Ազգային հիփոթեքային ընկերությունը NASDAQ OMX Armenia-ում 1,2 մլրդ դրամի հնգամյա պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Ազգային հիփոթեքային ընկերություն» ունիվերսալ վարկային կազմակերպությունը NASDAQ OMX Armenia հարթակում տեղաբաշխել է 1,2 մլրդ դրամի անվանական արժեկտրոնային պարտատոմսեր, որոնք ներառվել են Abond բորսայական ցուցակում, չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց ՈւՎԿ-ի տնօրեն Մհեր Եդիգարյանը:

Նրա խոսքերով՝ ընկերությունը տեղաբաշխման համար ներկայացրել է 10 հազար անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 1,2 մլրդ դրամ ծավալով, հինգ տարվա (60 ամիս) մարման ժամկետով, 12 տոկոս արժեկտրոնային եկամուտով:

Նա նաև տեղեկացրեց, որ ՈւՎԿ-ի պարտատոմսերի մարքետմեյքերը «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն է, որն արդեն երկար տարիներ աջակցում է ընկերությանը պարտատոմսերի թողարկման հարցում:

«Ընկերությունն առաջինն էր, որ օգտագործել է NASDAQ OMX Armenia հարթակը պարտատոմսերի տեղաբաշխման համար, ինչն աննախադեպ էր հայկական շուկայի համար, ընկերությունը կարողացավ զգալի հաջողությունների հասնել», – ասաց Եդիգարյանը:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանն իր հերթին նշեց, որ տեղաբաշխումը բավականին հաջող էր,  և պարտատոմսերը զգալի պահանջարկ ունեին:

ՈւՎԿ-ի անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առաջին տեղաբաշխումը տեղի է ունեցել հունիսի 27-ին, երբ ընկերությունը տեղաբաշխման համար ներկայացրեց 10 հազար անվանական արժեկտրոնային պարտատոմսեր՝ 1,2 մլրդ դրամ ծավալով, հինգ տարի (60 ամիս) մարման ժամկետով, 12 տոկոս արժեկտրոնային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերն ամբողջովին տեղաբաշխվել են: Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է մոտ 2 597 801 450 դրամ, ինչի արդյունքում ընկերությունը ներգրավել է 1 207 800 730 դրամ: Պարտատոմսերի միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 11.824 տոկոս՝ 11.9998 տոկոսի սահմանային եկամտաբերությամբ:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները կուղղվեն Կազմակերպության և Ֆրանսիական Զարգացման Գործակալության կողմից համատեղ իրականացվող բնակարանային միկրո և էներգոարդյունավետության բարելավման վարկավորման ծրագրի շրջանակներում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի վերաֆինանսավորմանը։

Նախատեսվում է տրամադրել երկու տեսակի վարկեր: Վարկատեսակ 1՝ փոքր և միկրո վարկեր (500-ից – 4000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ) բնակարանային վերանորոգման համար: Վերանորոգման վարկերը  կտրամադրվեն առնվազն 5 տարի մարման ժամկետով, վարկի մարման մինչև մեկ տարվա արտոնյալ ժամանակահատվածով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 14% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկի գումարի 50%-ն ուղղված է բնակարանի էներգոարդյունավետության բարձրացմանը, ապա վարկի գումարի 10% չափով կտրամադրվի դրամաշնորհ և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

Վարկատեսակ 2՝ միջին գումարի վարկեր (4001-ից – 10,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ)` բնակարանային վերանորգման և էներգոարդյունավետության բարձրացման համար: Այս՝ էներգոարդյունավտությանն ուղղված վերանորոգման վարկերը կտրամադրվեն առնվազն 10 տարի մարման ժամկետով, մինչև 2 տարի արտոնյալ ժամկետով (այս ընթացքում պարտադիր մարման ենթակա են միայն վարկի տոկոսները), առավելագույնը 11% տարեկան տոկոսադրույքով: Եթե վարկով ֆինանսավորված աշխատանքների շնորհիվ բնակարանի էներգոարդյունավետությունը կբարձրանա 40%-ով, ապա վարկառուն կստանա դրամաշնորհ վարկի 5%-ի չափով և այդ գումարով կնվազեցվի վարկի ընթացիկ մնացորդը:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել է և արտոնագրվել ՀՀ ԿԲ-ի կողմից 2011 թ.-ի հոկտեմբերի 19-ին 1/1167А որոշմամբ (թիվ 26 լիցենզիա, 16.06.2009): Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը ՀՀ ԿԲ-ն է ($1 – 407,29 դրամ): –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Արտերկրից Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը 9 ամսում աճել է գրեթե 2 անգամ

2026 թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի բանկային համակարգի միջոցով արտերկրից ֆիզիկական անձանց անունով ստացված անդրսահմանային փոխանցումների զուտ ներհոսքը գերազանցել է 2 մլրդ դոլարը՝ 2025 թ.-ի հունվար-սեպտեմբերի 1,02 մլրդ դոլար ցուցանիշի համեմատությամբ։

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում (ՎԻԴԵՈ)

Դեռ 7 տարի առաջ «Դիլի Թաունի» կոնցեպտը զուտ գաղափար էր, իսկ այսօր այն Հայաստանի համար վերածվել է եզակի համալիրի՝ «քաղաք՝ քաղաքի ներսում»

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ հանգեցնի վարկերի թանկացմանը. ՀՀ ԿԲ նախագահը բացատրել է՝ ինչու

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը պարտադիր չէ, որ ենթադրի բանկերի կողմից տրամադրվող վարկերի թանկացում, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

ԿԲ–ն իրականացնում է արժութային ինտերվենցիաներ շուկայում ցնցումները կանխելու համար․ Գալստան

Հայաստանի Կենտրոնական բանկն օտարերկրյա կապիտալի զգալի ներհոսքի պայմաններում պարբերաբար իրականացնում է արժութային ինտերվենցիաներ՝ արժութային շուկայում լուրջ ցնցումները կանխելու համար, հայտարարել է ԿԲ նախագահը

ԿԲ Խորհուրդը երկրորդ անգամ անընդմեջ բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%–ի

ՀՀ ԿԲ Խորհուրդը երեքշաբթի նիստի ժամանակ որոշում է ընդունել տոկոսադրույքը բարձրացնել 0,25% – ով՝ 6,75%–ից մինչև 7%։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img