ՀՀ ԿԲ-ն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` մինչև 6%

ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 6.0%:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունը, 2017 թ. հունվարին արձանագրվել է 2.6% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.2%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնանկումը մեղմվել է՝ կազմելով 0.6%:

Արտաքին հատվածում ձևավորված միտումներն հիմնականում պահպանվել են. համաշխարհային տնտեսությունը շարունակում է աճել դանդաղ տեմպերով, իսկ միջազգային ապրանքային շուկաներում պահպանվել են որոշ գնաճային զարգացումներ:

ԿԲ խորհուրդը գնահատել է, որ առաջիկա ամիսներին արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություններ չեն ակնկալվում:

Հաղորդագրության համաձայն, խորհուրդն արձանագրել է, որ 2016 թ-ի համար տնտեսական աճի գնահատականները նվազել են՝ պայմանավորված հիմնականում առաջարկի գործոնների ազդեցությամբ: Միաժամանակ, աստիճանաբար վերականգնվում է ներքին պահանջարկը՝ առավելապես ի հաշիվ 2015-2016 թթ-ի ընթացքում իրականացված խթանող դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների:

«Նախորդ կանխատեսման համեմատ որոշ ոչ պարենային ապրանքների ակնկալվող ցածր գների ձևավորման և հունվարից գազի, իսկ փետրվարից էլեկտրաէներգիայի սակագների իջեցման պարագայում, գնաճի նպատակին հասնելու հետագիծը կլինի փոքր ինչ ավելի դանդաղ», – հաղորդել են ԿԲ-ից:

Հաշվի առնելով նշված գործոնները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատ 2017 թ-ին Կառավարության կողմից նախանշված զսպողական հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար և հնարավոր է գտնում այս անգամ ևս թուլացնել դրամավարկային պայմանները:

ԿԲ խորհուրդը մնացել է այն կարծիքին, որ մինչ օրս իրականացված քաղաքականությունը ստեղծել է բավարար խթաններ՝ 2017 թ-ին գնանկումային միջավայրի չեզոքացման և կանխատեսվող հորիզոնում գնաճի նպատակի իրագործման համար, սակայն ավանդական դրամավարկային քաղաքականության ապագա հնարավորությունները մնում են սահմանափակ:

Այնուամենայնիվ, հավատարիմ մնալով գների կայունության ապահովման խնդրին, ԿԲ-ն, անհրաժեշտության դեպքում, իր գործիքակազմով համարժեքորեն կարձագանքի՝ միջնաժամկետ հատվածում ապահովելով գնաճի նպատակի իրագործումը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 7.5% և 4.5%:

Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ մինչև 2017 թ. փետրվարի 24-ը հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2017թ. առաջին եռամսյակի ծրագրում):

2015 թ.-ի երկրորդ կեսից ԿԲ-ն սկսել է աստիճանաբար նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Արդյունքում, այդ ցուցանիշը 2015 թ.-ի 10,5 տոկոսից նվազել է մինչև 6,25 տոկոս 2016 թ.-ի դեկտեմբերին: Այդ ժամանակահատվածում կարգավորիչը նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11 անգամ, միայն 2016 թ.-ին` 8 անգամ: -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img