IFC–ն և ԱԶՍԲ–ը 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» ընկերությանը

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Միջազգային ֆինանսական ընկերությունը (IFC) և Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) 5 մլն դոլարի չափով վարկ են տրամադրել «Եվրոթերմ» հայկական ընկերությանը (ապրանքանիշը` «Նոյան»)։ Երեք կողմերի ներկայացուցիչները յոթ տարի ժամկետով համապատասխան վարկային համաձայնագիրը ստորագրել են ուրբաթ։

«Եվրոթերմ» ընկերությանը վարկը տրամադրվում է IFC–ի և ԱԶՍԲ–ի կողմից հավասար մասերով (2,5–ական մլն դոլարի չափով)` մայր գումարի վճարման երկամյա երկարաձգման ժամկետով։ Բացի վարկավորումից, IFC-ն ընկերությանը նաև խորհրդատվություններ է տալու արտադրանքի անվտանգության ռիսկերի վերահսկման համակարգը պահպանելու համար:

«Տվյալ նախագիծը Հայաստանի տնտեսության իրական հատվածում իրականացվող ներդրում է։ Մենք ուրախ ենք IFC–ի հետ համատեղ մասնակցել այդ ծրագրին, և սա մեր առաջին նման համագործակցությունն է հանրապետությունում»,– հայտնել է ԱԶՍԲ ներկայացուցիչ Ալեքսեյ Ալեքսեևը` Հայաստանում համագործակցության և ֆինանսավորվող ընկերությունների ցուցակի ընդլայնման հույս հայտնելով։ Նա նշել է, որ «Նոյան» արտադրանքը հնարավոր է տեսնել շատ խոշոր առևտրային կենտրոնների վաճառասեղաններին, այդ թվում նաև Մոսկվայի կենտրոնում գտնվող Ելիսեյան գաստրոնոմում, որը «Սննդամթերքի բոլոր արտադրողների Մեքքան է»։

IFC-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հարավային Աֆրիկայի երկրներում ագրոբիզնեսի և ծառայությունների, արտադրության տնօրեն Գի Ելենան (Guy Ellena) նշել է, որ ընկերության համար շատ կարևոր է գյուղատնտեսական հատվածի ֆինանսավորումը, քանի որ այն Հայաստանում խոշորագույն գործատուն է, որն արտահանման մեծ ներուժ ունի։

«Մեզ իսկապես եզակի հնարավորություն է ընձեռվել գյուղատնտեսության զարգացումը կայուն մակարդակում պահելու համար»,– ընդգծեց նա։

Իր կողմից «Եվրոթերմ» ընկերության հիմնադիր և նախագահ Էդուարդ Ղազարյանն իր կողմից շնորհակալություն հայտնելով ներդրողներին` ասել է, որ տրամադրված միջոցները կնպաստեն բիզնես ծրագրերի և հավաստագրման գործընթացների զարգացմանը։

«Եվրոթերմ» ՓԲԸ–ն Հայաստանի առաջատար ձեռնարկություններից մեկն է գյուղատնտեսական մթերքների վերամշակման և հյութերի, նեկտարների և խմիչքների արտադրության ոլորտում։

Առևտրի և զարգացման սևծովյան բանկը (ԱԶՍԲ) միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հետ կապված մարմնի կարգավիճակ ունի:

ԱԶՍԲ-ն ընդհանուր առմամբ 1999 թվականից Հայաստանում ֆինանսավորել է 50 մլն եվրո արժողության 12 նախագիծ և մտադիր է մինչև 2015 թվականը կրկնապատկել այդ թիվը։Բանկի անդամ են՝ ՌԴ-ն, Հունաստանը, Թուրքիան, Ռումինիան, Բուլղարիան,  Ուկրաինան, Ադրբեջանը, Ալբանիան, Հայաստանը, Մոլդովան, Վրաստանը:

Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն համաշխարհային զարգացման ամենախոշոր հաստատությունն է, որի ուշադրությունն ուղղված է բացառապես մասնավոր հատվածին: Հայաստանը IFC–ի անդամ է 1995թ.–ից ի վեր։ Հայաստանում IFC ներդրումային պորտֆելը 2012թ.–ի դեկտեմբերի 31–ի դրությամբ կազմել է 138,7 մլն դոլար։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ավելի քան 578 հազ. թոշակառու հետվճար է ստանում․ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն արձագանքել է վճարումների ուշացումների մասին տեղեկություններին

Հայաստանում անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի  ծրագրից օգտվող կենսաթոշակառուների թիվը հասել է 578 331-ի՝ 2026 թ.-ի հունվարի համեմատ աճելով 39%-ով։

Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով (ՎԻԴԵՈ)

HYPHEN4 ԼԱԲ կրթական և հետազոտական հասարակական կազմակերպությունը, երիտասարդների և ուսանողների ներգրավմամբ, նորարարական լուծումներով քարտեզագրում և տեսանելի է դարձնում Հայաստանի տարբեր վայրերի շենքերն ու հանրային տարածքները՝ ներկայացնելով այն ամենը, ինչը նույնիսկ արբանյակային պատկերով հնարավոր չէ նկատել։

Հայաստանի պետական պարտքը 2027թ․–ին կանխատեսվում է ՀՆԱ–ի 47,2%–ի մակարդակում․ ԿԲ նախագահ

Հայաստանի պետական պարտքը 2027 թվականին, կանխատեսման համաձայն, 2026 թվականի սպասվող ցուցանիշի համեմատ կավելանա մոտավորապես 0,7 տոկոսային կետով և կկազմի ՀՆԱ-ի 47,2%-ը

CUBE Invest-ը ներգրավել է 5 մլրդ դրամ․ որքա՞ն կարելի է վաստակել պարտատոմսերով, և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել

Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտաբերությունը, ինչի՞ն է ընկերությունը նախատեսում ուղղել ներգրավված միջոցները և ի՞նչ ռիսկեր պետք է հաշվի առնել․ այս հարցերին է անդրադարձել CUBE Invest-ի գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանն «ԱՌԿԱ» գործակալության հետ զրույցում

ՀՀ ֆինանսների նախարարությունը հետևում է վարկերի և ավանդների տոկոսադրույքների միջև տարբերության ընդլայնմանը

Հայաստանի ֆինանսների նախարարությունը հետևում է բանկերի կողմից ներգրավվող միջոցների և տրամադրվող վարկերի տոկոսադրույքների միջև տարբերության աճին, չորեքշաբթի  Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img