ԲՏԱ Բանկը ծրագրում է ընդլայնել փոքր և միջին բիզնեսի վարկավորումը

ԲՏԱ Բանկի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Նուռ Բակբերգենովի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն Բակբերգենով, ինչպե՞ս եք գնահատում 2010 թ.-ին ԲՏԱ Բանկի գործունեության արդյունքները, որո՞նք են անցած 12 ամսվա ընթացքում բանկի հիմնական ձեռքբերումները:

Ն. Բակբերգենով – Վստահությամբ կարող եմ նշել, որ 2010 թվականը մենք ավարտեցինք հաջող: Վնասների և կորուստների երեք տարուց հետո 2010 թ.-ի արդյունքներով բանկի շահույթը կազմել է 42,9 մլն դրամ:

Տարվա ընթացքում դեպոզիտային պորտֆելն ավելացել է 37,4 տոկոսով կամ 364,4 մլն դրամով: Մեզ հաջողվեց ամբողջությամբ վերանայել դեպոզիտային պորտֆելի կառուցվածքը, բանկը տեղափոխել արդյունավետության ռելսերի վրա: Նախորդ տարվա արդյունքները ես կձևակերպեի հետևյալ կերպ՝ բանկի գործունեության բոլոր ուղղություններով կայունություն և ցուցանիշների չափավոր, սակայն կայուն աճ:

«ԱՌԿԱ» – Այս տարի բանկը ի՞նչ նոր ծառայություններ է մտադիր առաջարկել:

Ն. Բակբերգենով –Մեր ծառայությունների ցուցակում ներառված են բանկային ապրանքների գրեթե բոլոր հիմնական տեսակները, որոնք այսօր առաջարկում են ՀՀ-ի առևտրային բանկերը: 2011 թ.-ին մեր ուշադրությունը կկենտրոնանա գործող ապրանքների արդյունավետության և շահավետության բարձրացման վրա:

Ապրանքը ոչ թե կանոնների հավաքածու է, որը կանոնակարգում է հաճախորդի գործողությունները, ոչ էլ հաճախորդի սպասարկման գծով բանկի ընթացակարգ է, ապրանքը, առաջի հերթին, արժեք է, որը գնում է հաճախորդը: Հենց այստեղ էլ հարկավոր է աշխատել, հենց նման ապրանքներ ենք մենք մշակում:

Մենք ընդլայնում ենք ինչպես հայտնի վճարային համակարգերի, այնպես էլ բացառիկ՝ օրինակ Faster համակարգի առաջարկները, որն օգտագործում է ԲՏԱ խմբի գործընկերային բանկերի լայն ցանցը և թույլ է տալիս ակնթարթորեն փոխանցել միջոցները ոչ միայն Ղազախստան, այլև Ռուսաստան, Բելառուս, Ուկրաինա, Վրաստան, այսինքն այնտեղ, որտեղ գործում է ԲՏԱ Բանկը:

Նախորդ ամառ Հայաստանի ԲՏԱ Բանկի բազմաթիվ հաճախորդներ օգտվեցին մեր վրացական գործընկերոջ՝ Քոբուլեթիում և Փոթիում գտնվող ԲՏԱ Բանկի ծառայություններից դրամական փոխանցումների, արտարժույթի փոխանակման և վճարային քարտերի սպասարկման համար: Այս տարի, հնարավոր է, մենք ԲՏԱ երկու բանկերի համատեղ ծրագիր առաջարկենք՝ նախատեսված հատուկ այն մարդկանց համար, ովքեր նախատեսում են հանգստանալ հարևան Վրաստանում:

«ԱՌԿԱ» – Ծրագրու՞մ է, արդյոք, բանկը ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը Հայաստանի մարզերում:

Ն. Բակբերգենով – Այսօրվա դրությամբ բանկն ունի հինգ մասնաճյուղ, որոնցից չորսը գործում է Երևանում, մեկը՝ Գյումրիում: 2011 թ.-ի գլխավոր խնդիրներից մեկը մեզ համար մասնաճյուղային ցանցի արդյունավետության և շահութաբերության բարձրացումն է:

Այս տարի ուշադրությունը կկենտրոնացվի գործող մասնաճյուղային ցանցում հաճախորդների սպասարկման արագության և ընթացակարգերի աշխատանքի վրա, այլ ոչ թե ցանցի ընդլայնման վրա:

«ԱՌԿԱ» – Բանկը տնտեսության ո՞ր ոլորտների վարկավորումն է նախատեսում զարգացնել 2011 թ.-ին:

Ն. Բակբերգենով – Մենք կենտրոնանում ենք փոքր և միջին բիզնեսի ու ֆիզիկական անձանց սպասարկման վրա: Նախատեսում ենք փոփոխություններ կատարել ինչպես բանկի վարկային պորտֆելի կառուցվածքում՝ հօգուտ ՓՄԲ-ի և մանրածախ բիզնեսի, այնպես էլ որոշումների ընդունման կառուցվածքում:

Առաջիկա երեք տարվա ընթացքում նախատեսվում է ԲՏԱ Բանկի վարկային պորտֆելի չափը հասցնել 50 մլն դոլարի՝ նման կերպով փոխհատուցելով վերջին երեք տարվա կորուստները:

«ԱՌԿԱ« – Ընթացիկ տարում բանկը վարկային տոկոսադրույքների ինչպիսի՞ քաղաքականություն է իրականացնելու:

Ն. Բակբերգենով – 2011 թվականը մենք սկսել ենք տոկոսադրույքների վերանայումով, պայմանները վերանայվեցին նվազման ուղղությամբ: Մենք կարծում ենք, որ տոկոսադրույքները պետք է մրցունակ և գրավիչ լինեն հաճախորդի համար:

Վերջերս մենք վերանայեցինք հիփոթեքի պայմանները, այսօր առաջարկում ենք հիփոթեքային վարկեր ԱՄՆ դոլարով՝ սկսած տարեկան 12 տոկոսից, վարկը տրամադրվում է 10 տարի ժամկետով: Վերանայվեցին նաև ՓՄԲ-ի տոկոսադրույքները, տարեսկզբից մենք վարկեր ենք տրամադրում սկսած տարեկան 12 տոկոսից:

«ԱՌԿԱ» – Նախատեսու՞մ եք, արդյոք, ավելացնել ԲՏԱ Բանկի վարկային պորտֆելը 2011 թ.-ին: Ինչպիսի՞ն կլինի բանկի վարկային պորտֆելը ՓՄԲ-ի համար 2011 թ.-ին:

Ն. Բակբերգենով – Այս տարի մենք ծրագրում ենք ավելացնել բանկի վարկային պորտֆելը՝ հասցնելով 6,6 մլրդ դրամի, դեպոզիտային պորտֆելը՝ մինչև 2,4 մլրդ դրամի, իսկ շահույթը՝ մինչև 370,3 մլն դրամի:

2010 թ.-ին բանկի համար առավել նպաստավոր էր սպառողական վարկավորման և փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ոլորտը, որոնց մասնաբաժինը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում տարեվերջին կազմեց 21,5 և 22 տոկոս: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարի վարկային պորտֆելի հիմնական աճը ապահովվեց հենց այս ոլորտների վարկավորման հաշվին: 2011 թ.-ին մենք ծրագրում ենք մի քանի անգամ ավելացնել բիզնես-վարկավորման պորտֆելը:

«ԱՌԿԱ» – ԲՏԱ Բանկն արդեն հայտարարել է կենսաթոշակային պլաստիկ քարտերի տրամադրման մասին: Որքա՞ն քարտ է արդեն տրամադրվել հայ թոշակառուներին, և որքա՞ն թոշակառու է ցանկություն հայտնել ստանալ թոշակը ԲՏԱ Բանկի միջոցով:

Ն. Բակբերգենով – Իսկապես, մենք տարեսկզբից սկսել ենք տրամադրել կենսաթոշակային պլաստիկ քարտեր, ընդ որում կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին քարտերը տրամադրում ենք բացարձակապես անվճար, այսինքն քարտերի սպասարկումը, բացումը, փակումը և այլ ծախսեր բանկն իր վրա է վերցնում:

Մարտի 9-ի դրությամբ տրամադրվել է 36 պլաստիկ քարտ: Սա մեծ թիվ չէ, սակայն մենք հույս ունենք, որ հարմարավետությունը գնահատող կենսաթոշակառուների թիվը կավելանա: Մենք ակնկալում ենք, որ թոշակառուները կկարողանան գնահատել «Կենսաթոշակային» նոր ավանդը, որը խնայողության շահավետ պայմաններ է առաջարկում կենսաթոշակային տարիքի քաղաքացիների համար:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ

Agents for Impact GmbH ընկերությունը (Ֆրանկֆուրտ, Գերմանիա) Յունիբանկին շնորհել է Կենսակայունության համապատասխանության B++ վարկանիշ։ Գնահատումն իրականացվել է Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) և բնապահպանական, սոցիալական ու կառավարման չափանիշների (ESG) հիման վրա։

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աջակցել Newmag հրատարակչության BOOK DONATION սոցիալական նախաձեռնությանը, որի նպատակն է Հայաստանի մարզերում համայնքային գրադարանային ֆոնդերը համալրել ժամանակակից գրականությամբ։

ՀՀ ԿԲ–ն վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

ՀՀ կենտրոնական բանկը վերանայում է «Պետական պարտատոմսերում ներդրումներն ըստ ռեզիդենտայնության» վիճակագրական տվյալների հրապարակման ժամկետը

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2026թ․–ի 9 ամսում

«ԱՌԿԱ» գործակալությունը ներկայացնում է Հայաստանի 17 բանկերի վարկանիշը՝ 2026 թվականի հունվար–սեպտեմբերի հարկումից հետո ստացված շահույթի ծավալով

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը (ՎԻԴԵՈ)

COP17-ի Կանաչ գոտում կայացավ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Անտառային կենսաբազմազանություն․ իմերսիվ փորձառություն» ցուցադրության բացումը, որին ներկա էին IDBank և Իդրամ ընկերությունները

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img