Գալստյան. ՀՀ Կենտրոնական բանկը շարունակել է բարձրացնել տոկոսադրույքը գնաճի գերիշխող ռիսկերի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․    Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը՝ հաշվի առնելով գնաճային ռիսկերի ավելացում ենթադրող սցենարների իրականացման հավանականությունը, հայտարարել է ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

ՀՀ ԿԲ-ն նոյեմբերի 3-ին որոշում է կայացրել բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7%: Սա տոկոսադրույքի երկրորդ անընդմեջ բարձրացումն է այն բանից հետո, երբ 2026 թվականի սեպտեմբերի 15-ին ԿԲ խորհուրդը 2022 թվականի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ բարձրացրեց դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքը 0,25 տ․կ․-ով՝ հասցնելով 6,75%-ի։

«Կարծում եմ՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամների մեծամասնությունը որոշումն ընդունել է՝ կարևորելով Ա տիպի սցենարի առկայությունը»,- երեքշաբթի  կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ դրամավարկային քաղաքականության հետագա հետագծի, գերակշռող ռիսկերի և տոկոսադրույքի բարձրացման կամ իջեցման հնարավոր պայմանների մասին։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում առկա է գլոբալ չեզոք տոկոսադրույքի բարձրացման հավանականություն։ Կարգավորող մարմնի կողմից հաշվի առնվող գործոնների թվում Գալստյանը նշել է Հայաստանում ներքին ավելցուկային պահանջարկը, վերջին ամիսներին արտաքին պահանջարկի բաղադրիչի ավելացումը, ինչպես նաև առաջարկի կողմից հնարավոր գնաճային երևույթները, մասնավորապես՝ էներգակիրների գների և պարենի համաշխարհային գների աճը։

«Այս բոլոր սցենարների, այս բոլոր իրադարձությունների համախմբում Ա տիպի սցենարները, մեր գնահատականներով, ավելի հավանական են»,- նշել է նա։

ԿԲ նախագահը պարզաբանել է, որ հաշվի առնելով այդ գործոնները՝ կարգավորողի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը, որը մեկնարկել էր նախորդ նիստում։

«Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն էր՝ շարունակել տոկոսադրույքի բարձրացման քաղաքականությունը, որն ընդունել էինք նախորդ նիստում, որպեսզի վստահ լինենք, որ մեր գործողություններով անպայման գնաճը կբերենք նպատակային 3% ցուցանիշին»,- ասել է Գալստյանը։

Նա ընդգծել է, որ Կենտրոնական բանկի հետևողական գործողություններն ուղղված են նշված գործոնների չեզոքացմանը։

Գլոբալ տնտեսական ռիսկեր և գնաճային ճնշման սրում

ՀՀ ԿԲ նախագահը, ներկայացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ Խորհրդի որոշումը, նշել է, որ տարածաշրջանային հակամարտությունների տևողության և դրանց կարգավորման հեռանկարների վերաբերյալ բարձր անորոշության պայմաններում համաշխարհային տնտեսությունում պահանջարկի հետագա թուլացման և միաժամանակ գնաճային ճնշման սրման ռիսկերն աստիճանաբար դառնում են ավելի ակնառու։

ԱՄՆ-ում արհեստական բանականության ոլորտում բարձր և ընդլայնվող ներդրումային ակտիվությունը, մի կողմից, և բյուջետային-հարկային կայունության վերաբերյալ մտահոգությունները, մյուս կողմից, պարունակում են երկարաժամկետ չեզոք տոկոսադրույքների հնարավոր բարձրացման ռիսկեր՝ համապատասխան ազդեցություն ունենալով զարգացող երկրներում չեզոք տոկոսադրույքների և կապիտալի հոսքերի վրա։

Եվրոգոտում և Ռուսաստանում, չնայած վերջին քառորդներում տնտեսական աճի թույլ վերականգնմանը, պահպանվում են կառուցվածքային խնդիրները, որոնք սահմանափակում են նաև միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի հնարավորությունները։

Մերձավոր Արևելքում լարվածության պահպանման և մատակարարումների շղթաների կայունության վերաբերյալ մտահոգությունների պայմաններում էներգակիրների գները շարունակել են ձևավորվել բարձր մակարդակներում, իսկ կուտակված պաշարների աստիճանական նվազումը բարձրացրել է շուկայի խոցելիությունը առաջարկի կողմից հնարավոր նոր ցնցումների նկատմամբ։

Զուգահեռաբար, ինչպես ընթացիկ աշխարհաքաղաքական իրադարձությունների, այնպես էլ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով արձանագրվում է նաև պարենի համաշխարհային գների աճի արագացում։ Այս համատեքստում ակնառու են դառնում առաջատար երկրների կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքների հետագա բարձրացման և դրանք երկար ժամանակ բարձր մակարդակներում պահպանման ռիսկերը։

Քննարկված սցենարները

Գալստյանը նշել է, որ քննարկված ռիսկերի և առկա անորոշությունների պայմաններում Խորհուրդը  մի կողմից  քննարկել է Ա տիպի սցենարները, որոնք կապված են համաշխարհային տնտեսությունում չեզոք տոկոսադրույքների բարձրացման, ներքին տնտեսությունում ավելի բարձր պահանջարկի պայմանների ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանային հակամարտությունների ձգձգվող բնույթի պայմաններում գնաճային ճնշման շարունակական սրման ռիսկերի հետ, որոնք պահանջում են դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի ավելի բարձր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ։

Մյուս կողմից, Խորհուրդը քննարկել է Բ տիպի սցենարները, որոնք կապված են համաշխարհային տնտեսության աճի դանդաղման, ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ անորոշության պայմաններում ներդրումային և սպառողական վստահության թուլացման, ինչպես նաև Հայաստանի ռիսկի հավելավճարի հիմնարար նվազման հետ, որոնք ենթադրում են դրամավարկային քաղաքականության տոկոսադրույքի ավելի ցածր հետագիծ՝ շուկայական սպասումների համեմատ։

ՀՀ ԿԲ տոկոսադրույքի նվազեցման փուլը մեկնարկել էր 2023 թ.-ի հունիսին, երբ կարգավորող մարմինն այն 10,75%-ից իջեցրեց 10,5%-ի։ Հետագայում տոկոսադրույքն աստիճանաբար նվազեցվեց և 2025 թ.-ի դեկտեմբերին հասավ 6,5%-ի, որից հետո պահպանվում էր այդ մակարդակում մինչև 2026 թ.-ի սեպտեմբերը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ՀՀ փոխվարչապետը և ԱԶԲ փոխնախագահը քննարկել են մասնավոր կապիտալի ներգրավման և ենթակառուցվածքների զարգացման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Վեմփի Սապուտրայի գլխավորած պատվիրակության հետ  քննարկել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, պետության բնապահպանական օրակարգը, մասնավոր կապիտալի ներգրավման և պետություն-մասնավոր գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Սևակ Միքայելյանն ընտրվել է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ՀՀ Ազգային ժողովը Սևակ Միքայելյանին ընտրել է ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ։

ՊԵԿ-ը զգուշացրել է Ռուսաստանից Հայաստան և մի շարք այլ երկրներ կանխիկ ռուբլու արտահանման արգելքի մասին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցրել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան և մի շարք այլ պետություններ ռուսական կանխիկ ռուբլու արտահանման սահմանափակումների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img