Հայաստանի բանկերը պետք է ավելի շատ ռեսուրսներ ներգրավեն արտաքին աղբյուրներից. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի. /ԱՌԿԱ/. Դեպոզիտների բարձր տոկոսադրույքների պայմաններում հայկական բանկերը պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ ներգրավեն արտաքին աղբյուրներից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը։

«Այսօր դոպիզտների տոկոսադրույքները շատ բարձր են` միջինը 16 տոկոս, և նման պայմաններում մեր բանկերը պետք է ավելի շատ դիմեն այն կազմակերպություններին, որոնք կարող են դրսից ռեսուրսներ տրամադրել», – ասաց նա։

ՀԲՄ–ի նախագահի խոսքով` եվրոպական դոնորական կազմակերպությունների մոտ կուտակվել է միջոցների զգալի ծավալ, որոնցից կարող են օգտվել հայկական բանկերը` որպես ֆոնդավորման աղբյուրներ։

Ինչպես նշեց Ճզմաչյանը, այսօր բանկերի հիմնական խնդիրն է կատարել ԿԲ–ի պահանջները, որոնք վերաբերում են ընդհանուր կապիտալի նվազագույն նորմատիվի ավելացմանը։ «Գրեթե բոլոր բանկերը առաջ են ընթանում կապիտալի ավելացման ճանապարհով», – նշեց Ճզմաչյանը։

Ըստ ՀՀ ԿԲ–ի որոշման` 2017 թ.–ի հունվարի 1–ից պետք է բարձրացվի առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագուն չափը` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն հասնելով 30 մլրդ դրամի։ Ըստ ԿԲ–ի` այս միջոցառումը կհանգեցնի բանկերի խոշորացման, կբարձրացնի տրամադրվող ծառայությունների որակը, կնպաստի առողջ մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Այսօր երկրում գործող 21 բանկերից միայն 5 բանկի կապիտալն է համապատասխանում և անգամ գերազանցում կարգավորիչի պահանջները։ Մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ ԿԲ–ի ընդունած որոշման արդյունքում 2017 թ.–ի հունվարի 1–ից բանկերի թիվը կարող է կրճատվել` հասնելով 14–15–ի։

«Բնականաբար, կապիտալի համալրումը կբարելավի բանկային համակարգի լիկվիդայնության հետ կապված վիճակը, որը վերջին շրջանում զգալիորեն նվազել է», – նշեց Ճզմաչյանը։

Հայաստանի բանկային համակարգի լիկվիդայնությունը 2015 թ.–ի ապրիլին, ըստ ԿԲ տվյալների, կազմել է 24,6 տոկոս (15 տոկոսանոց նորմատիվի դեպքում)` տարեսկզբի համեմատ նվազելով 0,5 տ.կ.–ով։ Միաժամանակ վերջին հինգ տարում բանկային լիկվիդայնությունը կրճատվել է մոտ 9 տ.կ.–ով։

ՀԲՄ–ի նախագահի կարծիքով` բանկերի հիմնական խնդիրն այն է, որ փոխառուները չեն կատարում իրենց պարտավորությունները, մասնավորապես, Ճզմաչյանի խոսքով, ռիսկային գոտում են գտնվում առավելապես ՓՄՁ–ները։

ԿԲ–ի տվյալներով` բանկային համակարգի չաշխատող վարկերն ապրիլին ավելացել են 0,8 տ.կ.–ով և կազմել 9,1 տոկոս (ավելի վաղ այդ ցուցանիշը կազմում էր 5–6 տոկոս)։

«Իհարկե, երկրի ընդհանուր տնտեսական վիճակն ազդում է փոխառուների վճարունակության և Հայաստանի բանկային համակարգի վրա։ Այդ պատճառով պետք չէ մեղավորներ փնտրել բանկային ցուցանիշների նվազման հարցում, հարկավոր է հարցերը լուծել համակարգային կերպով», – ավելացրեց նա։

ԿԲ–ի 2015 թ.–ի հունիսի 1–ի տվյալներով` երկրում գործող 21 բանկերի համախառն ակտիվները կազմել են 3 304,7 մլրդ դրամ (3,1 տոկոսի անկում), պարտավորությունները` 2 835 մլրդ դրամ (4 տոկոսի անկում), կապիտալը` 469,6 մլրդ դրամ (0,1 տոկոսի աճ ) ($1-473.18 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «Բանկերը և բիզնեսը՝ Գյումրիում» էքսպոյում Յունիբանկը փոքր և միջին ձեռնարկություններին ներկայացրեց ֆինանսավորման և քարտային վճարումների ընդունման իր առաջարկները։

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 9 ամսում աճել է 4,35%-ով՝ հասնելով 474,09 մլրդ դրամի

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն կապիտալը 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 474,09 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,49%-ով, իսկ տարեսկզբից՝ 4,35%-ով

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Ակբա բանկը գործարկել է acbaSplit ծառայությունը, որը թույլ է տալիս կատարել մինչև 5 միլիոն ՀՀ դրամի գնումներ, իսկ վճարումն իրականացնել մասերով։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img