ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն իր գործունեության ընթացքում Հայաստանում 16 մլրդ դրամի վարկ է վերաֆինանսավորել, ասել է ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանը:
«Մեր գործունեության սկզբից՝ 2009 թ.-ի հուլիսից, մենք ավելի քան 2050 վարկ ենք տրամադրել», – հինգշաբթի ասաց նա լրագրողներին:
Եդիգարյանը միաժամանակ նշեց, որ այն միջոցները, որոնք կներգրավվեն պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում, ևս կուղղվեն հիփոթեքային շուկայում վարկերի վերաֆինանսավորմանը:
NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում նոյեմբերի 24-ին առաջին անգամ տեղի է ունեցել «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ի անվանական դիկսոնտային պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 1 մլրդ դրամ ծավալով: ՓԲԸ-ի պարտատոմսերի էմիսիայի ծավալը կազմել է 954723223,82 դրամ, պահանջարկը՝ 1442956491,95 դրամ, պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9,38 տոկոս՝ 9,63 տոկոս սահմանային եկամտաբերության դեպքում, մարման ժամկետը՝ 6 ամիս:
Եդիգարյանի խոսքերով՝ հաշվի առնելով այն, որ ընկերության գործունեության շրջանակներում միջին ամսական ծավալները կազմում են շուրջ 600-700 մլն դրամ, ինչպես նաև այն, որ ձմեռային սեզոնը տարբերվում է որոշակի պասիվությամբ, ապա ակնկալվում է, որ միջոցներն հիփոթեքային վարկերի տեսքով ամբողջովին կիրացվեն երկու-երեք ամսվա ընթացքում:
Խոսելով ընկերության ֆինանսավորման աղբյուրների մասին՝ տնօրենը նշեց, որ ՀՀ ԿԲ-ն ընկերության բաժնետերն ու միակ հիմնադիրն է, ինչպես նաև նշել է, որ ընկերությունը միջոցներ է ներգրավել կառավարությունից, մասնավորապես՝ 2009 թ.-ին Հայաստանին տրամադրված ռուսական կայունացնող վարկի գումարից:
«Բացի այդ, այս տարվա հուլիսից մենք համագործակցում ենք KfW գերմանական բանկի հետ բնակարանային ֆինանսավորման ծրագրի շուրջ, և 20 մլն եվրոյի չափով վարկային գիծը, որն ուղղվում է հիփոթեքային շուկա, իրականացվում է մեր ընկերության միջոցով», – ասել է նա:
«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈւՎԿ-ն հիմնադրվել է 2009 թ.-ի հունիսի 16-ին:
«ԱՌԿԱ» գործակալության տվյալների համաձայն՝ ընկերության ակտիվները 2011 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14,7 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 6,1մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը կազմել է ավելի քան 8,5 մլրդ դրամ: Ընկերության զուտ շահույթը 2011 թ.-ի ինը ամսվա ընթացքում կազմել է 251,5 մլն դրամ: (1 դոլարը – 383,36 դրամ է) –0–