ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունեց Հայաստանում և միջազգային շուկայում գործունեություն ծավալող «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ի մուտքը կապիտալի շուկա։
Ընկերությունը մասնագիտացած է հանքարդյունաբերական և շինարարական տեխնիկայի ներմուծման և վաճառքի, երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման, ինչպես նաև տեխնիկայի վարձակալության ծառայությունների մատուցման ոլորտներում՝ ձգտելով շարունակաբար զարգացնել նորարարական լուծումները, ապահովել ծառայությունների բարձր որակ և ամրապնդել միջազգային շուկայում վստահելի գործընկերոջ իր համբավը։
Ներկայումս «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ն համագործակցում է նաև համաշխարհային առաջատար արտադրողների հետ՝ առաջարկելով սարքավորումների սպասարկման և տեխնիկական աջակցության որակավորված ծառայություններ։
Այսօր բորսայում տեղի ունեցավ ավանդական զանգի հնչեցման արարողությունը, որը խորհրդանշեց ընկերության մուտքը կապիտալի շուկա և զարգացման նոր փուլի մեկնարկը։
«ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ի պարտատոմսերը՝ ընդհանուր 1,100,000,000 ՀՀ դրամ անվանական ծավալով, ընդգրկվել են Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի ազատ (Cbond) շուկայում։ Առևտրին կթույլատրվեն 11,000 հատ պարտատոմս՝ 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 12․50% արժեկտրոնային եկամտաբերությամբ և 36 ամիս շրջանառության ժամկետով։ Այս պարտատոմսերով հնարավոր է լինելու նաև իրականացնել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ։

Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2026 թ.-ի օգոստոսի 17-ից 19-ը ընկած ժամանակահատվածում «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի միջոցով։
Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշել է.
«Ուրախ ենք տեսնել Հայաստանում և միջազգային շուկաներում գործունեություն ծավալող ընկերության մուտքը կապիտալի շուկա։ Ընկերությունների կողմից կապիտալի շուկայի գործիքների կիրառումը կարևոր քայլ է ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացման և երկարաժամկետ զարգացման հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ։
Վստահ ենք, որ պարտատոմսերի թողարկման միջոցով ներգրավված միջոցները կնպաստեն ընկերության ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գործունեության հետագա ընդլայնմանը և զարգացման նոր հնարավորությունների ձևավորմանը»։
««ԻԿՕ Մաշիների» ընկերության կորպորատիվ պարտատոմսերի թողարկումն ու դրանց ամբողջական տեղաբաշխումը ընդամենը 2 աշխատանքային օրվա ընթացքում վկայում են ներդրողների բարձր վստահության և ընկերության գործունեության նկատմամբ շուկայի դրական վերաբերմունքի մասին։
Հայաստանի ֆոնդային շուկայում պարտատոմսերի թողարկումը «ԻԿՕ Մաշիների» ընկերության զարգացման նոր փուլի կարևոր քայլ է՝ ամրապնդելով ընկերության դիրքերը ֆինանսական շուկայում և ապահովելով ավելի մեծ ճկունություն ու ֆինանսավորման նոր հնարավորություններ ընկերության գործառնական գործունեության համար»,- նշել է «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Մարտիրոսյանը։
«Ուրախ ենք, որ «Կուբ Ինվեսթ»-ը՝ որպես պարտատոմսերի տեղաբաշխող, իր ներդրումն է ունեցել «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ի՝ կապիտալի շուկա մուտք գործելու գործընթացում։ Կորպորատիվ պարտատոմսերը ընկերություններին հնարավորություն են տալիս դիվերսիֆիկացնել ֆինանսավորման աղբյուրները և ներգրավել միջոցներ զարգացման համար։ Մեր ներդրողների և ինստիտուցիոնալ ներդրողների հետ ձևավորված ամուր համագործակցության և փոխադարձ վստահության շնորհիվ մեզ հաջողվեց պարտատոմսերի ամբողջ ծավալը տեղաբաշխել հաշված օրերի ընթացքում։
«Կուբ Ինվեսթ»-ը շարունակելու է աջակցել ընկերություններին կապիտալի շուկայի հնարավորություններից օգտվելու և ներդրողների համար նոր հնարավորություններ ստեղծելու ճանապարհին»,– նշել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանը։
Հայաստանում «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2012 թվականից՝ նպատակ ունենալով տեղական շուկա բերել միջազգային առաջատար արտադրողների հանքարդյունաբերական և շինարարական տեխնիկան։
Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր գործունեությունը՝ դառնալով Komatsu և Dynapac ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը և Manitou ապրանքանիշի դիլերը Հայաստանում՝ առաջարկելով ոչ միայն տեխնիկայի վաճառք, այլև վարձակալության, սպասարկման, վերանորոգման և պահեստամասերի մատակարարման ծառայություններ։ Այսօր ընկերությունը շարունակում է ընդլայնել իր ծառայություններն ու տեխնիկական հնարավորությունները՝ կենտրոնանալով հաճախորդների համար տեխնիկայի արդյունավետ և անխափան շահագործումն ապահովելու վրա։
Պարտատոմսերից ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է վարկերի վերաֆինանսավորմանն ու բիզնեսի զարգացմանը՝ ընդլայնելով միջազգային ապրանքանիշերի նոր տեսականին՝ նոր սերնդի տեխնիկայի ներմուծման միջոցով։
Շարունակելով ձևավորել ժամանակակից և մրցունակ ներդրումային միջավայր՝ Հայաստանի ֆոնդային բորսան աջակցում է պատասխանատու ընկերությունների մուտքը կապիտալի շուկա՝ նպաստելով տնտեսության կայուն և երկարաժամկետ զարգացմանը։






