Mon, 9 June
28.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Կայունացման տարի հայկական բանկերի համար. տարվա կարևոր իրադարձությունները՝ ըստ «ԱՌԿԱ» գործակալության

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում 2010-ը կայունացման, վերականգնման, առաջին հետճգնաժամային տարի հռչակեցին, երբ տնտեսությունում սկսեցին աճի միտումներ նկատվել: Տարին լարված էր նաև հայկական բանկերի համար, սակայն լիկվիդայնության և կայունության բարձր աստիճանի շնորհիվ նրանց հաջողվեց  դիմակայել ճգնաժամի  բավական ուժեղ ազդեցությանը:

Ինչպես նշեց ՀՀ կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը, տարվա արդյունքների համաձայն, բանկային համակարգում ակտիվների 17 տոկոս, կապիտալի 14 տոկոս և վարկերի 25 տոկոս աճ է գրանցվել: Ըստ նրա, տնտեսական աճի միտումների ակնկալվող ավելացման համատեքստում, 2011թ.-ին՝ այս տարվա համեմատ,  բանկային համակարգերի հիմնական ցուցանիշների առավել բարձր աճ է ակնկալվում, մասնավորապես՝ վարկավորման ոլորտում:

Միաժամանակ, ինչպես նշեց ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանը, հայկական բանկերը կարողացել են հաղթահարել անորոշության վիճակը, որը 2009թ.-ին կապված էր ֆինանսական ճգնաժամի հետ, իսկ 2010թ.-ին հաճախորդների սպասարկման որակի բարձրացման  և վարկավորման ծավալի ավելացման հաշվին զարգացման նոր փուլ դուրս եկան:  ՀԲՄ-ի ղեկավարը կարծում է, որ Հայաստանը բավական հետաքրքիր հեռանկարներ ունի, որպեսզի Ռուսաստանի և Արևմտյան Եվրոպայի համար ֆինանսական կենտրոն դառնա, քանի որ լեզվական և աշխարհագրական խնդիրներ գրեթե չունի:

1. Երևանում Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովի անցկացումը և ասոցիացիայի հիմնադրումը

Ֆինանսիստների և բանկիրների առաջին համահայկական համաժողովը, որն անցկացվեց հոկտեմբերի 17-21-ը Երևանում, ֆինանսաբանկային ոլորտում համարյա  նշանակալի իրադարձություն դարձավ: Համաժողովի անցկացումը հայտարարվել և պատրաստվել էր 2010թ.-ի սկզբից: Դրան մասնակցեցին հայ ֆինանսիստները և ՌԴ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, ԱՄՆ-ի, Լիբանանի և Միացյալ Արաբական Էմիրությունների բանկային համակարգերի ներկայացուցիչները:

Համաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և Բանկերի միության կողմից, երկրի համար չափազանց կարևոր նշանակություն ուներ՝ հաշվի առնելով իշխանությունների հռչակած ուղղությունը՝ այն տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու մասին: Համաժողովը թույլ է տալիս համախմբել հայ և արտասահմանցի մասնագետների ջանքերը, ամրապնդել Հայաստանի և Սփյուռքի կապը, ինչպես նաև միջսփյուռքյան համագործակցությունը, ինչը հատկապես կարևոր է գլոբալիզացիայի և մշտական մարտահրավերների պայմաններում, որոնք աշխարհին է հրամցնում 21-րդ դարը:

Համաժողովի ընթացքում հայտարարվեց Ֆինանսիստների և բանկիրների համահայկական ասոցիացիայի ստեղծման անհրաժեշտության և դրա հիման վրա պրոֆեսիոնալ ցանց ձևավորելու մասին:

Ասոցիացիան իրենից բաց քննարկում կներկայացնի՝ ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով, որի գործողության մեջ կմտնի սփյուռքի ներուժի և փորձագետների համախմբումը: Նաև առաջարկվել է սփյուռքի  հայ բանկիրների և ֆինանսիստների տվյալների բազա ստեղծել:

2. Հիփոթեքային վարկավորման զարգացումը. «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքին» կառավարական ծրագրի մեկնարկը

Տարեսկզբից ՀՀ կառավարությունը հաստատել է  «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագիրը, իսկ արդեն փետրվարի վերջին սկսել են բնակարանների վաճառքի համար վարկեր տրվել: Ծրագրի պայմանների համաձայն, երիտասարդ ընտանիք-շահառուներին մինչև 16 մլն դրամ՝ տարեկան 8-9 տոկոսով վարկ է տրամադրվում, ընդ որում ևս 2-4 տոկոսը պետությունն է սուբսիդավորում: Ծրագրին ընդամենը 13 բանկ և երեք վարկային կազմակերպություն է մասնակցում:

Սակայն վարկ ստանալու համար փոխառուի ամսական եկամուտը պետք է 300-350 հազար դրամից ոչ պակաս կազմի, իսկ վերցված հիփոթեքային վարկի ամսական վճարը շուրջ 130-160 հազար դրամ է կազմում: Ծրագրի իրականացման համար «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպություն է ստեղծվել, որը երիտասարդ ընտանիքների համար արտոնագրային պայմաններով վերաֆինանսավորել է ծրագրի մասնակից բանկերի կողմից տրված հիփոթեքային վարկերը:

Տվյալ ծրագրով 187 հայ ընտանիքներ արդեն բնակարան են ձեռք բերել՝ 131 ընտանիք՝ Երևանում և 56 ընտանիք՝ ՀՀ մարզերում: Պետության կողմից վերաֆինանսավորած վարկերի ընդհանուր չափը 1,5 մլրդ դրամ է կազմել, որից ավելի քան 1,2 մլրդ դրամը վերաֆինանսավորվել է Երևանում և 306 մլն դրամը՝ հանրապետության մարզերում:

Տրված վարկերի միջին չափը 8,2 մլն դրամ է կազմում, իսկ միջին տոկոսադրույքը՝ 10,3 տոկոս: Այժմ քննարկման գործընթացում է ևս 33 վարկային հայտ՝ 231,4 մլն դրամ ընդհանուր գումարի չափով:

3. Ամերիաբանկի և Կասկադ Բանկի միաձուլումը

2010թ.-ին առաջատար հայկական բանկերից մեկը՝ Ամերիաբանկը, միաձուլվեց Կասկադ Բանկին: Ամերիաբանկի և Կասկադ Բանկի՝ «Թի-Դի-Էյ Հոլդինգս Լիմիթեդ»-ի և «Կասկադ Կապիտալ Հոլդինգս»-ի բաժնետերերի համախմբման հիմնական դրդապատճառը համարվեց ՀՀ ֆինանսական հատվածի աջակցությունը, երկրի հետճգնաժամային տնտեսական զարգացման համար հստակ ֆինանսական հարթակի ստեղծումը: 2009թ. վերջի դրությամբ երկու բանկերի կոնսոլիդացված կապիտալը կազմում էր $75 մլն, ակտիվները` $397 մլն, պարտավորությունները` $262 մլն, վարկային պորտֆելը` $179 մլն:

Միաժամանակ «Ամերիաբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը չի բացառում, որ առաջիկա երեք տարում այլ հայրենական բանկերի կողմից միաձուլման առաջարկներ կլինեն: Նա նշեց, որ Ամերիաբանկը կարող է օրգանապես զարգանալ, սակայն միաձուլումը լավ հնարավորություն է աճի հարցերը ոչ թե մեկ կամ մեկուկես տարում, այլ երկու-երեք ամսում լուծելու համար:

Ընդ որում, ինչպես կարծում է Հանեսյանը, ընդլայնումը շուկային առավել հզոր ֆինանսական համակարգ կտա, որը ոչ միայն ֆինանսական ճգնաժամի պայմաններում կայուն կլինի, այլ նաև թույլ կտա բանկերին ավելի արագ զարգանալ, իսկ հաճախորդներին՝ որակյալ և բազմակողմանի ծառայություններ ստանալ:

4. Համահայկական բանկի աշխատանքի սկիզբը և տնօրենի նշանակումը

2010թ.-ի վերջին Հայաստանում տեղի ունեցավ Համահայկական բանկի խորհրդի առաջին նիստը, որի գործադիր տնօրեն նշանակվեց ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

Համահայկական բանկը Հայաստանում գործունեությունը կսկսի 2011 թ.-ի մայիսի 1-ից

«Համահայկական բանկ» ԲԲԸ կանոնադրական կապիտալը կկազմի 100 մլն դոլար,  որից Հայաստանի կառավարությունը արդեն տրամադրել է 20 մլն-ը: Մյուս մասը  առաջատար ֆինանսական կազմակերպություններն ու մասնավոր ներդրողները կտրամադրեն:

Համահայկական բանկի նպատակը կլինի աջակցել հայության ուժեղ, մրցունակ ու գիտության վրա հենված ներուժի ձևավորմանը, որը կուղղվի համաշխարհային շուկայում մրցունակության բարձրացմանը:

Ինչպես նշեց Ներսիսյանցը, «Համահայկական բանկը երկարաժամկետ վարկեր է տրամադրում և ներդրումներ է իրականացնում մասնավոր հատվածի արտահանումը խթանող այն ձեռնարկություններում, որոնք զբաղվում են հայկական արտադրության արտահանմամբ՝ միջազգային շուկաներում այն մրցունակ կերպով ներկայացնելու նպատակով: Արդյունքում Հայաստանում կստեղծվի լրացուցիչ արտադրանք և աշխատատեղ, ինչպես նաև կբարձրանա բնակչության կենսամակարդակը:

5. Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցչություն Հայաստանում

Այս տարի Հայաստանում իր ներկայացուցչությունը բացեց Եվրասիական զարգացման բանկը: Ապրիլին Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագիր ստորագրվեց: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և Եվրասիական զարգացման բանկի խորհրդի նախագահ Իգոր Ֆինոգենովը:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այս կապակցությամբ նշեց. «Հուսով ենք, որ այս համաձայնագրերի ստորագրումը նոր ազդակ կհաղորդի մեր փոխհարաբերություններին: Մենք արդեն նախապատրաստել ենք մի քանի նախագծեր, որոնք ներկայացվել են բանկի ղեկավարության քննարկմանը: Հարցը, թե ինչպես ակտիվացնել բանկի գործունեությունը, քննարկվում է նաև ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների և ֆինանսների նախարարների մակարդակով»:

Հավելենք, որ Եվրասիական զարգացման բանկը ստեղծվել է 2006-ին Ռուսաստանի եւ Ղազախստանի նախաձեռնությամբ: Բանկի հիմնական նպատակն է` մասնակից պետությունների շուկայական տնտեսությունների զարգացումը, նրանց կայուն տնտեսական աճի ապահովումը եւ փոխադարձ առեւտրատնտեսական կապերի ընդլայնումը: Այժմ բանկի մասնակից պետությունները, բացի ՌԴ-ից եւ Ղազախստանից, նաեւ Հայաստանն է, Տաջիկստանը եւ Բելառուսը: Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ դոլարը:

6.Երաշխավորված ավանդների չափերի ավելացում

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսին ստորագրեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքը: Օրենքի նոր խմբագրությամբ նախատեսվում է արժութային ավանդների համար երաշխիքի չափի մինչև 2 մլն դրամի մեծացում նախկին 1 միլիոնի փոխարեն, իսկ դրամային ավանդների համար՝ մինչև 4 մլն՝ նախկին 2 միլիոնի փոխարեն:

Բացի այդ Ավանդների երաշխավորման հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, որի կազմում են կառավարության, խորհրդարանի, գերմանական KfW բանկի, ՀՀ առևտրային բանկերի ներկայացուցիչները, հինգ տարին մեկ անգամ կվերանայի ավանդների երաշխավորման չափերը: Իսկ ֆորսմաժորային իրավիճակների դեպքում, եթե սպառնալիքի տակ է Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը, առաջարկվում է վերանայել նաև երաշխիքի չափը, իսկ կառավարությանը հնարավորություն է տրվում Հիմնադրամին ներկայացնել բյուջետային երաշխիքն ու Կենտրոնական բանկի միջոցով տալ համապատասխան վարկը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը կրիպտոարժույթի ոլորտի կարգավորման առաջին փորձն է անում

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կրիպտոակտիվների մասին» օրենքին, որն ուղղված է կրիպտոարժույթի շրջանառության, փոխանակման և ծառայությունների մատուցման ոլորտում կանոնակարգման ներդրմանը

100 միլիարդ դրամի պետական պարտատոմսերի ռեկորդային տեղաբաշխում՝ Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայի պատմության մեջ առաջին անգամ պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդների արդյունքում տեղաբաշխվել են ռեկորդային՝ ընդհանուր 100 միլիարդ դրամ ծավալով պետական պարտատոմսեր

Դոլարի նկատմամբ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը մայիսին եղել է 0,3%–ով ցածր, քան մեկ տարի առաջ

2025 թվականի մայիսին ՀՀ դրամի  միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 386.6, ինչը 0.3%-ով ցածր է 2024 թվականի մայիսի նույն ցուցանիշից (387.8 ՀՀ դրամ):

Հայաստանի համախառն պետական պարտքը 2024թ․–ի ապրիլի արդյունքում գերազանցել է 13,6մլրդ դոլարը

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի ապրիլի 30-ի դրությամբ կազմել է 13,607.844 միլիոն դոլար, ինչը 27.052 միլիոն դոլարով ավելի է 2025 թվականի մարտի 31-ի համեմատ

Հայաստանում անցկացվում է տարածաշրջանի ամենամեծ գինու փառատոնը

Արդեն հինգերորդ անգամ Ակբա բանկի աջակցությամբ Երևանում մեկնարկել է հունիսի առաջին շաբաթվա ամենասպասված իրադարձությունը՝ «Երևանի գինու օրեր» փառատոնը

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img