Հայաստանն ամրապնդել է ներդրողների իրավունքների պաշտպանության գործընթացը. Doing Business վարկանիշ

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ամրապնդել է ներդրողների իրավունքների պաշտպանության գործընթացը, ասվում է Համաշխարհային Բանկի մամուլի ծառայության` Doing Business 2013 վարկանիշի վերաբերյալ մեկնաբանությունում։

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի Doing Business – 2013 ամենամյա վարկանիշում Հայաստանը բարձրացել է 18 կետով` 50–րդի փոխարեն զբաղեցնելով 32–րդ հորիզոնականը։

Doing Business-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն, նոր վարկանիշում Հայաստանը գտնվում է Նիդեռլանդների (31-րդ տեղ) և Բելգիայի (33-րդ տեղ) մեջտեղում՝ հետևում թողնելով Ֆրանսիային (34-րդ տեղ), Իսրայելին (38-րդ տեղ), Հարավաֆրիկյան Հանրապետությանը (38-րդ տեղ), Իսպանիային (44-րդ տեղ):

Հայաստանն իր ցուցանիշը բարելավել է մի շարք կատեգորիաներում, դրանցից են մասնավորապես «շինարարության թույլտվություն ստանալը» (46-րդ տեղ՝ անցած տարվա 49-ի փոխարեն), «էներգամատակարարման համակարգին միանալը» (101-րդ տեղ՝ 143-ի փոխարեն), «ներդրողների պաշտպանությունը» (25-րդ տեղ՝ 98-ի փոխարեն), «հարկումը» (108-րդ տեղ՝ 152-ի փոխարեն):

Միաժամանակ մի շարք կետերում գնահատականների նվազում է արձանագրվել: Մասնավորապես «ձեռնարկությունների գրանցում» կատեգորիայում Հայաստանը 10-րդ տեղից անցել է 11-րդ տեղ, «վարկավորում» կատեգորիայում 38-ից 40, «միջազգային առևտուր» կատեգորիայում՝ 106-ից 107-րդ տեղ:

Փոփոխություն չկա «սեփականության գրանցում» (4 տեղ), «պայմանագրերի կատարման ապահովում» (91), «անվճարունակության թույլտվություն» (63) կատեգորիաներում:

«Հայաստանը (Doing Business 2013 հաշվետվությունում դասված 32-րդ տեղում) ամրապնդել է ներդրողների պաշտպանությունը՝ ներդնելով բաժնետերերի կողմից փոխկապակցված անձանց հետ գործարքների հաստատման պահանջ, պահանջելով տարեկան հաշվետվությունում այդպիսի գործարքների ավելի լայն բացահայտում և ավելի դյուրին դարձնելով դատական կարգով ղեկավար անձանց հետապնդումը, երբ այդպիսի գործարքները վնաս են պատճառում: Ավելին, այն դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստանալը՝ պարզեցնելով ընթացակարգերն ու նվազեցնելով միացման վճարները»,– նշում են ՀԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Հայաստանում պարզեցվել է ընկերությունների ղեկավարության ներկայացուցիչների դեմ դատական հայցերի ներկայացման ընթացակարգն այն դեպքերում, երբ գործարքները վնաս են հասցնում։

Համաշխարհային կտրվածքով՝ Սինգապուրը յոթերորդ տարին անընդմեջ պահպանում է գործարարությամբ զբաղվելու դյուրինությամբ առաջատարի դիրքը՝ համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Նրան են միացել գործարարության համար առավել բարենպաստ կանոնակարգեր ունեցող 10 տնտեսությունների ցանկում ընդգրկված երկրները՝ Հոնգ Կոնգի հատուկ վարչական շրջանը, Չինաստանը, Նոր Զելանդիան, Միացյալ Նահանգները, Դանիան, Նորվեգիան, Միացյալ Թագավորությունը, Կորեայի Հանրապետությունը, Վրաստանը և Ավստրալիան:

Հետխորհրդային տարածքի պետությունների թվում առաջատար հորիզոնական են զբաղեցնում Վրաստանը (9-րդ տեղ), Էստոնիան (21-րդ տեղ), Լատվիան (25-րդ տեղ), Լիտվան (27-րդ տեղ), Հայաստանը (32-րդ տեղ), Ղազախստանը (49-րդ տեղ), Բելառուսը (58-րդ տեղ), Ադրբեջանը (67-րդ տեղ), Ղրղըզստանը (70), Մոլդավիան (83), Ռուսաստանը (112), Ուկրաինան (137), Տաջիկստանը (141), Ուզբեկստանը (154):

Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ամերիկայի երկրներն այս տարի ընդհանուր առմամբ առաջ են անցել Արևելյան Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներից: Այսպիսով՝ ՏՀԶԿ անդամ-երկրներից հետո այդ տարածաշրջանը երկրորդն է աշխարհում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար բարենպաստ պայմաններ ստեղծելու առումով:

Վարկանիշը եզրափակում է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը:–0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

Կապիտալի շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img