Sat, 1 March
-4.9 C
Yerevan
USD: 393.35 RUB: 4.45 EUR: 409.08 GEL: 140.73 GBP: 495.31
spot_img

Հայաստանում տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն. Գրիգորյան, հայկական բանկային համակարգում նախադրյալներ կա՞ն տոկոսադրույքների նվազման համար:

Մ. ԳրիգորյանԸնդհանուր առմամբ` այո: Եվ դա ակնհայտ է, եթե քննարկենք վարկերի գնագոյացման հիմնական բաղադրիչները: Այդ բաղադրիչներն են փողերի ինքնարժեքը, այսինքն՝ ինչ արժեքով են (ինչ տոկոսով) փողերը գրավվում բանկի կողմից, շուկայից փողերի գրավումը կազմակերպելուն ուղղված բանկի ծախսերը և երրորդ` ամենագլխավոր բաղադրիչը՝ ռիսկերի արժեքը:

Միանգամից կարելի է նշել, որ փողերի ինքնարժեքի մասով տոկոսադրույքների նվազման միտում է նկատվում, քանի որ համաշխարհային շուկաներում շարունակվում է տոկոսադրույքների նվազման գործընթացը, և դա արտացոլվում է նաև տեղական շուկայում: Սրանք պարզապես խոսքեր չեն, Հայաստանի բանկային ծառայությունների շուկան բավականին զարգացած է, և համաշխարհային միտումներն արտացոլվում են տեղական շուկայում: Տոկոսադրույքների անկմանը նպաստում է նաև սպառման կրճատումը, ինչը նպաստում է բանկային համակարգում լիկվիդայնության բարձրացմանը:

Փողերի ինքնարժեքի մասով միտումը նույնն է: Բանկերը մշտապես զբաղվում են բիզնես-ընթացակարգերի օպտիմալացմամբ և ռացիոնալացմամբ՝ ծախսերն օպտիմալացնելու նպատակով: Մրցակցային միջավայրում ծախսերի օպտիմալացումն ու կրճատումն իր հերթին հանգեցնում է տոկոսադրույքների նվազման:

Ռիսկերի արժեքի մասով իրավիճակը շատ ավելի բարդ է: Այս բաղադրիչը կախված է վարկի անվերադարձելիության ռիսկի աստիճանից, այսինքն՝ բոլոր մակրոտնտեսական ռիսկերի և անմիջականորեն հաճախորդի ու նրա վճարունակության հետ կապված ռիսկերի գնահատման հետ: Մակրոտնտեսական ռիսկերի մասով իրավիճակը կայուն է: Ինչ վերաբերում է հաճախորդի և նրա վճարունակության հետ կապված ռիսկերին, ապա այստեղ պետք է վերլուծել այնպիսի ենթաբաղադրիչներ, ինչպիսիք են հաճախորդի ապահովված լինելը, վարկային պատմությունն ու նրա եկամտի աղբյուրները:

«ԱՌԿԱ» – Ի՞նչ միջոցներով է նվազեցվում վարկի անվերադարձելիության ռիսկը: Որքանո՞վ է հավաստի հաճախորդի վարկային պատմությունը:

Մ. Գրիգորյան – Հաճախորդի վարկունակությունը գնահատելու ամենակարևոր գործոնը նրա վարկային պատմությունն է: Հայաստանում արդեն մի քանի տարի  գործում է միասնական վարկային ռեգիստրը և տեղեկատվություն է հավաքագրվում փոխառուների մասին: Օրենսդրական մակարդակով կանոնակարգված է Հայաստանի տարածքում գործող վարկային բյուրոների գործունեությունը: Սակայն վարկային ռեգիստրերը տեղեկատվություն են հավաքագրում հիմնականում բանկային պարտքերի վերաբերյալ, ընդ որում զարգացած երկրներում վարկային ռեգիստրերը տեղեկատվություն են հավաքագրում պոտենցիալ հաճախորդի բացարձակապես բոլոր ծախսերի և վճարումների մասին, այդ թվում նաև՝ կոմունալ վչարումների, տուգանքների, մաքսատուրքերի, մասնավոր պարտքերի վճարումը և այլն: Այս ամենը թույլ է տալիս համապարփակ պատկեր ստանալ պոտենցիալ հաճախորդի վճարային դիսցիպլինի մասին: Բացի դրանից, չպետք է մոռանալ, որ վարկային պատմությունը պետք է տեղավորվի ժամանակի մեջ, իսկ Հայաստանում վարկային պատմությունների կենտրոնացման գործընթացը սկսվել է համեմատաբար վերջերս, այսինքն՝ տեղեկատվության ծավալը համեմատաբար մեծ չէ: Այսպիսով, վարկային պարտավորությունների կատարման լրացուցիչ ապահովման միջոցով ռիսկերի չեզոքացման ամենաարդիական և տարածված միջոցներից մեկն ունեցվածքի գրավ դնելն է:

«ԱՌԿԱ» – Անհրաժե՞շտ է, արդյոք, վարկի գրավադրման ապահովության առկայությունը: Ի՞նչը կարող է լինել գրավ: Այս պահին բանկը գրավադրմանը ենթակա ունեցվածքի գների որոշման ինչպիսի՞ մեխանիզմներ է օգտագործում:

Մ. ԳրիգորյանԴա կախված է վարկային ապրանքից: Իհարկե, ոչ բոլոր վարկային ապրանքները, այսինքն վարկերի տեսակներն ունեն գրավային ապահովություն: Այսօր բազմաթիվ տեխնոլոգիաներ կան, որոնցով բանկերը վարկավորում են առանց ապահովության կամ երաշխավորությամբ: Եթե հաճախորդը կամ երաշխավորն ունի վարկի մարման՝ բանկի համար հասկանելի և հուսալի աղբյուր, ապա անիմաստ է ծանրացնել վարկի ձևակերպման գործընթացը: Այսօր բանկերը աշխատավարձային նախագծեր են մշակում, վարկային քարտեր են տրամադրում, բոլոր այս ապրանքները գրավ չեն նախատեսում: Միաժամանակ հարկ է նշել, որ վարկային պորտֆելների զգալի մասն ապահովված է շարժական և անշարժ գույքի գրավով:

Կախված վարկային ապրանքից՝ որպես գրավ կարող են հանդես գալ հաշիվների շրջանառությունը, բնակելի և ոչ բնակելի անշարժ գույքը, սարքավորումները, ավտոմեքենան, կենցաղային տեխնիկան, ոսկերչական իրերը և այլն: Կախված վարկային ապրանքներից՝ բանկը սահմանում է գրավի գնահատման համակարգը: Անշարժ գույքի մասով, որպես կանոն, գրավը գնահատվում է արտաքին արտոնագրված գնահատողի կողմից: Շարժական գույքի մասով գրավի գնահատման հիմք է ծառայում իրի արժեքը,  բարձր լիկվիդայնության ունեցվածքի մասով՝  (օրինակ՝ ոսկերչական իրերը, մուրհակները) շուկայում գործող ընթացիկ գները:

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս են ազդում շուկայական գների փոփոխությունները հաճախորդի վարկունակության վրա: Եվ ինչպե՞ս են ազդում գրավի իրագործման հետ կապված խնդիրները փողերի նկատմամբ հաճախորդների հասանելիության վրա:

ԳրիգորյանԲանկային համակարգի գրավակողմնորոշվածությունը թեև նվազում է, սակայն դեռ գործում է: Համապատասխանաբար, հրատապ են գրավային ապահովվածության հետ կապված բոլոր խնդիրները: Ես կբաժանեի այս խնդիրները երկու մասի: Առաջինը կապված է գրավի լիկվիդայնության և շուկայական գների հնարավոր դինամիկայի հետ: Այս կապակցությամբ բանկն ինքը պետք է վերլուծի գների հետ կապված իրավիճակը, գների վիճակագրությունը, հաշվի ամորտիզացիան և ժամանակի ընթացքում այս կամ այն ունեցվածքի գնազրկումը և վարի դիսկոնտային քաղաքականություն:

Որքան շատ լինեն ժամանակի ընթացքում գրավադրված ունեցվածքի գների սահմանման մեխանիզմները, այնքան ավելի հասկանալի կլինի դիսկոնտացման քաղաքականությունը: Բորսայական կամ այլ շուկայական կանոնների համաձայն՝ նման ունեցվածքի կամ խնդրահարույց ակտիվների գնման որքան ավելի շատ կառույցներ և մեխանիզմներ գործեն, այնքան արագ կգործեն բանկերը դիսկոնտի և տոկոսադրույքի սահմանման հարցում: Սա շատ կարևոր հարց է, քանի որ դիսկոնտային քաղաքականությունն ուղղակիորեն սահմանում է փողերի նկատմամբ հասանելիության հնարավորությունը ինչպես բիզնեսի, այնպես էլ սպառողական կարիքների համար:

Խնդրի երկրորդ մասը կապված է գանձման համակարգի և ձախողման դեպքում գրավադրված ունեցվածքի վաճառքի հետ: Գրավադրված ունեցվածքի գանձման արտադատարանային կարգը լրացուցիչ հարկային ծանրաբեռնվածություն է ենթադրում սեփականատիրոջ փոփոխության հետ կապված: Գրավադրված ունեցվածքի գանձման դատարանային կարգը բնութագրվում է դատական գործընթացի, հարկադիր կատարման երկար գործընթացով, ինչպես նաև այն փաստի հետ, որ անբարեխիղճ փոխառուն այս կամ այն կերպով կարող է դատական կարգով բողոքարկել գործընթացները՝ նպատակ ունենալով ձգձգել դրանք: Գործընթացների տևականությունը բանկի համար հղի է հսկայական ծախսերով: Դրանք, առաջին հերթին, աշխատակիցների հաստիքի համար նախատեսված ծախսերն են, որոնք զբաղվում են խնդրահարույց ակտիվի և գրավի խնդիրներով: Դա պաշարների  երկարատև ծանրաբեռնվածությունն է, ինչը ևս յուրատեսակ ծախս է, որոնք բեռի տեսքով ընկնում են բանկի նորմատիվների և կապիտալի վրա: Դա բանկի այլ աշխատակիցների ժամանակավոր ծախսերն են, ինչը ևս վերածվում է ֆինանսական ծախսերի:

Գործընթացների տևողությունը կրկնապատկվում է խնդրահարույց փոխառուի դեմ սնանկության գործընթացի հարուցման դեպքում: Ցավոք, գործող օրենսդրությունը թվացյալ սնանկության բազմաթիվ հնարավորություններ է տրամադրում, և անբարեխիղճ փոխառուներն ակտիվորեն օգտվում են այդ հնարավորություններից ՝ նման կերպով «համաներում» ստանալով տոկոսային և տուգանքային պատժամիջոցների կապակցությամբ, ինչը, իհարկե, բացի անհեթեթությունից, այլ կերպ չես անվանի:

Բոլոր ներկայացված պոտենցիալ խնդիրները բանկերի կողմից ի սկզբանե  գնահատվում են որպես ռիսկեր, որոնք վերածվում են տոկոսների՝ տոկոսադրույքների ավելացման տեսքով և հանգեցնում են գրավային արժեքի դիսկոնտի ավելացման:

«ԱՌԿԱ» – Որքա՞ն է խնդրահարույց պարտքի գումարի և գրավ դրված ունեցվածքի վաճառքից ստացված գումարի միջև տարբերությունը: Ինչպե՞ս է բանկը նվազեցնում նման ռիսկերի արժեքը:

Մ. ԳրիգորյանՈրպես կանոն, գործընթացների երկարատևության կապակցությամբ խնդրահարույց պարտքի և ծախսերի գումարը շատ հաճախ զգալիորեն գերազանցում է գրավադրված ունեցվածքի վաճառքից ստացված գումարը: Կրկնվեմ, այս ռիսկերը հանգեցնում են տոկոսադրույքների բարձրացման և գրավի արժեքի ավելի խիստ դիսկոնտավորման: Այս ամենի արդյունքում գանձման և գրավի տակ դրված ունեցվածքի վաճառքի հետ կապված խնդիրների պատճառով թանկանում են վարկային ապրանքները, և սահմանափակվում է պաշարների նկատմամբ հաճախորդների հասանելիությունը: Եթե հարցին գլոբալ նայենք, ապա պոտենցիալ բարեխիղճ հաճախորդը տուժում է անբարեխիղճ հաճախորդի պատճառով :

«ԱՌԿԱ» – Խնդրահարույց ակտիվի լիկվիդայնությունը խթանող ինչպիսի՞ մեխանիզմներ է օգտագործում բանկը

Մ. Գրիգորյան – Այսօրվա դրությամբ ես դժվարանում եմ նշել այլ մեխանիզմներ, քան գրավադրված ունեցվածքը գնելիս վարկավորման ավելի գրավիչ պայմաններ առաջարկելը: Եվ չի կարելի ասել, որ դա նորմալ է, քանի որ բանկը սեփական եկամտաբերության հաշվին ստիպված է շուկայականից ցածր պայմաններ առաջարկել՝ անբարեխիղճ փոխառուների խնդիրները լուծելու համար: Այս ամենը ստիպված չէին լինի անել գանձման և գրավաունեցվածքի վաճառքի ավելի արդյունավետ և ռացիոնալ համակարգի առկայության դեպքում:

«ԱՌԿԱ» – Ինչպիսի՞ն եք տեսնում գանձման և գրավադրված ունեցած վաճառքի գործընթացը: Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար:

Մ. ԳրիգորյանԳանձման և գրավադրված ունեցած վաճառքի գործընթացը պետք է բանկի համար հստակ, շարժունակ և կանխատեսելի լինի առաջին հերթին իրավաբանական ռիսկերի և ժամկետների տեսանկյունից: Այս ամենը պետք է կանոնակարգված լինի օրենսդրական մակարդակով:

Եթե սոցիալական խնդիրների լուծումը դնենք գանձման և գրավի իրականացման գործընթացի մեջ, ապա վարկավորման համակարգն ամբողջովին կայլակերպվի: Անբարեխիղճ փոխառուն չպետք է հնարավորություն ունենա տարիներ շարունակ ժամանակ ձգել և պահել գրավադրված ունեցվածքը: Ցանկացած գրավատու պետք է հասկանա, որ անբարեխղճությունը կհանգեցնի գրավադրված ունեցվածքի կորստի: Միայն այդ ժամանակ ֆինանսական դիսցիպլինի աստիճանը կհասնի այնպիսի մակարդակի, որը թույլ կտա նվազեցնել տոկոսը ռիսկերի մասով, ինչն իր հերթին կհանգեցնի տոկոսադրույքների նվազման:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Տնտեսությունն աշխատում է՝ առաջ անցնելով պաշտոնական կանխատեսումներից

Հայաստանի տնտեսության դանդաղ, սակայն հստակ վերականգնման վերաբերյալ պաշտոնական կանխատեսումները սկսում են հաստատվել:

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Visa Signature Limited Edition քարտեր՝ Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի պատկերով

Նախավաճառքը կիրականացվի հատուկ այս նպատակով ստեղծված առցանց հարթակի միջոցով

2025 թ․–ի հունվարին Հայաստանում 1.7% գնաճն ամենաբարձրն է 2023 թվականի ապրիլից ի վեր․ ՀԲ

Սա հիմնականում պայմանավորված էր սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների բարձրացումով՝ 2․5 տոկոսով

Հայաստանի բանկային համակարգը 2024թ․–ին ավելացրել է շահույթը 61%–ով՝ մինչև 363 մլրդ դրամ․ ՀԲՄ

60 մլրդ դրամը բաշխվել է բաժնետերերի միջև, իսկ 300 մլրդ դրամը մնացել է բանկերում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img