ԵՊՀ 15 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ և ուսման վարձի փոխհատուցում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի./ԱՌԿԱ/. Մայիսի 19-ին Բիբլոս Բանկ Արմենիան և Երևանի պետական համալսարանը կնքեցին համագործակցության հուշագիր, որի շրջանակում Բանկը կտրամադրի կրթաթոշակներ և ուսման վարձի փոխհատուցում բուհում սովորող և բարձր առաջադիմություն ցուցաբերած 15 ուսանողի, հաղորդում է Բիբլոս բանկ Արմենիայի մամուլի ծառայությունը։

Ծրագիրը Բանկի 15-ամյակի շրջանակում իրականացվող նախագծերից մեկն է, որի կենտրոնում «բուհ-գործատու» գործընկերությունն ու ընդհանուր հետաքրքրություն ունեցող ծրագրերի շուրջ  համագործակցությունն են։

Մասնավորապես, 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, ինչպես նաև հարակից մասնագիտությունների բակալավրիատի 3-րդ և 4-րդ կուրսերում և մագիստրատուրայում սովորող 10 ուսանող կստանա Բիբլոս Բանկ Արմենիայի անվանական կրթաթոշակ՝ 1 միլիոն դրամի չափով, ևս 5 ուսանող՝ ուսման վարձի փոխհատուցում։ Կկազմակերպվի նաև ուսանողներից 5-ի մասնագիտական պրակտիկան Բիբլոս Բանկ Արմենիայում՝ հետագայում Բանկում աշխատանքի անցնելու հնարավորությամբ։ Հաջորդող տարիների ընթացքում ևս կրթաթոշակներ կտրամադրվեն ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի առնվազն 5 ուսանողի։

Հուշագիրը ստորագրեցին Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը։ Գործակցության նպատակն է աջակցել, խթանել և իրականացնել ծրագրեր՝ միտված ուսանողների մասնագիտական գիտելիքների և գործնական կարողությունների զարգացմանը, ինչպես նաև աշխատաշուկայում նրանց մրցունակության խթանմանը։

Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանի խոսքով, Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում կրթության զարգացմանը և իր 15-ամյակին նվիրված նախագծերի շրջանակում չէր կարող չանդրադառնալ այս ոլորտին ևս։

«ԵՊՀ-ի հետ այս համագործակցության նպատակն է երիտասարդներին տրամադրել անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ՝ ֆինանսաբանկային համակարգում իրենց կարիերան կառուցելու համար: Մենք լավ արդյունքներ ենք ակնկալում այս նախագծից և հույս ունենք ապագայում ԵՊՀ շրջանավարտներին տեսնել մեր օրեցօր աճող ու մեծացող թիմում»,- նշեց Հայկ Ստեփանյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով երկկողմ համագործացությունն ու դրա ընձեռած հնարավորությունները, փաստեց, որ բուհ-աշխատաշուկա արդյունավետ կապը կրթության զարգացման երաշխիքներից է․ «Այս համագործակցությունը մեր պատկերացրած հաղորդակցության լավագույն դրսևորումներից է, երբ գործարար աշխարհի ներկայացուցիչները ներգրավվում են կրթական գործընթացում և նպաստում որակյալ, արհեստավարժ ու աշխատաշուկայի ներկայիս պահանջներին համապատասխան կադրերի պատրաստմանը։ Հատկանշական է, որ մեր գործընկերների կողմից տրամադրվելու են կրթաթոշակներ, որոնք ոչ միայն սոցիալական աջակցություն են լինելու մեր ուսանողների համար, այլև խրախուսելու են նրանց էլ ավելի լավ սովորել և հաջողությունների հասնել»։

Հուշագրի կնքման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ ուսանողների, Բանկի ու ԵՊՀ ղեկավար կազմերի, ինչպես նաև հյուրերի մասնակցությամբ, որից հետո ուսանողները տեղում ստացան իրենց հուզող հարցերի պատասխաններն ու շփվեցին Բանկի աշխատակիցների և տնօրինության ներկայացուցիչների հետ։

Կողմերը պայմանավորվեցին համատեղ նախագծերի կազմակերպման, համալսարանական միջոցառումներին Բանկի մասնակցության, ինչպես նաև Բանկի գործունեության տարբեր ոլորտներում իրականացվող ուսումնասիրություններում ու այլ աշխատանքներում Ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներգրավման, համատեղ գիտահետազոտական նախագծերի ու ֆինանսաբանկային ոլորտին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ հետազոտությունների իրականացման շուրջ։

Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ն այս տարի նշում է իր հիմնադրման 15-ամյակը, ինչի կապակցությամբ ամբողջ տարվա ընթացքում հանդես կգա մի շարք առաջարկներով և նախաձեռնություններով։ Բանկը հիմնադրվել և բացել է իր առաջին մասնաճյուղի դռները 2007 թվականին։ Այսօր Երևան քաղաքում գործում է Բանկի չորս մասնաճյուղ, որտեղ հաճախորդներն օգտվում են տարատեսակ բանկային ծառայություններից և ստանում ֆինանսական խորհրդատվություն։ Բանկն իր հաճախորդներին տրամադրում է միջազգային ստանդարտներին համապատասխան կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 2027թ․–ին կարող է 0,7 տոկոսային կետով գերազանցել 2026թ․–ի սպասվող ցուցանիշը․ Գալստյան

Խորհրդարանում ներկայացնելով 2027 թվականի պետբյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը՝ Գալստյանը նշել է, որ, չնայած աճին, ցուցանիշը կմնա 50%-ից ցածր

IDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համար (ՖՈՏՈ)

IDBank-ն ու Իդրամը շարունակում են ֆինանսական գրագիտության դասընթացների շարքը։ Այս անգամ դասընթացին մասնակցել են Մալաթիա-Սեբաստիայի մանկապատանեկան մարզադպրոցի շախմատի սաները

COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը

COP17-ի շրջանակում Ակբա բանկը հայաստանյան և միջազգային հյուրերին ներկայացրել է իր Կայուն զարգացման հաշվետվությունը՝ ընդգծելով բանկի գործունեության առաջնահերթություններն ու կայուն զարգացմանն ուղղված քայլերը

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img