ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի ․/ԱՌԿԱ/․ ՀՀ Ազգային ժողովը երեքշաբթի օրը կայացած արտահերթ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքներում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: «Կողմ» է քվեարկել 69 պատգամավոր, «դեմ»՝ 0, «ձեռնպահ»՝ 4։
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ավելի վաղ հայտարարել էր, որ փոփոխություններով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից ծրագրում ներառել առցանց հարթակների միջոցով ուղևորափոխադրումներ իրականացնող տաքսու վարորդներին, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած զինծառայողներին։
Նրա խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են գործող օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև ուղղված են շահառուների իրավունքների պատշաճ ապահովմանը և ապահովագրական վճարների վճարման, ծառայությունների մատուցման ու վարչական պատասխանատվության հետ կապված իրավական կարգավորումների հստակեցմանը։
Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի մասին
Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգը Հայաստանում ներդրվել է 2026 թվականի հունվարի 1-ից։ Եռամյա բարեփոխումների առաջին փուլում (2026–2028 թթ.) համակարգում կընդգրկվի Հայաստանի 1,7 մլն քաղաքացի։
2026 թվականից համակարգում ներառված են երկու խմբեր։ Առաջին խմբում ընդգրկվել են 200 հազարից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները, երկրորդում՝ մինչև 18 տարեկան անչափահասները, հաշմանդամություն ունեցող (I, II և III խմբի) 18–65 տարեկան անձինք, 65 և բարձր տարիքի քաղաքացիները, ինչպես նաև 28 և ավելի բալ ունեցող սոցիալապես անապահով ընտանիքները։ Երկրորդ խմբի համար ծախսերի 100%-ը հոգում է պետությունը։
Երկրորդ փուլում՝ սկսած 2027 թվականից, համակարգում կներառվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2028 թվականից՝ մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում զբաղվածներն ու նրանց ընտանիքի անդամները։
Բժշկական ապահովագրության փաթեթի հաշվարկային արժեքը կազմում է տարեկան 129,6 հազար դրամ՝ ամսական վճարման հնարավորությամբ։ Ապահովագրական փաթեթում ներառված են առավել պահանջված բժշկական ծառայությունները, այդ թվում՝ ամբուլատոր սպասարկումը, ընտանեկան բժշկի այցերը, նեղ մասնագետների խորհրդատվությունները, ինչպես նաև լաբորատոր հետազոտությունները (տարեկան սահմանված ծավալով)։ Ծառայությունների ցանկը փուլ առ փուլ կընդլայնվի և կհստակեցվի՝ ներառելով առանձին վիրահատական միջամտություններ, մասնավորապես՝ ակնաբուժական (կատարակտ), սիրտ-անոթային և այլն։
Պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման համար Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեով նախատեսված է 127 մլրդ դրամ։






