Tue, 4 March
1.1 C
Yerevan
USD: 393.69 RUB: 4.40 EUR: 411.09 GEL: 141.36 GBP: 497.94
spot_img

ԵԶԲ–ն ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» նախագծի շրջանակում Հայաստանին 150 մլն դոլար կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը (ԵԶԲ) ««Հյուսիս–Հարավ» ճանապարհային միջանցքի կառուցում» առաջին նախագծի շրջանակում Հայաստանին կտրամադրի 150 մլն դոլար, այս մասին «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում տեղեկացրեց ԵԶԲ–ի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը։

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր ԵԶԲ–ի և կառավարության միջև, ԵԶԲ–ի և ԵվրաԱզԷՍ–ի հակաճգնաժամային հիմնադրամի պատվիրակության Երևան կատարած այցի ժամանակ։

«ԵԶԲ–ն շահագրգռված է շարունակել համագործակցությունն այս ներդրումային ծրագրի շրջանակում, քանի որ այն բնութագրվում է բարձր ինտեգրացիոն ներուժով և նպաստում է Հայաստանի կայուն զարգացմանը», – նշեց Պանկինը։

Նրա խոսքով` այս նախագծի շնորհիվ կվերականգնվի Հայաստանի տարածքով անցնող (Իրանի հետ սահմանից մինչև Վրաստանի հետ սահման) միջազգային տրանսպորտային միջանցքի հարավային հատվածը (20,5 կմ, Ագարակից դեպի Քաջարան)։ Կվերականգնվի արդեն գոյություն ունեցող ճանապարհային հատվածը, կկառուցվի նաև նոր հատված։։ «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքը Կենտրոնական Ասիան և Հնդկաստանը կապում է Իրանի, Վրաստանի, ՌԴ–ի և Եվրոպայի հետ։ Միջանցքը հարավից կպած կլինի վրացական ճանապարհին, որը տանում է դեպի Փոթիի և Բաթումիի նավահանգիստները, իսկ հետո` դեպի Ռուսաստան, ԱՊՀ և ԵՄ երկրներ։

Բանկի ղեկավարը կարծում է, որ այս նախագիծը հատուկ նշանակություն ունի, քանի որ Հայաստանի տրանսպորտային միջանցքը շրջափակված է արևելյան և արևմտյան հատվածներում (փակ են Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները)։

«Մայրուղին Ռուսաստանից դեպի Հայաստան և Իրան տանող միակ վերգետնյա երթուղու մի մասն է», – ասաց նա։

Պանկինը հիշեցրեց, որ նախագծի իրականացման անհրաժեշտությունն ամրագրված էր դեռևս 2000թ.–ի սեպտեմբերին Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի և Օմանի միջև տրանսպորտային միջանցքի զարգացման միջկառավարական համաձայնագրով, որը ստորագրվել է Սանկտ Պետերբուրգում։ Վերականգնվող և նոր կառուցվող ճանապարհի ընդհանուր երկարությունը համալիր ներդրումային ծրագրի շրջանակում կազմում է 556 կմ, նախագծի ընդհանուր արժեքի նախնական գնահատականը կազմում է 1,5 մլրդ դոլար։ Նախագիծը կիրականացվի Ասիական զարգացման բանկի հետ զուգահեռ ֆինանսավորման ձևաչափով ԱԶԲ–ի և ԵԶԲ–ի միջև ստորագրված Համաֆինանսավորման համաձայնագրի շրջանակում։

Միաժամանակ ԵԶԲ–ի վարչության նախագահն առանձնացրեց մի շարք հիմնական ուղիղ ազդեցությունները, որոնք ակնկալվում են նախագծի իրականացման արդյունքում։ Դրանց թվում են 50 տոկոսով տրանսպորտային ծախսերի նվազումը ճանապարհի վերականգնված հատվածներում, տրաֆիկի միջին արագության աճը (մինչև 40 տոկոս) ճանապարհի վերականգնված հատվածներում, ճանապարհը պատշաճ կերպով պահելու համար նախատեսված օպերացիոն ծախսերի նվազումը, մոտ 1750 աշխատատեղերի ստեղծումը, Հնդկաստանից, Իրանից և Պակիստանից Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ տրաֆիկի աճը, Հայաստանի տրանսպորտային շրջափակման հետևանքների մասնակի վերացումը։

Նրա խոսքով` սպասվում են նաև որոշ անուղղակի ազդեցություններ` հեռավոր շրջանների ֆերմերների հասանելիությունը սպառողական շուկային, կենտրոնի առևտրային և պահեստների ենթակառուցվածքին, հեռավոր շրջանների բնակչության հասանելիության բարձրացումը բժշկական և կրթական հիմնական ծառայություններին, գյուղատնտեսական արտադրանքի` մանրածախ գներով տրանսպորտային բաղկացուցիչի նվազում, գյուղատնտեսական շրջանների ներուժի զարգացում դեպի կենտրոն և արտահանման նպատակով (տրանսպորտային ծախսերի նվազման հաշվին) արտադրանքի մատակարարման շահութաբերության բարձրացման հաշվին, բյուջեի եկամուտների ավելացում և դրական ազդեցություն Հայաստանի վճարային հաշվեկշռի վրա (ՀՀ տարածքով իրականացվող արտահանման և տարանցման աճ), ինչպես նաև վերականգնվող մայրուղուն հարակից տարածքներում փոքր և միջին բիզնեսի զարգացման հաշվին։

Հայաստանում ԵԶԲ–ի ընթացիկ ներդրումային պորտֆելը կազմում է 51,5 մլն դոլար, կուտակվածը` 127,5 մլն դոլար։ Հայկական վեց բանկերին տրամադրվել են 89 մլն դոլարի նպատակային վարկային գծեր` առաջնահերթ ոլորտների նախագծերի ֆինանսավորման համար։

ԵԶԲ–ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրել են Ռուսաստանն ու Ղազախստանը 2006թ.–ի հունվարին` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

0% միջնորդավճար SWIFT փոխանցումների համար. Կոնվերս Բանկի առաջարկը բիզնեսին

Կոնվերս Բանկը ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռներեցների համար հանդես է գալիս նոր առաջարկով

Հայաստանի բանկային համակարգի շահույթը պետք է ուղղվի ներդրումներին․ ՀԲՄ նախագահ

Բանկային համակարգի կուտակված շահույթն ու միջոցները պետք է ուղղվեն ներդրումներին

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ավելացրել է շահույթը 61%–ով՝ մինչև 363 մլրդ դրամ․ ՀԲՄ

60 մլրդ դրամը բաշխվել է բաժնետերերի միջև, իսկ 300 մլրդ դրամը մնացել է բանկերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img