Ucom-ը պարտատոմսեր է թողարկել` դառնալով առաջինը Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. Ucom–ը դոլարային և դրամային պարտատոմսեր է թողարկել`  դառնալով առաջինը Հայաստանի հեռահաղորդակցական շուկայում։

Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ըստ նրա, պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար՝ 7,5% տարեկան եկամտաբերությամբ և 250 մլն ՀՀ դրամ՝ 11% տարեկան եկամտաբերությամբ։ 36 ամիս մարման ժամկետով անվանական արժեկտրոնային պարտատոմսերը տեղաբաշխվելու են «Արմենբրոկ» բաց բաժնետիրական ընկերության միջոցով 2019 թ․ մայիսի 16-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։ Մեկ պարտատոմսի անվանական արժեքն է 100 ԱՄՆ դոլար և 100 000 ՀՀ դրամ։ Ucom–ի պարտատոմսեր կարող են ձեռք բերել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Պարտատոմսերի վճարման հաճախականությունը լինելու է եռամսյակային։

«Միջոցները հիմնականում կուղղվեն կապիտալ ներդրումներին և մասամբ վերաֆինանսավորմանը: Դա փոխշահավետ է. մեզ համար դա շահավետ է`բանկի կողմից ներգրավվող միջոցների համեմատ, իսկ հաճախորդների համար շահավետ է, քանի որ տոկոսադրույքներն ավելի բարձր են, քան բանկային ավանդները: Բացի այդ, դա նոր մշակույթի ներդրում է, մենք թույլ ենք տալիս բաժանորդներին ներդրումների շնորհիվ ստանալ եկամուտ, որը հենց նրանք էլ ձևավորում են` ձեռք բերելով ծառայություններ մեզ մոտ: Փաստորեն, բաժանորդները կկարողանան վերադարձնել Ucom ծառայությունների համար վճարած միջոցները և ստանալ դրանք «անվճար», – ասաց Եսայանը:

Ըստ նրա, Ucom-ի համար դա հնարավորություն է հաստատել փոխշահավետ համագործակցություն ընկերության նկատմամբ բաժանորդների վստահության հաշվին:

Նա նշեց, որ պարտատոմսերի ձեռք բերելու միջոցով ընկերությանը վստահված միջոցները կուղղվեն կապիտալ ներդրումներին։

Ընկերության ղեկավարը նշեց, որ Ucom շատ դինամիկ կերպով զարգանում է` գործելով հեռահաղորդակցության ոլորտի բոլոր հատվածներում և ապահովելով տարեկան ավելի քան 10 մլրդ դրամ ցանցի արդիականացման գործում:

«Նման ներդրումների համար շատ կարևոր է պարտատոմսերի թողարկումը: Մենք չենք սահմանափակվի այս թողարկմամբ, վստահ եմ, որ նրանք հետաքրքրություն կառաջացնեն շուկայում: Կփորձենք ակտիվացնել շուկան և չենք բացառում հետագա թողարկումների հնարավորությունը», – ասաց Եսայանը:

Միաժամանակ նա նշեց, որ ընկերությունը գործում է թափանցիկ, քանի որ անցնում է աուդիտ միջազգային կազմակերպությունների կողմից, և բոլոր տվյալները հրապարակայնորեն ներկայացված են կայքում, ինչպես նաև Ucom-ի բաժնետերերի ցանկը:

«Արմենբրոկ» ԲԲԸ–ի գլխավոր տնօրեն Արամ Կայֆաջյանն իր հերթին նշեց, որ այս թողարկումը տարբերվում է նրանով, որ այն հեռահաղորդակցական ոլորտի ընկերության կողմից իրականացվող առաջին տեղաբաշխումն է, որը փաստորեն առաջին ոչ ֆինանսական ընկերությունն է, որը դուրս է եկել պարտատոմսերի շուկա (բանկ կամ վարկային կազմակերպություն չէ):

«Մենք նոր ենք բացել պարտատոմսերի վաճառքը, սակայն արդեն կա հետաքրքրվածություն, առաջին գնորդները և հայտերը: Պարտատոմսերը նաև կանցնեն ցուցակում Հայաստանի ֆոնդային բորսայում և հասանելի կլինեն երկրորդական շուկայում, ինչի շնորհիվ ներդրողները կկարողանան վաճառել դրանք ցանկացած պահի` չսպասելով մարման ժամկետի լրանալուն», – ասաց Կայֆաջյանը:

Ըստ նրա, պարտատոմսերի ձեռքբերումը կպահանջի 15-20 րոպե, անհրաժեշտ կլինի միայն ապահովել ներկայությունը և ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: Ընդ որում, պարտատոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես «Արմենբրոկ» ԲԲԸ-ոմ, այնպես էլ Ucom–ի սպասարկման գլխավոր գրասենյակում:

Որպես ուշագրավ փաստ նա նշեց, որ Ucom-ի որոշմամբ, հաշվի առնելով պարտատոմսերի պիլոտային թողարկումը, դրանց եկամտաբերություն կլինի ավելի բարձր, քան շուկայում:

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր (ՎԻԴԵՈ)

«Բարի գործերի քաղաք» խորագրով էր Իդրամ ընկերությունն այս տարի կազմակերպել իր ամենամյա թիմային միջոցառումը, որն առանձնանում էր իր յուրահատուկ նպատակով։

ԿԲ–ն և ԱՄՀ–ն քննարկել են մակրոտնտեսական իրավիճակն ու ֆինանսական համակարգում իրականացվող բարեփոխումները

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Հայկական դրամի նկատմամբ եվրոյի, ռուբլու և դոլարի փոխարժեքները նվազել են. ՀՀ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․  2026 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ...

Յունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»

Յունիբանկը Picsart Academy-ի հետ համատեղ երեխաների համար կազմակերպել էր «Գիտելիքի օր»՝ կրթական և ժամանցային միջոցառում, որտեղ տեխնոլոգիաները միավորվեցին ստեղծագործ մտքի ու երևակայության հետ։

«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համար

 Կոնվերս Բանկը գործարկել է «Shirak Restart» արշավը Շիրակի մարզում գործող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։ Մինչև տարեվերջ գործող առաջարկը համադրում է ֆինանսավորման մրցունակ պայմաններն ու բիզնեսի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ բանկային ծառայությունների փաթեթը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img