Ամերիաբանկը և ՄՖԿ-ն ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՄՖԿ-ն և Ամերիաբանկը Հայաստանում ստորագրեցին Միջազգային սվոպների և ածանցյալ գործիքների միավորման հիմնական համաձայնագիրը։ Ուրբաթ ստորագրած համաձայնագրին համապատասխան, ՄՖԿ-ն Ամերիաբանկին ռիսկերի արդյունավետ կառավարման հնարավորություն է տալիս, որոնք առաջանում են միջազգային ֆինանսական կառույցներից ներգրավված միջոցների տոկոսադրույքների փոփոխման արդյունքում։

Տնօրինության անդամ, «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը պարզաբանեց, որ բանկը միջազգային շուկայում լողացող տոկոսադրույքներով, հաճախ LIBOR մեխանիզմով ռեսուրսներ է ներգրավում, մինչդեռ հայկական ձեռնարկություններին վարկերը տրվում են ֆիքսված տոկոսադրույքներով։ Արդյունքում, ըստ նրա, լողացող տոկոսադրույքների փոփոխությունից կորուստների մեծ ռիսկ է առաջ գալիս։

«ՄՖԿ-ն միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող մեթոդ է առաջարկում, ըստ որի այն իր վրա է վերցնում լողացող տոկոսադրույքի փոփոխությունից առաջացած ռիսկերը՝ բանկի կողմից որոշակի վճարի դիմաց»,- ասաց Ջրբաշյանը։

Բանկի զարգացման տնօրենը հստակեցրեց, որ վճարների չափը կախված կլինի միջազգային շուկայի պայմաններից և ֆիքսված չէ։ Ջրբաշյանը նկատեց, որ վճարումների մեծությունը կախված կլինի նրանից, թե որ պահին բանկը կօգտվի իր ռիսկերի փոխհատուցման հնարավորությունից։ Ներկայում, ըստ նրա, բանկում սվոպ շուկայի իրավիճակի մշտական մոնիթորինգ է անցկացվում։

«Այս գործիքը թույլ կտա մեզ կրճատել շուկայի տոկոսադրույքների տատանումներից առաջացած մեր պոտենցիալ կորուստները։ Եթե նկատի առնենք, որ ներկայում միջազգային շուկաներից ներգրավված միջոցների մեր պորտֆելը կազմում է շուրջ 60 մլն դոլար, ապա տոկոսադրույքների փոփոխման յուրաքանչյուր տոկոսային կետը կազմում է շուրջ 60 հազար դոլար։ Այսպիսով, կորուստները բավականին շոշափելի գումար են կազմում»,- ընդգծեց տնօրենը։

Միաժամանակ Ջրբաշյանը տեղեկացրեց, որ ռիսկերի նվազեցումը կարող է հանգեցնել նաև տոկոսադրույքների նվազեցմանը, իսկ սվոպ-մեթոդների կիրառումը լրացուցիչ հնարավորություն կտա ավելի մրցունակ լինել շուկայում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ ռիսկերի նվազեցման մեխանիզմը ՄՖԿ-ի հետ ստորագրած համաձայնագրով կկիրառվի ոչ միայն անմիջապես տվյալ կորպորացիայից ներգրավված միջոցների, այլ նաև ուրիշ կառույցներից ստացված փոխառությունների նկատմամբ։

Ամերիաբանկի ներդրումային բանկային գործառնությունների գծով տնօրեն Անդրեյ Շինկևիչը հիշեցրեց, որ բանկի և Կորպորացիայի միջև համագործակցություն  է հաստատվել, մասնավորապես վերջերս ՄՖԿ-ն Ամերիաբանկին տրամադրեց 15 մլն ԱՄՆ դոլարի հիմնական վարկ փոքր հիդրոէլեկտրակայանների ֆինանսավորման նպատակով։ Համաձայնագրեր են ստորագրվել նաև 20 մլն դոլար ընդհանուր գումարի առևտրային ֆինանսավորման վերաբերյալ։

ՄՖԿ-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեքն ասաց, որ պայմանագիրը ստորագրվում է միջազգային չափանիշներով և ռիսկերի կառավարման լավ հնարավորություն է ճգնաժամի պայմաններում։ Նա տեղեկացրեց, որ ՄՖԿ-ն նմանատիպ պայմանագրեր է ստորագրել արդեն 22 երկրների, մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի հետ։

«Սա մեր առաջին սվոպ համաձայնագիրն է Հայաստանում, և մենք ուրախ ենք, որ ապահովում ենք ֆինանսական տեխնոլոգիայի այս բարձր մակարդակը»,- ավելացրեց Լյուբեկը։

ՄՖԿ-ն Համաշխարհային բանկի խմբի անդամ է, 1995 թվականին կազմակերպությանն անդամակցելու պահից 87 մլն դոլար է ներդրել 18 ծրագրում, որոնք իրականացվել են երկրի տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ֆինանսական շուկաներում, արդյունաբերության ոլորտներում, էներգետիկայի, լեռնահանքային ոլորտում, քիմիական արտադրության մեջ։ ՄՖԿ-ն նաև խորհրդատվական ծառայություններ է տրամադրել օրենսդիր բազայի պարզաբանման վերաբերյալ։

Ամերիաբանկը Հայաստանում առաջին ներդումային բանկն է և սկսած 2007թ.-ից տրամադրում է նորարական բանկային պրոդուկտների լայն տեսականի: Ամերիաբանկը հիմնականում վարում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեություն: Այն պատկանում է ռուսաստանյան առաջատար ներդրումային բանկային «Տրոյկա դիալոգ» խմբի հետ փոխկապակցված «ԹիԴիԷյ Հոլդինգզ Լիմիթիդ» (TDA Holdings Limited) ընկերությանը: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են ԵԿԲ տոկոսադրույքի աճ ապրիլին և հունիսին՝ 25-ական բազիսային կետով

Goldman Sachs-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ Եվրոպական կենտրոնական բանկը 2026 թվականին երկու անգամ՝ ապրիլին և հունիսին, 25 բազիսային կետով կբարձրացնի բազային տոկոսադրույքը

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

5% կանխավճար՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար (ՎԻԴԵՈ)

Հայաստանի լիզինգային շուկայի բացարձակ առաջատար Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում իր գործընկեր ROEL Automotive Group-ի հետ համատեղ ներկայացնում է էլեկտրամոբիլներ ձեռք բերելու հատուկ առաջարկ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img