ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում հուշադրամ՝ նվիրված Ալեք Մանուկյանի 125-ամյակին

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի․/ԱՌԿԱ/․ 2026 թվականի հունիսի 16-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը, հայտում են ԿԲ մամուլի ծառայությունից։

Հուշադրամի դիմերեսին հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողն է («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր, հեղինակ՝ Ֆ. Առաքելյան) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» և «GRATITUDE» մակագրությունները, իսկ դարձերեսին՝ Ալեք Մանուկյանի դիմապատկերը և ստորագրությունը:

Էսքիզների հեղինակներն են Հարություն Սամուելյան (դիմերես), Վարդան Վարդանյան (դարձերես): Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 10 000 դրամ է: Այն պատրաստված է 900 հարգի ոսկուց, քաշը 8,6 գրամ է, իսկ տրամագիծը՝ 22,0 միլիմետր: Հուշադրամն արտադրվել է պրուֆ որակով, ունի ատամնավոր դրամաշուրթ և թողարկվել է ընդամենը 300 հատ:

Ալեք Մանուկյանի մասին

Ալեք Մանուկյան (1901–1996 թթ.)` ամերիկահայ հայտնի գործարար և մեծ բարերար: Ծնվել է Քասաբայում, Զմյուռնիայի մոտ (Իզմիր)։ Տեղի հայկական դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է տարբեր վայրերում՝ ձեռք բերելով ձեռներեցության նշանակալի փորձ։

1920 թ․ տեղափոխվել է ԱՄՆ և 1924 թ-ից հաստատվել Դետրոյթում (Միչիգան նահանգ), որտեղ աշխատել է ավտոմեքենաների պահեստամասեր արտադրող մի շարք գործարաններում։

1929 թ. հիմնել է սեփական ձեռնարկությունը՝ «Մասքո կորպորացիան», որն սկզբում զբաղվել է ավտոարդյունաբերական պահեստամասերի արտադրությամբ, ապա ձեռք է բերել միջազգային ճանաչում՝ շնորհիվ «Դելտա» միաբռնակ ծորակի և սանտեխնիկական սարքավորումների արտադրության։

1930 թ. անդամագրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (ՀԲԸՄ) և որպես նախագահ պաշտոնավարել 1953–1989 թթ.։ Նրան հետագայում փոխարինել է դուստրը՝ Լուիզ Սիմոնը:

1942 թ. իր կնոջ՝ Մարի Մանուկյանի հետ հիմնել է «Ալեք և Մարի Մանուկյան հիմնադրամը» և մեծ գումարներ նվիրաբերել հայկական ծրագրերի իրականացմանը բազմաթիվ երկրներում՝ Հայաստան, ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Հոլանդիա, Ֆրանսիա, Լիբանան, Երուսաղեմ, Իրան, Ավստրալիա։ Էական ներդրումներ ուղղվել են եկեղեցու, դպրոցների, մշակութային կենտրոնների, գրադարանների, ծերանոցների կառուցմանը և բարենորոգմանը, համալսարաններում հայագիտական ամբիոնների հիմնադրմանը, երիտասարդական կազմակերպությունների աջակցմանը:

Բարեգործական ավանդի համար արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների ու մեծարման, մի շարք համալսարանների պատվավոր դոկտորի կոչումների: 1994 թ. նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում և հանձնվել Հայրենիքի շքանշան: Հայաստանում և աշխարհի բազմաթիվ քաղաքներում նրա անունով անվանակոչվել են դպրոցներ ու փողոցներ:

Մեծ բարերարի և նրա կնոջ աճյունները հանգչում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում՝ իրենց իսկ նվիրաբերությամբ կառուցված «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատան դիմաց:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ բարձրացել է 2,33 դրամով, իսկ դոլարի և ռուբլու փոխարժեքները աննշան փոփոխություններ են գրանցել․ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված    ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 3-ի համեմատ, աճել է 0.05 կետով՝ հասնելով 360.12 դրամի։

ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

2026 թ.-ի նոյեմբերի 3-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Գրիգոր Խանջյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը, հայտնում են ԿԲ-ից։

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

Եվրոյի և դոլարի փոխարժեքները  բարձրացել են հայկական դրամի նկատմամբ, մինչդեռ ռուբլին նվազել է. ՀՀ ԿԲ

2026 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի արտարժույթի շուկայում  ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ,   2026 թվականի հոկտեմբերի 30-ի համեմատ, աճել է 0.36 կետով՝ հասնելով 360.6 դրամի։

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա․ ՀՀ ԿԲ

Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img