ՎԶԵԲ-ը և «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ընկերությունը ստորագրել են Դերիվատիվների գլխավոր համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ  ընկերությունը միավորում են ուժերը՝ դյուրացնելու տեղական արժույթով ֆինանսավորման հասանելիությունը և ուժեղացնելու Հայաստանում տեղական կապիտալի շուկան, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

Կողմերը ստորագրել են «Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը, որը հրատարակվել է ISDA® -ի կողմից, ներառյալ 1995թ․-ի Վարկային Աջակցության Հավելվածը, որը թույլ է տալիս նրանց հետագայում իրականացնել արտարժույթի սվոփերի արտաբորսային գործարքներ:

«Սվոփերի և դերիվատիվների միջազգային ասոցիացիայի» (ISDA®) 2002թ․-ի Գլխավոր Համաձայնագիրը ծառայում է որպես կողմերի համար իրավական և վարկային պայմանները սահմանող շրջանակ, և այդ պայմանները կիրառվում են դերիվատիվների բոլոր գործարքների նկատմամբ, որոնք այդ կողմերը կկնքեն ապագայում: 1995թ.-ի Վարկային Աջակցության Հավելվածը սահմանում է այդ նույն կողմերի միջև դերիվատիվների գործարքների գրավադրման պայմանները:

Արտարժույթի սվոփերը «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ»-ին հնարավորություն կընձեռեն նվազեցնել արժութային ռիսկերը իր դրամական միջոցների հեջինգի միջոցով՝ միաժամանակ կատարելով արտարժույթով երկարաժամկետ ներդրումներ արտասահմանում, ինչպես նաև ՎԶԵԲ-ին լրացուցիչ հնարավորություն կտրամադրեն տեղական արժույթով (ՀՀ դրամով) ֆինանսավորում իրականացնել երկրի ներսում՝ իր հաճախորդների հետագա վարկավորման նպատակով։

«ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ-ն կառավարում է Հայաստանում երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ, կառավարվող ակտիվները գերազանցում են 233 միլիարդ ՀՀ դրամը (433 միլիոն եվրո): Եվրոպայի առաջատար՝ ակտիվների կառավարիչ «ԱՄՈՒՆԴԻ»-ին և Հայաստանի առաջատար բանկերից մեկին՝ ԱԿԲԱ բանկին պատկանող այս ընկերությունն ֆոնդերի կառավարման ոլորտում մեծ փորձ ունի:

Այս համաձայնագիրը ՎԶԵԲ-ի ջանքերի մի մասն է և ուղղված է տեղական արժույթով վարկավորման  ակտիվացմանն ու Հայաստանում կապիտալի շուկաների հետագա զարգացմանը։ Սվոփ գործիքը ապահովում է տեղական արժույթի իրացվելիության հաստատուն հասանելիությունը՝ միաժամանակ վերացնելով արտարժութային ռիսկերը տեղական վարկառուների համար:

Սա առաջին դեպքն է, երբ ՎԶԵԲ-ը Հայաստանում համագործակցում է ակտիվներ կառավարող ընկերության հետ, և առաջին անգամն է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանում կնքում է ISDA® Գլխավոր Համաձայնագիր: Շուկայում տեղական գործընկերների հետ աշխատելը ՎԶԵԲ-ին դնում է ուժեղ դիրքում՝ այդ աշխատանքի միջոցով լուծելու հայաստանյան գործընկերների հիմնական խնդիրները:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է և ակտիվորեն ներգրավված է տնտեսության բոլոր հատվածներում։ 1992 թվականին երկրում իր գործունեության մեկնարից ի վեր, Բանկը ավելի քան 1.7 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար՝ կայուն և մրցունակ տնտեսության զարգացման համար

Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img