Fitch–ը կանխատեսում է Հայաստանի կողմից ֆիսկալ քաղաքականության խստացում 2027 թ․–ից հետո

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի/ԱՌԿԱ/ Հայաստանի մասին նոր զեկույցում Fitch Ratings-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ ՀՀ իշխանությունները կխստացնեն իրենց ֆիսկալ քաղաքականությունը։

Նշվում է, որ գրանցելով նախատեսվածից ցածր բյուջետային պակասուրդ, ՀՀ-ն 2024 թ.-ին մեղմացրել է ֆիսկալ քաղաքականությունը, որպեսզի ապահովի պաշտպանության համար նախատեսված ավելի բարձր ծախսեր և ԼՂ փախստականների վերականգնումը։

«Մենք կանխատեսում ենք, որ այս ծախսերը կնվազեն 2025 թ.-ից հետո, սակայն ֆիսկալ ոչ ճկուն քաղաքականությունը կմնա բարձր՝ կապված համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման (միջնաժամկետ հեռանկարում տարեկան ծախսերը, կանխատեսումների համաձայն, կբարձրանան մինչև ՀՆԱ-ի 0.8%-ը) և  սոցիալական այլ ծախսերի հետ», – ասվում է ուսումնասիրության մեջ։

Fitch-ը կանխատեսում է, որ 2025-ին բյուջեի պակասուրդը կաճի մինչև ՀՆԱ-ի 5.4%-ը, իսկ 2026-27 թթ.-երին կնվազի՝ կազմելով միջինը 4,4%։

«2026-2030 թթ.-երի միջնաժամկետ ծախսերի ծրագրին համապատասխան, իշխանությունները 2027 թ.-ից հետո ակնկալում են ֆիսկալ քաղաքականության զգալի խստացում՝ մինչև 2030 թ.-ը պակասուրդը ՀՆԱ-ի 1%-ի հասցնելու համար: Fitch-ը սա լավատեսական է համարում՝ հաշվի առնելով եկամուտների թիրախային ցուցանիշների հետ կապված ռիսկերը», – նշվում է զեկույցում:

Fitch-ի կարծիքով, Հայաստանի իշխանություններ կպահպանեն ավելի խիստ ֆիսկալ կանոններ, որոնք ուժի մեջ կմտնեն, երբ համախառն պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գերազանցի 50%-ը, ներառյալ առաջնային ընթացիկ ծախսերի աճի սահմանափակումը անվանական ՀՆԱ աճի պատմական տեմպից ցածր։ Կապիտալ ծախսերը կգերազանցեն բյուջեի պակասուրդը՝ բյուջետային կանոններին համապատասխան, չնայած Fitch-ն ակնկալում է, որ հզորությունների սահմանափակումները կշարունակեն սահմանափակել նախագծերի իրականացումը։

Գործակալության փորձագետները կանխատեսում են պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճ մինչև 51.3% 2025 թվականին՝ 2024 թվականի 48%-ից, ինչը պայմանավորված է բյուջետային պակասուրդի աճով և ավանդների կուտակման սպասվող տեմպերով։ «Մենք կանխատեսում ենք, որ այն կբարձրանա մինչև 54.2% 2027 թվականին, ինչը համապատասխանում է BB վարկանիշային կատեգորիայի ներկայիս միջին ցուցանիշին։ «Մենք ակնկալում ենք արտաքին փոխառություններից ավելի մեծ կախվածություն ավելի թանկ ներքին շուկայում մի քանի տարվա ֆինանսավորումից հետո», – ասվում է զեկույցում։

Նշվում է, որ 2025 թվականի մարտին Հայաստանը թողարկել է 750 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր՝ 50%-ով գերազանցելով սկզբնական թողարկման պլանը՝ 313 միլիոն դոլարի մարման ժամկետը երկարաձգելու, միջազգային պահուստները համալրելու և ներքին շուկաներ ներգրավելու անհրաժեշտությունը նվազեցնելու նպատակով։ Fitch-ը կարծում է, որ 2025-2026 թվականներին հետագա արտաքին թողարկումները քիչ հավանական են։

Հուլիսի 18-ին հրապարակված զեկույցում Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ արտարժույթով թողարկողի դեֆոլտի վարկանիշը «BB-» մակարդակում՝ «կայուն» կանխատեսմամբ։

Թվեր և կանխատեսումներ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

2025 թվականի պետական բյուջեում Հայաստանի տնտեսական աճը կանխատեսվում է 5.1%։ Կենտրոնական բանկի այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության հաշվետվության համաձայն՝ 2025 թվականի վերջին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 5.1-4.6%՝ կախված սցենարից (A-B), 2026 թվականին՝ 4.9-4.4%, 2027 թվականին՝ 4.7-5%:

ԵԱԶԲ-ն կանխատեսում է, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2025 թվականին կկազմի 5.5%: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4%-ով, Արժույթի միջազգային հիմնադրամը՝ 4.5%-ով, Վերակառուցման և զարգացման բանկը (ՎԶԵԲ)՝ 5%-ով, իսկ Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ)՝ 6%-ով: Fitch Ratings-ի կանխատեսմամբ՝ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 4.9%-ով, իսկ ՄԱԿ-ը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսությունը 2025 թվականին կաճի 5.2%-ով։

Պետական պարտքի մասին

Ըստ ԱՎԾ–ի՝ Հայաստանի ընդհանուր պետական պարտքը 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ կազմել է ավելի քան 13.73 միլիարդ դոլար՝ 2024 թվականի դեկտեմբերի 30-ի 12.84 միլիարդ դոլարի համեմատ: Ընդհանուր պարտքի կառուցվածքում արտաքին պարտքը կազմում է ավելի քան 6.9 միլիարդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ ավելի քան 6.7 միլիարդ դոլար:

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

Եվրոյի փոխարժեքը շարունակում է նվազել, դոլարն ու ռուբլին աճել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․37 կետով և կազմել 433․76 դրամ, ռուբլին աճել է 0․0216 կետով և կազմել 4․6501 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով, դոլարը նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 3․82 կետով և կազմել 437․43 դրամ, ռուբլին աճել է 0․0961 կետով և կազմել 4․6885 դրամ

Եվրոյի ու ռուբլու փոխարժեքը նվազել է, դոլարը շարունակում է աճել․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 1․63 կետով և կազմել 436․15 դրամ, ռուբլին նվազել է 0․0817 կետով և կազմել 4․5802 դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img