ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փոխվարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև ձևավորված համագործակցությունը՝ կարևորելով Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են ենթակառուցվածքների, կրթության, առողջապահության, էներգետիկայի և մասնավոր հատվածի զարգացմանը։
Ասիական զարգացման բանկը Հայաստանի միջազգային ֆինանսական գործընկերներից է, որն աջակցություն է ցուցաբերում ենթակառուցվածքային և սոցիալ-տնտեսական ծրագրերին։ Վեմփի Սապուտրան զբաղեցնում է ԱԶԲ-ի ոլորտային և թեմատիկ ուղղությունների գծով փոխնախագահի պաշտոնը 2026 թվականի սեպտեմբերի 1-ից։
Ասիական զարգացման բանկը Հայաստանի հետ համագործակցում է 2005 թ.-ից և հանդիսանում է երկրի զարգացման խոշորագույն բազմակողմ գործընկերներից մեկը։ ԱԶԲ-ի տվյալներով՝ 2025 թ.-ի վերջի դրությամբ Հայաստանում 79 պետական վարկերի, դրանց հավասարեցված դրամաշնորհների և տեխնիկական աջակցության ծրագրերի գծով բանկի պարտավորությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,1 մլրդ դոլար։ Գործող պետական վարկային պորտֆելը ներառում էր 1,03 մլրդ դոլարի ութ վարկ։ Պետական և մասնավոր հատվածներին վարկերի ու դրամաշնորհների շրջանակում փաստացի տրամադրված ֆինանսավորման համախառն ծավալը հասել է 1,74 մլրդ դոլարի։ Բանկը ֆինանսավորում է տրանսպորտի, քաղաքային ենթակառուցվածքների, էներգետիկայի, կրթության և մասնավոր հատվածի զարգացման ոլորտների ծրագրերը։
2026 թվականի մայիսի 27-ին ԱԶԲ-ն Ամերիաբանկի հետ ստորագրել է 100 մլն դոլարի վարկի տրամադրման համաձայնագիր՝ փոքր և միջին բիզնեսի ու էկոլոգիապես կայուն ծրագրերի ֆինանսավորման համար։ ԱԶԲ-ի հաղորդմամբ՝ դա այդ պահի դրությամբ Հայաստանի մասնավոր հատվածի հետ բանկի խոշորագույն գործարքն էր։






