Հայաստանում ԱՀԸ–ի «Ջերմ օջախ» ծրագրով տրամադրվել է 522 մլն դրամի 295 վարկ

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ազգային հիփոթեքային ընկերության (ԱՀԸ) «Ջերմ օջախ» ծրագրի իրականացման շրջանակում Հայաստանում արդեն տրամադրվել է 522 մլն դրամի 295 վարկ, որից 54,2 տոկոսը կամ 277,1 մլն դրամը տրամադրվել է երկրի մարզերում, չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

«Ջերմ օջախ» սոցիալական էներգաարդյունավետ բնակարանային ֆինանսավորման ծրագիրը մեկնարկել է 2014 թ.–ի հուլիսին։ Ծրագրի նպատակն է տրամադրել մատչելի վարկեր եկամուտի ցածր և միջին մակարդակ ունեցող ընտանիքներին բնակարանների պայմանների բարելավման համար, որոնք կունենան էներգաարդյունավետ բաղադրիչ։

Ոսկանյանի խոսքով` էներգաարդյունավետ բաղադրիչի առկայության դեպքում բնակարանները վերանորոգելիս փոխառուները Եվրոպական հարևանության ներդրումային ինստիտուտի ֆինանսավորման միջոցով հնարավորություն կստանան մարել վարկի մայր գումարը։ Նրանց կտրամադրվեն նաև բոնուսներ դրամաշնորհների տեսքով` տրամադրված վարկի սկզբնական գումարի 5–10 տոկոսի չափով։

Ինչպես նշեց Ոսկանյանը, ԱՀԸ–ի «Ջերմ օջախ» ծրագրով տրամադրվում է վարկավորման պրոդուկտների 2 տեսակ` միկրովարկեր բնակարանի վերանորոգման համար և վարկեր էներգաարդյունավետության գծով։

ԱՀԸ–ի տվյալներով` այսօրվա դրությամբ տրամադրվել է 503,9 մլն դրամի 293 միկրովարկ և էներգաարդյունավետության գծով 18,5 մլն դրամի 4 վարկ։

Մասնավորապես, բնակարանի վերանորոգման համար նախատեսված միկրովարկերը տրամադրվում են 275 հազարից մինչև 2,2 մլն դրամի չափով` 14% առավելագույն արդյունավետ տոկոսադրույքով և 5 տարի մարման նվազագույն ժամկետով։

«Եթե այդ վարկն օգտագործելիս միջոցների 50 տոկոսը կամ ավելին ծախսվում է ջեռուցման սարքերի ձեռքբերման համար (նոր էներգախնայող պատուհաններ, ջերմամեկուսացում, արտաքին դռների փոխարինում, ինչպես նաև ջեռուցման արևային համակարգերի ներդրում), ապա Եվրոպական հարևանությունը փոխառուներին տրամադրում է բոնուս` 10 տոկոսի չափով։ Այս ամենը թույլ է տալիս նվազեցնել արդյունավետ տոկոսադրույքը` 14 տոկոսից հասցնելով 10,5 տոկոսի», – պարզաբանեց նա։

Նա նաև ավելացրեց, որ ծրագիրն ունիմարման արտոնյալ ժամանակահատված` 6 ամսից մինչև 24 ամիս։

Միաժամանակ Ոսկանյանը նշեց, որ վարկի երկրորդ տեսակի առանձնահատկությունն այն է, որ փոխառուներն ամենասկզբից պետք է նախօրոք այնպես ծրագրեն իրենց ծախսերը, որ դրանց 70 տոկոսն ուղղվի էներգախնայող սարքերի և շինարարական նյութերի ձեռքբերմանը։

Էներգաարդյունավետության վարկերը տրամադրվում են 2,2–5,5 մլն դրամի չափով` 11% առավելագույն արդյունավետ տոկոսադրույքով։ Այդ դեպքում Եվրոպական հարևանությունը փոխառուներին տրամադրում է դրամաշնորհներ` վարկի սկզբնական գումարի 5 տոկոսի չափով 40% էներգախնայողությամբ բնակարանի վերանորոգման համար։ «Ստացված բոնուսը թույլ կտա նվազեցնել արդյունավետ տոկոսադրույքը։ Միաժամանակ այս վարկը, ի տարբերություն միկրովարկից, գրավ է պահանջում», – նշեց նա։

Ոսկանյանի խոսքով` «Ջերմ օջախ» ծրագրով Եվրոպական հարևանության ինստիտուտի ֆինանսավորմամբ 22 ընտանիքներ ստացել են 3,56 մլն դրամի բոնուսներ դրամաշնորհների տեսքով։

«Ջերմ օջախ» վարկային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 13 մլն դոլար։ «Մենք օգտագործել ենք միայն մի մասը` 3 մլն դոլարի չափով։ Առաջին մասի արագ տեղաբաշխման դեպքում ԱՀԸ–ն կանցնի այս ծրագրի հաջորդ տրանշերին», – ասաց նա։

«Ջերմ օջախ» ծրագիրն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից Ֆրանսիայի զարգացման գործակալության (Agence Francaise de Developpement) ֆինանսական աջակցությամբ, իսկ տեխնիկական օգնության բաղադրիչը ֆինանսավորվում է Եվրոպական հարևանության ներդրումային ինստիտուտի կողմից (EU Neighbourhood Investment Facility)։

Ծրագրով վարկավորումն իրականացվում է Ազգային հիփոթեքային ընկերության գործընկերների` բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով։

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, որը գրանցվել և արտոնագրվել է ԿԲ–ի կողմից 2011 թ.–ի հոկտեմբերի 19–ի 1/1167А որոշմամբ (թիվ 26 արտոնագիր)։ Ընկերության միակ բաժնետերն ու հիմնադիրը Հայաստանի կենտրոնական բանկն է  ($1 – 483,66 դրամ)։ -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ՀՀ կառավարությունը սահմանել է օտարերկրյա պետությունների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման կարգը

Որոշմամբ հաստատվել են երեք հավելվածներ, որոնք կարգավորում են օտարերկրյա իրավասու մարմիններին տեղեկությունների փոխանցումը, նրանցից տվյալների ստացումը և փոխանցված տեղեկությունների պահպանությունը

Հայաստանի բանկերի շահույթը 9 ամսում աճել է 8,6%–ով՝ մինչև 334,4 մլրդ դրամ

Հայաստանի բանկերի համախառն շահույթը հարկումից հետո 2026 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է 334.44 մլրդ դրամ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 307.87 մլրդ դրամի համեմատ: Աճը կազմել է 8.63%, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

Հայաստանի երկու բանկ III եռամսյակում ապահովել են բանկային հատվածի ակտիվների և վարկային ներդրումների աճի կեսը

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները III եռամսյակում ավելացել են 625.78 մլրդ դրամով կամ 4.52%-ով՝ սեպտեմբերի 30-ի դրությամբ հասնելով 14.46 տրլն դրամի

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026թ․–ի սեպտեմբերի վերջին աճել են 20,82% –ով՝ մինչև 14,46 տրլն դրամ

Հայաստանի բանկերի համախառն ակտիվները 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 14.46 տրլն դրամ՝ 2025 թվականի սեպտեմբերի 30-ի համեմատ ավելանալով 20.82%-ով, նշվում է «ԱՌԿԱ» գործակալության օպերատիվ տեղեկագրում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img