ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել ոսկե հուշադրամներ Սերգեյ Փարաջանովի և Պարույր Սևակի հոբելյանների կապակցությամբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի մարտի 25-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառ​ության մեջ է դնում «Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակ» և «Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամները, հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը։

Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ (Սարգիս Փարաջանյանց, 1924–1990 թթ.)՝ հայ անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, կոլաժի վարպետ, ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ (1990 թ.): Ծնվել է Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: 1945 թ. ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: 1952 թ-ից աշխատել է Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում, որտեղ նկարահանել է իրեն համաշխարհային ճանաչում բերած «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը (1964 թ.):

1969 թ. Հայֆիլմ կինոստուդիայում Փարաջանովը նկարահանում է «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») ֆիլմը, որը համարվում է կինոարվեստի գլուխգործոց։ Ֆիլմում նա իրագործում է նորարարական սեփական գաղափարները՝ բացահայտելով անտեսանելին ու ոգեղենը իր իսկ  ստեղծած առարկաների, սիմվոլների և ծեսերի միջոցով: Ժամանակի իշխանությունները չեն ընդունում ռեժիսորի այս և այլ ֆիլմերում դրսևորվող մոտեցումները, արգելում են  նկարահանումները և  ազատազրկում  նրան։ Սակայն Փարաջանովը չի դադարում գործել և իր ողջ ստեղծագործական ավյունն ուղղում է գծանկարների, կոլաժների, տիկնիկների, գլխարկների և արվեստի այլ գործերի ստեղծմանը։

Ֆիլմեր նկարահանելու հնարավորություն կրկին ստանալուց հետո ստեղծում է «Լեգենդ Սուրամի ամրոցի մասին» (1984 թ.) համաշխարհային ճանաչում ստացած ֆիլմը և 1987 թ. առաջին անգամ հրավիրվում է արտասահման` մասնակցելու Ռոտերդամի (Նիդեռլանդներ) կինոփառատոնին, որտեղ ֆիլմը ստանում է առաջին մրցանակը «Ամենանորարարական ֆիլմ» անվանակարգում։ Փարաջանովյան արվեստը այսօր էլ չի դադարում ոգևորել աշխարհի բազմաթիվ արվեստագետների և կինոգործիչների: Երևանում գործում է Սերգեյ Փարաջանովի թանգարանը (1991 թ-ից), որտեղ պահվում են նրա հազարից ավելի աշխատանքները:

Դիմերես՝ դրվագ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, Փարաջանովի արձանը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում (քանդակագործ՝ Ա. Շիրազ, 1999 թ.):

Դարձերես՝ Սերգեյ Փարաջանովի դիմապատկերը, դրվագներ նրա «Խեցիով վարիացիա Պինտուրիկիոյի և Ռաֆայելի թեմաներով»․ 2-րդ տարբերակ` նվիրված է Վ. Ա. Կատանյանին (1989 թ.), «Լացող Ջոկոնդան» (1977 թ.), «Դանիել Օլբրիխսկու դիմանկարը» (1980 թ.) կոլաժներից:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը        10 000 դրամ

Մետաղը/հարգը     ոսկի 9000

Քաշը  8,6 գ

Տրամագիծը  22,0 մմ

Որակը           պրուֆ

Դրամաշուրթը         ատամնավոր

 Թողարկման քանակը      300 հատ

Թողարկման տարեթիվը   2024

Պարույր Սևակի ծննդյան 100-ամյակին նվիրված հուշադրամ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ (Ղազարյան, 1924–1971 թթ.)՝ հայ ականավոր բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, հասարակական գործիչ: 1945 թ. ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, այնուհետև՝ ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան  գրականության ինստիտուտի ասպիրանտուրան (1948 թ.), 1963–1971 թթ. եղել է ինստիտուտի գիտաշխատող։ 1951–1956 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում, որտեղ էլ 1957–1959 թթ. դասախոսել է գեղարվեստական թարգմանության ամբիոնում:

1966–1971 թթ. եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը: «Սայաթ-Նովա» մենագրության համար գրողին շնորհվել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1969 թ.): Սևակի բանաստեղծությունները տպագրվել են 1942 թ-ից։ «Անմահները հրամայում են» (1948 թ.)՝  նրա հեղինակած անդրանիկ գրքույկն է: Հետագայում գրված գործերից առանձնանում է «Նորից քեզ հետ» (1957 թ.) ժողովածուն, որում ի հայտ են գալիս բանաստեղծի ստեղծագործական նոր որակներ։

«Անլռելի զանգակատուն» քնարական-փիլիսոփայական պոեմը (1967 թ. արժանացել է Հայկական ԽՍՀ պետական մրցանակի) պատկերում է Կոմիտասի ճակատագիրը՝ մեկտեղված հայ ժողովրդի ճակատագրի հետ: Ժամանակակից մարդու բնույթն ու նրա ապրումները վերհանող խոհափիլիսոփայական ստեղծագործություններն ամփոփված են «Մարդը ափի մեջ» (1963 թ.) և «Եղիցի լույս» (1971 թ.) ժողովածուներում: Սևակը կատարել է թարգմանություններ Ա. Միցկևիչի, Ա. Պուշկինի, Խ. Բոտևի, Մ. Լերմոնտովի, Յա. Կուպալայի, Յա. Ռայնիսի, Վ. Բրյուսովի, Ի. Աբաշիձեի, Է. Մեժելայտիսի  և այլոց գործերից: Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա անունով անվանակոչվել են փողոցներ և դպրոցներ ՀՀ տարբեր բնակավայրերում, թաղամաս և փողոց՝ Երևանում, գյուղ՝ Արարատի մարզում:

Բանաստեղծի ծննդավայր Զանգակատուն գյուղում 1981 թ-ից գործում է նրա տուն-թանգարանը:

Դիմերես՝ եկեղեցու զանգակատան պատկեր, «Մարդը ափի մեջ» գրքի շապիկը (նկարազարդող՝ Խ. Գյուլամիրյան, 1963 թ.): Դարձերես՝ Պարույր Սևակի դիմապատկերը, ստորագրությունը, փետրագրիչ՝ Սևակի «Հայաստան» (1950 թ.) բանաստեղծության ֆոնին:

Էսքիզների հեղինակ՝ Էդուարդ Կուրղինյան: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը       10 000 դրամ

Մետաղը/հարգը     ոսկի 9000

 Քաշը 8,6 գ

Տրամագիծը  22,0 մմ

Որակը           պրուֆ

Դրամաշուրթը         ատամնավոր

Թողարկման քանակը       300 հատ

Թողարկման տարեթիվը   2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա:

Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին: Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

IDBank-ը և Idram-ը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել Լոռու մարզի երեխաների համար (ՎԻԴԵՈ)

IDBank-ի և Իդրամի կողմից Լոռու մարզի Վահագնի և հարակից գյուղերում բնակվող երեխաների համար անցկացվել է ֆինանսական գրագիտության դասընթաց

Ապրիլի 15-ից մի շարք թղթադրամներ դուրս կգան շրջանառությունից․ԿԲ

Կենտրոնական բանկից հիշեցնում են, որ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի հետևյալ թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից

ՀՀ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում ներառվել են տաքսու վարորդներն ու մարտական գործողությունների մասնակիցները

ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը

Մինչև 25% idcoin IDBank-իպրեմիումքարտերովավիատոմսերգնելիս

IDBank-ը մեկնարկում է «All Airlines» արշավը, որի շրջանակում 2026 թվականի ապրիլի 8-ից մինչև հունիսի 30-ը ներառյալ Visa Platinum, Travel, Visa Signature, Visa Infinite և Visa Infinite Special Edition քարտապանները ավիատոմս գնելու դեպքում կարող են ստանալ մինչև 25% idcoin

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img