Համաշխարհային բանկը մինչև տարեվերջ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումար կհատկացնի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկը Հայաստանին ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել, ևս  75 միլիոն ԱՄՆ դոլար գումար էլ կհատկացնի  հաջորդ շաբաթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

Համաշխարհային բանկն ամփոփել է ընթացիկ տարում Հայաստանին տրամադրած ֆինանսական օժանդակությունը և վերահաստատեl, որ 2015թ. ընթացքում բանկը կշարունակի գործակցությունը թե՛ պետական քաղաքականության բարեփոխումների ուղղությամբ՝ տրամադրելով վարկային ռեսուրսներ, թե՛ ճյուղային ծրագրերի ուղղությամբ՝ կատարելով ներդրումներ, որոնք  շոշափելի դրական տեղաշարժեր կապահովեն երկրի բնակչության համար:

«2014թ. ընթացքում գործող ճյուղային ծրագրերի իրականցման նպատակով փաստացի հատկացվել է ավելի քան 40 միլիոն ԱՄՆ դոլար: Հաջորդ շաբաթ մեր զարգացման քաղաքականության վարկի շրջանակում նախատեսվում է խոշոր՝ 75 միլիոն ԱՄՆ դոլար գումարի հատկացումը կառավարությանը, – ասաց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, – 2015թ. առաջին կեսին կանխատեսվում է ամսական հատկացումների բարձր մակարդակ. սկզբում մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար ամեն ամիս, աստիճանական ավելացման հեռանկարով, քանի որ 2014թ. ընթացքում հաստատված 5 նոր ծրագրերը ևս կսկսեն գործել ու տեսանելի արդյունքներ կապահովեն հայ ընտանիքների համար»:

Հաղորդագրության համաձայն, այս պահին իրականացման ակտիվ փուլում են գտնվում Համաշխարհային բանի 13 ճյուղային ծրագրեր: Նշված են այդ ծրագրերի մի մասը.
• գյուղական բնակչության 60%-ի համար ապահովվել են հասանելի ճանապարհներ տարվա բոլոր եղանակներին;
• ավելացել է կովի ու ոչխարի կաթի արտադրությունը համապատասխանաբար 11%-ով և 6%-ով;
• վերջին 4 տարվա ընթացքում եռապատկվել է  համակարգիչներից օգտվողների թիվը;
• բացվել է Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը և խթանվել է  ձեռնարկատիրական նորարարությունը հյուսիս-արևելյան շրջաններում;
• համայնքային ենթակառուցվածքներին ուղղված 290 փոքր ծրագրերի շրջանակում  ձևավորվել է 584.160 ժամ աշխատանքի հնարավորություն, որի դիմաց վարձատրությունը կազմել է 8,9 միլիոն ԱՄՆ դոլար;
• գյուղական համայնքներում կառուցվել ու վերանորոգվել են 100 բժշկական կենտրոններ;
• 200 պետական բժշկական կենտրոններ ապահովվել են ստանդարտ բժշկական սարքավորումներով, պարագաներով, կահույքով և տեխնիկայով;
• վերանորոգվել ու կառուցվել, ինչպես նաև բժշկական սարքավորումներով ու կահույքով ապահովվել են 10 մարզային բժշկական կենտրոններ;
• իրականացվել են նախակրթարանների հետ կապված 337 փոքր ծրագրեր, որոնց շահառուների թիվը կազմում է ավելի քան 8.000 երեխա;
• օգնություն է ցուցաբերվել երկրի բոլոր հանրակրթական դպրոցներում ինտերնետային կապ ապահովելու հարցում:

Օրերս Հայաստանի Ազգային ժողովը վավերացրեց 2014թ.–ի ընթացքում հավանության արժանացած 5 ծրագրերից երկուսը՝ Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիրը (SPAP2) և Կրթական բարելավումների ծրագիրը (EIP): Ակնկալվում է, որ մյուս 3 նոր ծրագրերը՝ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիրը (CARMAC2), լրացուցիչ ֆինանսավորում ստացած Էներգամատակարարման հուսալիության ծրագիրը և Առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքների ծրագիրը, կվավերացվեն  2015թ. սկզբներին և կհամալրեն իրականացման ակտիվ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի շարքը: Այս ծրագրերը, միասին վերցրած, ապահովում են շուրջ 170 միլիոն ԱՄՆ դոլար Հայաստանի համայնքներում շոշափելի դրական տեղաշարժեր կատարելու համար:

«Համաշխարհային բանկը հետ չի կանգնի այն օգնությունից, որի արդյունքում կմշակվի  քաղաքականություն ու կիրականացվեն ներդրումներ, որոնք կնպաստեն տնտեսական աճին ու ինքնաբավությանը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում, – ասաց Բեյլին, – 2014թ.–ի գյուղատնտեսությանը, ոռոգման, խմելու ջրերին, կրթությանը, ճանապարհներին, առողջապահությանը, էներգետիկային և սոցիալական ծառայություններին առնչվող մեր ծրագրերի միջոցով մենք կարողացել ենք կարևոր ներդրումներ կատարել, որոնք ուղղակի ու տեսանելի կերպով անդրադառնում են Հայաստանի ընտանիքների բարօրության վրա»:

Համաշխարհային բանկը լիարժեք կերպով պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանին, մինչ վերջինս հարմարվում է տարածաշրջանային ու միջազգային փոփոխական տնտեսական զարգացումներին և ձգտում ձևավորել առավել ամուր տնտեսություն, որը կապաhովի աշխատատեղեր: Վերջինը Հայաստանի համար զարգացման գերակա խնդիր է երկարաժամկետ հեռանկարում:  Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի և ՀՀ կառավարության միջև շարունակվում են քննարկումները ճանապարհներին, էներգետիկային, տուրիզմին ու համայնքային զարգացմանը և Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամին հետագա աջակցություն ցուցաբերելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ, որոնք կամփոփվեն 2015թ. ընթացքում: 2015թ. Բանկը նաև կֆինանսավորի Զարգացման քաղաքականության երրորդ գործառնությունը (ԶՔԳ), որի ներքո ավարտին կհասցվեն քաղաքականության բարեփոխումների աջակցմանն ուղղված ընթացիկ գործառնությունները և կհստակեցվի հետագա աջակցության վերաբերյալ քննարկումների տիրույթը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․8 կետով և կազմել 422․81 դրամ, ռուբլին նվազել է 0․01 կետով և կազմել 4․3052 դրամ

Հայկական դրամի նկատմամբ դոլարի և ռուբլու փոխարժեքները նվազել են, մինչդեռ եվրոն աճել է. ԿԲ

2026 թ.-ի օգոստոսի 17-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ օգոստոսի 14-ի համեմատ նվազել է 0,32 կետով և կազմել 365,82 դրամ։

ԿԲ-ն զգուշացնում է բանկային հաշիվների հետ կապված զեղծարարական սխեմաների մասին

Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։

Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ (ՎԻԴԵՈ)

Pink Berry-ի պատմությունը սկսվել է ընդամենը երկու քառակուսի մետր տարածքից և վերանորոգված մեկ սարքից։ Այն ժամանակ ընկերությունը նույնիսկ սեփական արտադրություն չուներ․ պաղպաղակը պարզապես վաճառվում էր փոքրիկ կետում։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img