների մեղմացմամբ։ Դրանք կապված էին ինչպես արտաքին հատվածի, մասնավորապես Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունների, այնպես էլ ներքին գործոնների հետ։ Թեև այդ գործոնները շարունակում են հիմնականում պահպանվել, այնուհանդերձ տարեսկզբի համեմատ բացասական սպասումները որոշ չափով թուլացել են։ Չնայած արժութային շուկայի վերջին դրսևորումներին, այնուհանդերձ շատ դժվար է ասել, թե առաջիկայում ինչպես իրենց կպահեն փոխարժեքները։ Ամեն դեպքում, նույնիսկ կարճատև հատվածում հազիվ թե կարող է խոսք լինել դրամի կայուն վարքագծի մասին, որովհետև շուկայի վրա ազդող գործոնները դեռևս խիստ տատանողական են, եզրափակել է հրատարակությունը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանում 2025–2026թթ․–ին գնաճը կկազմի միջինը 3,3%․ Fitch

2024 թվականին գնաճը կազմել է ՀՆԱ-ի միջինը 0,3%-ը՝ մասամբ պայմանավորված բազային էֆեկտներով, պարենային ապրանքների գներով և հիմնական գնաճի զրոյական աճով

ՀՀ–ում ՎԶԵԲ–ի ներդրումները 2024թ․–ին կազմել են աննախադեպ 396մլն եվրո

2024 թվականին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում իրականացրել է 396 միլիոն եվրոյի ներդրում 19 նախագծերի շրջանակներում

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2024թ․–ին աճել է 24․6%–ով՝ կազմելով 6,270մլրդ դրամ

/․ Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը, զուտ պահուստները չհաշված, 2024 թվականի վերջին աճել է 24,6%-ով կամ 1,239 մլրդ դրամով և 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6,270 մլրդ դրամ

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img