Երևանի 26-ամյա բնակչուհին կասկածվում է ուրիշի անունով վարկ ստանալու և խաբեությամբ գրեթե 15 հազար դոլար ստալու մեջ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 26-ամյա բնակչուհուն:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, 2019թ. ապրիլի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը, օգտագործելով իր անձնական տվյալները, օնլայն եղանակով, իր անվամբ «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության հետ կնքել է վարկային պայմանագիր և ստացել 1.000.000 դրամ՝ պատճառվելով խոշոր չափերի գույքային վնաս:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հաղորդում ներկայացրած անձը 2019 թ.-ի ապրիլի 20-ին ծանուցում է ստացել, որ իր տվյալներով ձևակերպված վարկային պայմանագրով նախատեսված պարտավորությունները չի կատարել:

Դեպքի առթիվ  ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով) հատկանիշներով, որով  նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

«Կատարված անհետաձգելի և մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակչուհի է՝ ծնված 1992 թվականին», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Նախաքննությամբ  պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը 2018 թվականի դեկտեմբեր ամսին, ուրիշի տվյալներով գրանցվելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, ծանոթացել է Երևան քաղաքի՝ 1994թ. ծնված բնակչի հետ, շփվել հաղորդագրությունների և հեռախոսազանգերի միջոցով: Այնուհետև, 2019 թվականի մարտի սկզբին մուտք է գործել «Էվոկաբանկ» ՓԲ ընկերության կայք և օնլայն եղանակով օգտագործելով նշված քաղաքացու մոր նույնականացման քարտի տվյալները, որոնք ուղարկել էր Երևանի՝ 1994թ. ծնված բնակիչը,  ստացել է վերջինիս մոր տվյալներով գրանցված բանկային քարտը: Նույն օրը, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու նպատակով,  օնլայն եղանակով ստացել է 1.000.000 ՀՀ դրամ վարկ, որից 950.000 ՀՀ դրամը փոխանցել է վերը նշված բանկային քարտին, ապա, Երևան քաղաքում գտնվող բանկոմատի միջոցով կանխիկացրել հափշտակված գումարը՝ պատճառելով խոշոր չափերի՝ 1.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

«Քննությամբ պարզվել է նաև, որ վերջինս  նույն եղանակով հափշտակել է ևս 8 այլ անձանց անվամբ ստացված վարկերի արդյունքում գոյացած գումարները՝ ընդհանուր 7.395.733 ՀՀ դրամի չափով», – նշվում է հաղորդագրությունում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևան քաղաքի 1992թ. ծնված բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, որը կատարվել է խոշոր չափերով), նրա նկատմամբ  որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի գործողություններից  տուժած հնարավոր այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img