Tue, 15 April
8.1 C
Yerevan
USD: 390.92 RUB: 4.75 EUR: 445.10 GEL: 141.98 GBP: 515.78
spot_img

NASDAQ OMX Արմենիան նախատեսում է 2012 թ.-ին սկսել OMX Group հարթակների հետ ինտեգրման գործընթացը

NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի բացառիկ հարցազրույցը «ԱՌԿԱ» լրատվական գործակալությանը

«ԱՌԿԱ» – Պրն. Սարոյան, որո՞նք են NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի 2012 թ.-ի ռազմավարությունը, նպատակներն ու խնդիրները

Կ. Սարոյան – Հաջորդ տարվա համար, հատկապես առաջին կիսամյակի համար խնդիրներն ու ծրագրերը բավականին շատ են: Մենք կայուն կերպով առաջ ենք շարժվում դեպի կոնկրետ խնդիրների լուծումը, այդ թվում նաև էմիտենտների և գործիքների թվի ավելացման, մեր շուկայի ինտեգրման ապահովման, ինչպես նաև ինչպես մեր հասարակության, այնպես էլ բորսայի մասնակիցների ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ: Սկսեմ նրանից, որ 2012 թ.-ի առաջին կիսամյակում մեկնարկում է Կենտրոնական դեպոզիտարիայի համակարգի ամբողջական վերափոխման նախագիծը: Ֆրոնտ-օֆիսի գործառույթները, որը ընդունում է առաջնային փաստաթղթերն ու հանձնում է հաշվետուները, կկատարեն գործընկեր-կազմակերպությունները, և Կենտրոնական դեպոզիտարիան կկատարի միայն սեփական գործառույթները:

Այս ամենը նախատեսում է որոշակի տեխնոլոգիական պատրաստվածություն: ԿԲ-ի հետ համատեղ մենք աշխատում ենք սեփականության իրավունքների հաշվառման և գրանցման ավելի կատարելագործված համակարգի ստեղծման ուղղությամբ:

Բացի այդ, մենք նախատեսում ենք ընդլայնել բորսայում մեր ծառայությունների շրջանակը: Մասնավորապես, այժմ բորսայի անդամների շրջանում շատ հայտնի է վարկային ռեսուրսների overnight հարթակը: Շուկայում պահանջված է ժամանակային շրջանակների ընդլայնումն ու overnight-ից համեմատաբար ավելի երկար ռեսուրսներին, մասնավորապես՝ մինչ մեկ ամիս ժամկետով ռեսուրսներին անցում կատարելը:

Քանի որ այժմ overnight-ը համեմատար ոչ ռիսկային մեխանիզմ է մասնակիցների համար, մեր խնդիրն է ստեղծել նմանատիպ ոչ ռիսկային մեխանիզմ ավելի երկար ժամկետների համար: Դա նախատեսում է ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ գործող համակարգի կարգավորող լուրջ վերափոխում: Այս ամենի շնորհիվ մենք կտեսնենք բորսայի գործունեության ակտիվացում և բորսային գործարքների թվի աճ: Այս մեխանիզմի ևս մի առանձնահատկությունն է նրա անանունությունը, և բորսան հանդես կգա որպես վերադարձելիության ապահովման մեխանիզմ:

Ասեմ, որ այժմ բորսայում ակտիվ է ոչ միայն overnight հարթակը, այլև արժութային հարթակը: Մնացած հարթակների ցուցանիշները մեզ մոտ, մեղմ ասած, տպավորիչ չեն:

«ԱՌԿԱ» – Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք պետական պարտատոմսերի գործարքների նկատմամբ հայկական ընկերությունների աճող հետաքրքրությունը՝ հաշվի առնելով այն, որ նոյեմբերին դրանց ծավալը տասն անգամ գերազանցել է հոկտեմբերին կատարված գործարքների ծավալը:

Կ. Սարոյան – Պետական պարտատոմսերի զգալի մասը բաժին է ընկնում արտաբորսային շուկային, և մեր խնդիրներից մեկը պետք է դառնա շուկայի գոնե կեսը բորսա ներգրավելը: Այս ամենը տեղի չի ունենում շատ, այդ թվում նաև տեխնոլոգիական պատճառներով: Բորսայի մեխանիզմը հաճախ այնքան էլ հարմար չէ շուկայի մասնակիցների համար: Այս ամենի կապակցությամբ մենք հուսով ենք, որ 2012 թ.-ին այդ մեխանիզմը կհաջողվի բարեփոխել այնպես, որ օրինակ հնարավոր լինի վարել ավելի օպտիմալ հաշվառում կամ ավտոմատացնել գործընթացը:

«ԱՌԿԱ» – Որքանո՞վ է թափանցիկ և արդար ընթանում բորսայում այս կամ այն տեսակի արժեթղթերի գնագոյացման գործընթացը:

Կ.Սարոյան – Օբյեկտիվորեն: Բորսայում այդ գործընթացները կարգավորվում և կանոնակարգվում են, ընդ որում հսկողությունը տարվում է ինչպես բորսայի, այնպես էլ Կենտրոնական բանկի կողմից: Այդ պատճառով էլ գործարքներն օբյեկտիվ են: Բորսայից դուրս գնագոյացումն ընթանում է երկկողմանի հիման վրա, այդ պատճառով դժվարանում է դրա հսկողությունը:

Միաժամանակ բորսայում առքուվաճառքի գործարքներն անցկացվում են հայտերի ներկայացման անանուն ռեժիմով, և լավագույն պահանջարկն ու առաջարկը գտնում են միմյանց: Այդ պատճառով այստեղ ամեն ինչ օբյեկտիվ է, և հատկապես դրանում է բորսայի առավելությունը:

«ԱՌԿԱ»- Արդյո՞ք բորսան միջազգային համագործակցության ընդլայնման ծրագրեր ունի:

Կ. Սարոյան – Գործիքների ընդլայնումից բացի, 2012թ.-ին նաև նախատեսված է  սկսել բորսայի ինտեգրման գործընթացը NASDAQ OMX հարթակների հետ, մասնավորապես՝ բալթյան հարթակների հետ: Այն հնարավորություն կտա պոտենցիալ ներդրողներին և NASDAQ OMX Group-ի մյուս բորսայի անդամներին նվազագույնը տեսնել մեր արժեթղթերն ու գործիքները, իսկ առավելագույնը, որին  մենք մտադիր ենք հասնել, առքուվաճառքներին դրանց մասնակցությունն ապահովելն է:

«ԱՌԿԱ». Որքանո՞վ է իրական Հայաստանում իրենց արժեթղթերի տեղադրման գործընթացում արտասահմանյան էմիտենտների մասնակցությունը՝ հաշվի առնելով այն, որ մեր երկրում արտասահմանյան էմիտենտներին այստեղ իրենց արժեթղթերը տեղադրելը թույլատրող օրենք չկա:

Կ. Սարոյան – Ընթացակարգը հեշտացված է: Եթե այդ արժեթղթերն ինչ-որ տեղ արդեն գրանցված են, դրանցով էմիսիայի ուրվագիծ կա, և տվյալ երկրներն ընդունելի են մեր կանոնակարգողի տեսանկյունից:

Բայց մեզ համար տվյալ փուլում առավել առաջնահերթ է հայրենական շուկայի համար արտաքին կապիտալի հասանելիության ապահովումը, որպեսզի տեղական ընկերությունները կարողանան միջոցներ ներգրավել արտերկրից:

Այն խթան կդառնա, որպեսզի մեր պոտենցիալ էմիտենտ ընկերություններն առավել ակտիվորեն ընդգրկվեն IPO-ի կամ պարտատոմսերի տեղաբաշխման գործընթացում: Այդ դեպքում ինտեգրման գործընթացն անցելուց հետո նրանք գոնե վստահություն կունենան, որ այդ գործիքների մասին նաև մյուս երկրներն են տեղյակ:

«ԱՌԿԱ»  – Աշխարհագրական իմաստով այդ ինտեգրման ո՞ր ուղղություններն են առաջնահերթ:

Կ. Սարոյան – Ինտեգրումն առաջին հերթին կընթանա NASDAQ OMX խմբի շրջանակներում, դա Բալթյան երկրներն են և NASDAQ OMX Nordic-ը (Ֆինլանդիա, Շվեդիա, Դանիա և Իսլանդիա- «ԱՌԿԱ»):

Այլ երկրների պրոֆեսիոնալ մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել Հայաստանի բորսային առքուվաճառքներին: Մենք այս գործընթացն, ամենայն հավանականությամբ, կսկսենք 2012 թ.-ին պետական արժեթղթերից, քանի որ դրանք շատ երկրներում ընդունելի են: Այնուհետև կանցնենք բաժնետոմսերին, կորպորատիվ պարտատոմսերին, ֆյուչերսներին: Սա երկարատև գործընթաց է, այն կարող է տևել մեկ-երկու տարի, սակայն մենք աստիճանաբար կներդնենք նոր գործիքներ և հնարավորություններ:

«ԱՌԿԱ» – Կա՞ն IPO գործընթացի ակտիվացման ծրագրեր:

Կ. Սարոյան – Մեզ համար 2012 թ.-ը պետք է օրինակելի դառնա: Առաջին հերթին, բացի բորսային մեխանիզմներից հարկավոր է էակապես ուժեղացնել և ակտիվացնել պոտենցիալ էմիտենտների հետ աշխատանքը: Հաջորդ տարի մենք պետք է ապահովենք բաժնետոմսերի նվազագույնը մի քանի թողարկում:

«ԱՌԿԱ» – Կա՞ն կոնկրետ նախադրյալներ:

Կ. Սարոյան – Ներուժ կա: Մենք այժմ ակտիվորեն հանդիպում ենք պոտենցիալ էիմտենտների հետ, բանակցություններ ենք վարում ընկերությունների հետ, և այս ուղղությամբ ստանում ենք ԿԲ-ի լուրջ աջակցությունը: Կարգավորման և աջակցության տեսակետից ստեղծված են գրեթե բոլոր պայմանները բոլոր մակարդակներում, և կան այն բանի լուրջ նախադրյալները, որ 2012 թ.-ին մենք կունենանք թողարկումներ:

Բանն այն է, որ 2012 թվականը եկամտահարկի արտոնությունների գործողության վերջին տարին է: Ըստ մեր օրենսդրության՝ այն ընկերությունները, որոնք բաժնետոմսեր են թողարկում և համապատասխանում են որոշ չափորոշիչների և պարանիշների, կարող են լիստինգ անցել բորսայում և հարկային արտոնությունների շրջանակներում եկամտահարկի 50-տոկոսանոց կրճատման հնարավորություն ստանալ: Այն ընկերությունները, որոնք լիստինգ կանցնեն մինչև 2012 թ.-ի վերջը, հնարավորություն կունենան երեք տարվա ընթացքում օգտվել այդ արտոնությունից:

Մեկ այլ լուրջ նախադրյալ է կենսաթոշակային բարեփոխումը, որը կոչված է խթանել կապիտալի շուկան, քանի որ դրամական միջոցների լուրջ ներդրումներ են սպասվում: Այդ պատճառով կենսաթոշակային ֆոնդերը կառավարողները գործիքների կարիք կունենան, որոնք հնարավոր կլինի տեղաբաշխել: Իհարկե, առաջին հերթին կտեղաբաշխվեն պետական արժեթղթերը, սակայն հետո աստիճանաբար այս գործընթացը կդիվերսիֆիկացվի բաժնետոմսերի և պարտատոմսերի ուղղությամբ:

Այդ պատճառով որքան շուտ ընկերությունները սկսեն «բացվել», այնքան ավելի ավելի լավ կլինի նրանց համար, նրանց համար հասանելի կդառնան բավականին էժան ռեսուրսներ: Մենք այս ամենը բացատրում ենք ընկերություններին և տեսնում ենք, որ նրանք դա գիտակցում են: Իհարկե, կան դժվարություններ, մասնավորապես՝ կորպորատիվ բնույթի հարցերում, քանի որ բացի տնտեսական արդյունքից հարկավոր է պատրաստ լինել ընդունել կորպորատիվ կառավարման սկզբունքները: Ամբողջ հարցն այն է՝ արդյո՞ք ընկերության սեփականատերը պատրաստ է ընդունել համասեփականատերերի և սեփական ընկերությունը բաց տեսնել:

«ԱՌԿԱ» – Իսկ տնտեսության ո՞ր ոլորտներում եք տեսնում IPO-ի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը:

Կ. Սարոյան – Այն ոլորտներում, որտեղ որոշակի աստիճանով լուծված է տվյալ շուկաների պահանջարկի հարցը, ինչպես նաև այն ոլորտներում, որտեղ թափանցիկություն է ապահովված: Այդպիսի ոլորտներից է հիդրոէներգետիկան: Այստեղ լուծված է պահանջարկի և թափանցիկության հարցը: Հիդրոէներգետիկայի ոլորտը հետաքրքրիր է նրանով, որ այն քիչ է քաղաքականացված: Անհնար է անօրինական կերպով վաճառել էլեկտրաէներգիան: Այստեղ կարելի է բերել «Արցախ ՀԷԿ»-ի օրինակը: Մենք զարգացում ենք տեսնում: Առաջին թողարկումները բարդ էին ընթանում, սակայն այսօր շուկան արդեն սովորել է նրա բաժնետոմսերին, և երրորդ թողարկումն անցավ արդեն ներդրողների կողմից բարձր հետաքրքրության հիման վրա:

Որպես առաջնահերթություն կարելի է դիտարկել նաև ֆինանսական հատվածը, որը բավականին հետաքրքրիր է այն տեսակետից, որ այն թափանցիկ է, կորպորատիվ կառավարման սկզբունքներն այնտեղ արդեն աշխատում են, միայն մնում է, որպեսզի սեփականատերերը ցանկանան ընթանալ IPO-ի ուղով: Մենք ունենք Արարատբանկի փորձը, որն ընտրել է այդ ուղին որպես ռազմավարական և նրանում զարգացման հեռանկար է տեսնում:

Մեկ այլ ոլորտ է առևտուրը, որը զանգվածայնություն է ապահովում: Զանգվածային ծառայությունները բոլորի աչի առաջ են, այդ պատճառով նմանատիպ ընկերություններին ավելի հեշտ է ներգրավել փոքր մասնավոր ներդրողների: Մեր առևտրային ցանցերն արդեն գիտակցում են այս ամենը: Ես չեմ բացառում նաև շինարարության ոլորտը, չնայած անշարժ գույթի շուկան կանգնած է, և ճգնաժամի երկրորդ ալիքի հետ կապված որոշակի բացասական սպասումներ կան: Մեր մարդիկ սովոր են մտածել քառակուսի մետրերով, քանի որ օրինակ տունը կարելի է ժառանգներին թողնել: Եվրոպայում նման բան չկա, այնտեղ ճգնաժամից առաջ էլ անշարժ գույք չէին գնում: Հետաքրքրությունը կարող է առաջանալ քառակուսի մետրերն արժեթղթերին կապելու միջոցով:

«ԱՌԿԱ» – Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կազդի ճգնաժամի երկրորդ ալիքը հայկական ընկերությունների և որպես հետևանք՝ ֆոնդային շուկայի վրա:

Կ. Սարոյան – Հայկական տնտեսության տեսակետից կարող եմ ասել, որ այստեղ ակնկալիքների տարր է առկա: Ակտիվություն չկա, սակայն ոչ այն պատճառով, որ մարդիկ գումար չունեն, այլ այն պատճառով, որ բոլորը ինչ-որ վատ բանի են սպասում: Մարդիկ հիմնականում սպասում են գնանկման, այդ թվում նաև անշարժ գույքի, ավտոմեքենաների գնանկման, նրանք պատրաստ են ներդնել քառակուսի մետրերի մեջ, սակայն «սառել են» ճգնաժամին սպասելով:

Քանի որ փողերը տնտեսություն չեն ուղղվում, կրճատվում է սպառումը: Ընկերությունները, նկատելով պահանջարկի հնարավոր կրճատումը, սկսում են ավելի քիչ միջոցներ ուղղել զարգացմանը, ավելի քիչ ներդնել նոր տեխնոլոգիաների մեջ: Հիմա մարդիկ չգիտեն, թե ուր և ինչի մեջ ներդրում կատարեն, նրանք կայուն ակտիվ են փնտրում:Այս տեսակետից հայկական ընկերությունների բաժնետոմսերը համեմատաբար կայուն են, քանի որ մեզ մոտ շուկան դեռ նոր է ծնվում: Այլ կերպ ասած՝ մեզ մոտ բաժնետոմսերի գինն օբյեկտիվ է, նրա վրա չի ազդում, մասնավորապես, շուկայական գնանշումը:

Այդ պատճառով համեմատաբար անվտանգ է ներդրում կատարել բաժնետոմսերում: Եվ հարցն այն չէ, թե ինչպես է զարգանալու շուկան, այլ այն է, թե ինչպես ընկերության ղեկավարությունը կտօրինի միջոցները: Նա, ով հիմա մասնակցում է առաջնային տեղաբաշխմանը, շահեկան դիրքում կգտնվի:

Այսպիսով, կապիտալի մեր շուկայի վրա ճգնաժամի ազդեցության հարցը միջնորդավորված է, անմիջական ազդեցություն չկա շուկայի զարգացած չլինելու պատճառով: Մեզ լուրջ ռազմավարություն է պետք, և էմիտենտ-ընկերությունը պետք է հասկանա, թե ինչպիսին է իրեն տեսնում 5-10 տարի անց:

«ԱՌԿԱ» – Ինչպե՞ս ինտերնետտեխնոլոգիաների զարգացումը կարող է ակտիվացնել ֆոնդային բորսայի աշխատանքը, ես նկատի ունեմ Internet-trading-ը:

Կ. Սարոյան – Այսօր մեր բանկերն ու ներդրումային ընկերությունները իրենց հաճախորդներին տրամադրում են նման հնարավորություն: Օբյեկտիվորեն մենք՝ որպես NASDAQ OMX ընկերություն կարող ենք ծածկել հատվածները, որոնք ծածկում է խումբն ընդհանուր առմամբ: Բանկերը հնարավորություն ունեն օտարերկրյա բրոքերների միջոցով ծածկել շուկայի ավելի խոշոր հատվածներ:

Այդ պատճառով այս ուղղությամբ մենք չենք շարժվում: Այո, նման գաղափարներ կան, սակայն իրական բիզնես-գործ մենք չենք տեսնում: Բորսայում ինտերնետ-տեխնոլոգիաներ վարելու հարցում կան որոշակի նրբություններ: Մենք հասարակությանն ուղղակիորեն բորսային ծառայություններ չենք տրամադրում: Հետևաբար, ցանկացած մասնավոր ներդրող պետք է գործառնություններ իրականացնի մեր բորսայի անդամների միջոցով:

Կարելի է դիտարկել մի իրավիճակ, որի դեպքում մենք, օրինակ, որոշակի տեխնոլոգիա կտրամադրենք մեր անդամներին, ովքեր կկարողանան այն տրամադրել իրենց հաճախորդներին: Սակայն նորից եմ կրկնում այս փուլում մենք ավելի շատ կենտրոնանում ենք բորսային ծառայությունների որակը բարելավելու վրա:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը (ՖՈՏՈ)

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը վերաբացվեց՝ նոր ու ժամանակակից դիզայնով

Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025թ․–ի փետրվարին գերազանցել է 13 մլրդ դոլարը

2024 թվականի դեկտեմբերի 31-ին պետական պարտքը կազմել էր 12 842.240 միլիոն դոլար

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Կոնվերս Բանկն ամբողջականացրել է իր ծառայությունները Premium սեգմենտի հաճախորդների համար՝ վերջիններիս առաջարկելով բարձրակարգ սպասարկում, անհատական մոտեցում և ծառայությունների համալիր ամբողջություն

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img