ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ  կենտրոնական բանկը դեկտեմբերի 21-ից շրջանառության մեջ է դրել «Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար» արծաթե հուշադրամը, հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համայն հայության հոգևոր կենտրոնն է և Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրը:

Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը քրիստոնեական աշխարհի առաջին պաշտոնական Տաճարն է, որը կառուցվել է 301-303 թթ.՝ Սբ Տրդատ Գ. Մեծ հայոց արքայի և Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նախաձեռնությամբ և ջանքերով: Տաճարը կառուցվել է Սբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով, համաձայն որի՝ Աստծո Միածին որդին՝ Հիսուս Քրիստոսը, իջնելով Արարատյան դաշտ՝ քաղաքամայր Վաղարշապատ, պատվիրել է, որ հենց այդ տեղում լինի Աստծո տաճարը՝ «բոլոր հավատացյալների աղոթքի ու խնդրանքների տունը և քահանայապետության Աթոռը»:

Ի սկզբանե Մայր Տաճարը կառուցվել է խաչաձև հիմքով և կենտրոնական գմբեթով, որով էլ Սուրբ Էջմիածինը համաշխարհային եկեղեցական ճարտարապետության մեջ հանդիսանում է առաջին խաչահիմն գմբեթավոր տիպի տաճարը: XVII դարում Մայր Տաճարի արևմտյան մուտքին կցակառուցվել է եռահարկ զանգակատուն, ինչպես նաև փոքրիկ զանգակատներ՝ հյուսիսային, արևելյան և հարավային աբսիդների վրա: 1869 թ. Տաճարի արևելյան պատի ողջ երկայնքով կցակառուցվել է երեք սրահ՝ որպես ավանդատուն-թանգարան: XVII-XVIII դդ. Մայր Տաճարի ներսը զարդարվել է որմնանկարներով, որոնք վրձնել է հայ նշանավոր նկարչական՝ Հովնաթանյան ընտանիքը:

Դարերի ընթացքում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը վերանորոգվել է հովանավորությամբ հայ իշխանների, ազգային բարեգործների (Ալ. Մանթաշյան, Գյուլբենկյան հիմնադրամ, Լուիզ Մանուկյան Սիմոն և Մանուկյան ընտանիք), համայն հայության սրտաբուխ նվիրատվություններով և Հայոց պետության գործակցությամբ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ 2012 թ. սկսվել է Մայր Տաճարի համակողմանի հիմնարար նորոգությունը, որն իր ավարտին կհասնի 2021 թ.: 

Մայր Տաճարը 2000 թ. ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում:

Հուշադրամի անվանական արժեքը 30100 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 9990,  քաշը՝ 1000,0 գ, տրամագիծը՝ 100,0 մմ, որակը՝ պրուֆ , դրամաշուրթը՝ ընդհատվող ատամնավոր, համարակալված, տպաքանակը՝ 301 հատ, թողարկման տարեթիվը՝ 2020:

Նախագծի հեղինակ` «CIT Coin Invest AG» ընկերություն, Լիխտենշտեյն: Հուշադրամը հատվել է «Մայեր» դրամահատարանում, Գերմանիա:

Դիմերեսին`Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարն է պատկերված, իսկ դարձերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի խորանը՝ գմբեթի ներսի հատվածի ֆոնին։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների ակտիվները գերազանցել են 915,92 մլրդ դրամը՝ տարեսկզբից աճելով 6,36%-ով

Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ակտիվները 2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 915,92 մլրդ դրամ՝ III եռամսյակում աճելով 1,19%-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 6,36%-ով

Armbanks Weekly Digest․ Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (նոյեմբերի 2–8)

Հայաստանի ֆինանսական օրակարգն անցած շաբաթ կենտրոնացած էր դրամավարկային քաղաքականության խստացման, բանկային իրացվելիության կարգավորման և պետական պարտքի պարամետրերի քննարկման վրա

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Rate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ (ՎԻԴԵՈ)

Անշարժ գույքի ձեռքբերումը հաճախ ուղեկցվում է բազմաթիվ կազմակերպչական հարցերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img