ՀՀ–ում շրջանառության մեջ է դրվել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի․/ԱՌԿԱ/․ 2024 թվականի մայիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը, հաղորդում է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ (1924–2018 թթ.)՝ ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, կինոդերասան, գրող և հասարակական գործիչ:

Ծնվել է Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ գաղթականների ընտանիքում:

Մանկուց մեծ հետաքրքրություն է ունեցել արվեստի հանդեպ: Պրոֆեսիոնալ ստեղծագործական ուղին սկսել է 1940-ական թվականներին: Համընդհանուր ճանաչման է արժանացել 1956 թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո:

Երաժշտական կարիերայի ընթացքում հեղինակել և համահեղինակել է ավելի քան 1000 ստեղծագործություն՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Նա», «Երկու կիթառ», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն, ձայնագրել է մոտ 1400 երգ տարբեր լեզուներով: Հայաստանին նվիրված երգերի շարքում են «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան», «Քնքուշ Հայաստան» երգերը:

Ազնավուրը նկարահանվել է 90-ից ավելի ֆիլմերում, հեղինակ է մի շարք գրքերի:

1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» ասոցիացիան, 2016 թ. որդու՝ Նիկոլա Ազնավուրի հետ ստեղծել է «Ազնավուր» հիմնադրամը՝ կրթական, սոցիալական, մշակութային ծրագրեր իրականացնելու նպատակով։

Արժանացել է բազմաթիվ պետական բարձրագույն պարգևների և կոչումների, որոնց շարքում են Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանը (ասպետի, սպայի և կոմանդորի աստիճաններ), Հայաստանի ազգային հերոսի կոչումն ու Հայրենիքի շքանշանը: 2009 թ-ից եղել է Շվեյցարիայում ՀՀ դեսպանը և Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Ազնավուրի ստեղծագործությունը բանաստեղծության, երաժշտության և դերասանական արվեստի ինքնատիպ միահյուսում է: Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ 200 միլիոն ձայնասկավառակ։

Ազնավուրի անունով է կոչվում Երևանի հրապարակներից մեկը, Գյումրիում կանգնեցված է նրա հուշարձանը:

Հուշադրամի դիմերես՝ Շառլ Ազնավուրի հուշարձանը Գյումրիում (քանդակագործ՝ Ս. Պետրոսյան, ճարտարապետ՝ Ա. Թարխանյան, 2002 թ.):          

Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը, 100 թիվը՝ ոճավորված նոտաների տեսքով, դաշնամուրային ստեղներ և միկրոֆոն:

Էսքիզների հեղինակներ՝ Վարդան Վարդանյան (դիմերես), Կարեն Մելիքյան (դարձերես):

Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Տեխնիկական չափանիշները

 Անվանական արժեքը                    10 000 դրամ

Մետաղը/հարգը                             ոսկի 999

Քաշը                                                 8,6 գ

Տրամագիծը                                     22,0 մմ

Որակը                                                          պրուֆ

Դրամաշուրթը                                ատամնավոր

Թողարկման քանակը                   500 հատ

Թողարկման տարեթիվը               2024

Ծանուցում

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում:

Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ապրիլի 1-ից կբարձրանան ԱՊՊԱ–ի գծով հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանան հատուցումների առավելագույն սահմանաչափերը

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

Վայոց ձորի խոհանոցն ու մշակույթը մեկ վայրում. «Ընկուզենու տակ» (ՎԻԴԵՈ)

Եղեգնաձորում գտնվող «Ընկուզենու տակ» անվամբ իր հյուրատանը Լիլիթն արդեն ութ տարի է, ինչ ընդունում է հարյուրավոր հյուրերի՝ ներկայացնելով Վայոց ձորի ավանդական ուտեստները

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Տոկենացումը կարող է փոխել ներդրումներ կատարելու փիլիսոփայությունը Հայաստանում․ փորձագետ

Տոկենացումը լուրջ մեխանիզմ է, որը կարող է փոխել Հայաստանում ներդրումների փիլիսոփայությունը, նշել է «BlackRiver Capital» (Դուբայ) ներդրումային և հոլդինգային ընկերության գլխավոր տնօրեն, բաժնետեր Ֆելիքս Վարտանովը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img