ԵՐԵՎԱՆ, 27 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Վերջին տարիներին Հայաստանում ներդրումներ կատարելու նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է, դրա հետ մեկտեղ աճել է նաև մատչելի գործիքների անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան առաջին քայլերը կատարել ֆինանսական շուկայում։
Հնարավո՞ր է ներդրումներ սկսել ընդամենը 10-20 հազար դրամով, և ինչո՞ւ է սխալ այն կարծիքը, թե «ներդրում կատարելը միայն հարուստների համար է»։ Freedom Broker Armenia–ի մասնավոր ներդրումների բաժնի ղեկավար Արման Խաչատրյանը «ԱՌԿԱ» գործակալության հետ հարցազրույցում անդրադարձել է այն հարցերին, թե ինչպես են ժամանակակից տեխնոլոգիաները ներդրումային շուկան հասանելի դարձնում բոլորի համար, որտեղից պետք է սկսել և ինչ միֆեր կան, որոնք ամենից հաճախ խանգարում են մարդկանց անել առաջին քայլը։
«ԱՌԿԱ»․ Freedom Broker Armenia-ն ակտիվորեն առաջ է մղում մատչելի ներդրումների գաղափարը: Հնարավո՞ր է այսօր սկսել ներդրումներ կատարել փոքր գումարով, օրինակ՝ 50,000 կամ 100,000 դրամով:
Ա. Խաչատրյան. այո, իհարկե։ Կարելի է սկսել նույնիսկ 10,000-20,000 դրամով։ Մենք սահմանափակումներ չունենք այն գումարի մասով, որով կարելի է սկսել կամ ինտեգրվել այս գործընթացին։ Իհարկե, կատարյալ դիվերսիֆիկացում 10-12 դիրքերով չի լինի, բայց կարելի է ստեղծել երկու հիանալի դիրք, օրինակ՝ գնել ETF կամ պարտատոմս կամ բաժնետոմս, որը կառաջարկեն մեր վերլուծաբանները։ Նման դիվերսիֆիկացումը հետագայում կհանգեցնի որոշակի շահույթի։
«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս են տեխնոլոգիաները և ֆինտեխ հարթակները փոխել Հայաստանում մանրածախ ներդրողների համար ներդրումային շուկա մուտքի շեմը։
Ա. Խաչատրյան. նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուն զուգընթաց տեխնոլոգիական ոլորտի ինտեգրումը ֆինանսական ոլորտին հաջող է եղել, քանի որ հիմա ներդրում անելն ավելի հասանելի է դարձել բնակչության և ներդրողների համար, կարելի է ներդրում կատարել պարզապես մեկ կամ երկու հպումով։
Ներդրումների շուկան կարելի է ուսումնասիրել, պատկերացում կազմել մեր Freedom Broker Armenia հարթակում, որտեղ ներկայացված են ինչպես վերլուծական տվյալներ, այնպես էլ դիրքեր: Ամեն ինչ հասանելի է. դեպի ներդրումային աշխարհ ճանապարհը կարելի է սկսել մեկ կոճակից։
«ԱՌԿԱ»․ այսօր շատերը կարծում են, որ «ներդրում կատարելը հարուստների համար է»։ Ի՞նչ է անում Freedom Broker Armenia-ն այս միֆը ցրելու համար։ Ի՞նչ այլ մոլորություններ կան, որոնք խոչընդոտում են ներդրումներ կատարելուն։
Ա. Խաչատրյան. կարող եմ ավելացնել ևս մեկ տարածված պնդում. «Չեմ հասկանում, վախենում եմ»։ Նման կարծիքը հանգեցնում է այսպես կոչված անվճռականության կաթվածահարության։ Իրականում, ապրիորի, տարածված են բազմաթիվ կարծրատիպեր և միֆեր,, օրինակ՝ որ ֆոնդային շուկան և բորսան խաղատներ են և նման են խաղամոլության։
Իհարկե, ներդրումները հարուստների համար չեն։ Ընդհանուր առմամբ, ներդրումային ընկերությունների համար ավելի հեշտ է աշխատել բավարար կապիտալ ունեցող մարդկանց հետ, նրանք ավելի դինամիկ են և պատրաստ փոփոխությունների։
Ըստ մեր քաղաքականության՝ Freedom Broker Armenia–ն նպատակ չունի աշխատել միայն հարուստների հետ, մենք աշխատում ենք բոլոր հաճախորդների հետ։ Ինչպես արդեն նշվեց․ կարելի է սկսել նաև փոքր գումարից, օրինակ՝ 10 հազար դրամից՝ սովորելու, զարգանալու, հասկանալու համար, թե ինչպես է աշխատում մեր շուկան և հետո գումար աշխատել։
«ԱՌԿԱ»․ նշեք ներդրում կատարելու մասին երեք միֆեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։
Ա. Խաչատրյան. դուք արդեն նշեցիք առաջինը. ներդրում կատարելը հարուստների համար է: Երկրորդը կարծրատիպն է՝ «Չեմ հասկանում, վախենում եմ», ինչը ֆինանսական անգրագիտության հետևանք է: Երրորդը՝ «ներդրումները նման են խաղամոլության»: Սա ամենատարածվածն է Հայաստանում:
«ԱՌԿԱ», ի՞նչ իրական գործիքներ եք խորհուրդ տալիս փոքր գումարով ներդրումներ սկսելու համար՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ETF-ներ (բորսայական ներդրումային ֆոնդ):
Ա. Խաչատրյան. կարելի է սկսել ETF-ից: Դա բորսայական ներդրումային ֆոնդ է, այսինքն բաժնետոմսերի, պարտատոմսերի կամ այլ ակտիվների հավաքածու, որոնք միավորված են մեկ «զամբյուղում» և բորսայում վաճառվում են որպես սովորական բաժնետոմս: Դու գնում ես ոչ թե մեկ բաժնետոմս, այլ բաժնեմաս ամբողջ ֆոնդում, այդպիսով միանգամից դառնում ես տասնյակ կամ հարյուրավոր ընկերությունների բաժնեմասերի սեփականատեր։
Օրինակ, S&P 500 ETF-ը ներառում է ԱՄՆ 500 խոշորագույն ընկերություններ: Նման ETF-ի մեկ բաժնեմաս գնելով՝ դու փաստորեն ներդրում ես կատարում միանգամից այս բոլոր ընկերություններում:
«ԱՌԿԱ»․ հնարավո՞ր է նման փոքր ներդրումների դեպքում խոսել եկամտաբերության մասին, թե՞ սկզբում ավելի շուտ խոսքը ներդրումային սովորությունների և ֆինանսական կարգապահության ձևավորման մասին է։
Ա. Խաչատրյան. այս հարցում մենք հնարավորինս թափանցիկ ենք մեր հաճախորդների և շուկայի հետ։ Հաճախորդը պետք է հասկանա, որ այստեղ կա որոշակի ֆինանսական տրամաբանություն, ռազմավարություն, նպատակ։ Պետք է սկզբից հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում ներդրողը, ինչ է ակնկալում մեզնից և ելնելով այն գումարից, որը մարդը պատրաստ է ներդնել, ներկայացնել իրական և թափանցիկ մեկնաբանություններ։
Փոքր գումարի դեպքում մենք ավելի շատ կենտրոնանում ենք այս ոլորտում ուսուցման, ֆինանսական կարգապահության, ֆինանսական գրագիտության զարգացման վրա: Իսկ հետո արդեն, որոշ ժամանակ անց, կարելի է խոսել ավելի մեծ գումարներ ներդնելու մասին:
«ԱՌԿԱ»․ Freedom Broker Armenia-ն աշխատում է միջազգային շուկաների հետ։ Ի՞նչ հնարավորություններ են բացվում փոքր գումարներ ունեցող հայ ներդրողների համար։ Կա՞ արդյոք հասանելիություն համաշխարհային բաժնետոմսերի և ETF-ների նկատմամբ։
Ա. Խաչատրյան. նախ, մեր հարթակի միջոցով մարդը կարող է ներդրումներ կատարել խոշոր ընկերություններում, ինչպիսիք են Microsoft-ը, Tesla-ն, Coca-Cola-ն: Մենք տրամադրում ենք միջազգային բորսաների լայն ընտրություն, այդ թվում՝ ուղիղ մուտք դեպի Նյու Յորքի, Լոնդոնի, Հոնկոնգի և շատ այլ ֆոնդային բորսաներ:
Այս տեսակետից ներդրողի համար շատ հարմար է պարզապես մտնել հավելված և գտնել այն, ինչ փնտրում է, ինչի մեջ ուզում է ներդրում կատարել։
«ԱՌԿԱ»․ ինչպե՞ս եք գնահատում փոքր պորտֆելներ ունեցող ներդրողների ռիսկերը: Ի՞նչ պետք է նրանք իմանան, որպեսզի չհայտնվեն աղմուկի կամ անիրատեսական սպասումների ազդեցության տակ։
Ա. Խաչատրյան. իհարկե, ռիսկերը բնորոշ են տնտեսության մեր ոլորտին։ Եվ այս առումով մենք հնարավորինս մեր հաճախորդների կողքին ենք։
Հաշիվ բացելու պահից սկսած՝ մենք ուղեկցում ենք նրան՝ ցույց տալով բոլոր հնարավորություններն ու հարմարությունները, որոնցից նա կարող է օգտվել։ Եվ, բնականաբար, ձգտում ենք հաճախորդին ուղղորդել ճիշտ՝ նրա համար ավելի հարմարավետ գոտի։ Օրինակ, մենք տրամադրում ենք վերլուծական տվյալներ, որպեսզի մարդն իմանա, թե ինչի մեջ է ներդրում կատարում։
Բացի այդ, ունենք Freedom Broker Armenia ակադեմիան, որը նպատակաուղղված է հենց ֆինանսական գրագիտության զարգացմանը: Մեր ակադեմիայում ուսուցման բոլոր փուլերն անցնելով՝ հաճախորդը նվազագույնի է հասցնում իր ռիսկերը և սովորում է ինքնուրույն հասկանալ, թե ինչում է պետք ներդրում կատարել։
«ԱՌԿԱ»․ հաշվի առնելով Հայաստանում ֆինանսական գրագիտության նկատմամբ աճող հետաքրքրությունը, պատմեք Freedom Broker Armenia ակադեմիայի գործունեության մասին։
Ա. Խաչատրյան. դա մեր եզակի ֆինանսական ակադեմիան է, որն իրականացնում է կրթական ծրագրեր: Մենք ունենք անվճար վեբինարներ հայերեն լեզվով, որոնք հասանելի են մեր բոլոր հաճախորդներին, այդ թվում՝ պոտենցիալ հաճախորդներին: Այս դասընթացների ընթացքում կարելի է ստանալ սկզբնական գիտելիքներ շուկայի, մեր ընկերության գործունեության և, ընդհանուր առմամբ, ֆոնդային բորսայի, ինչպես նաև բաժնետոմսերի և պարտատոմսերի վերաբերյալ: Այլ կերպ ասած, սա Հայաստանի բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված արշավ է։
Ակադեմիայում կան նաև լրացուցիչ պրոդուկտներ ֆինանսական գործիքների, օրինակ՝ տեխնիկական վերլուծության ավելի խորքային ուսումնասիրության համար: Այս առումով մենք սեգմենտավորված ենք՝ մեր բոլոր հաճախորդների չափանիշներին համապատասխան՝ ինչպես սկսնակների, այնպես էլ ավելի փորձառուների, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց վարպետությունը:
Մեր Ակադեմիայում, որն իր դռներն է բացել 2024թ․–ին, արդեն վերապատրաստվել է ավելի քան 20 հազ․ մարդ, կազմակերպվել է ավելի քան 150 վեբինար և չորս օֆլայն թրեյդինգ։
«ԱՌԿԱ»․ ի՞նչ դեր են խաղում բրոքերային ծառայություններում օգտագործվող թվային գործիքներն ու նեյրոնային ցանցերը սկսնակ ներդրողներին աջակցելու գործում։
Ա. Խաչատրյան․ այստեղ կարելի է բերել մեր Freedom Broker Armenia հավելվածի օրինակը, որը կատարելագործված է և համապատասխանում է ժամանակակից տեխնոլոգիական շուկայի բոլոր չափանիշներին։ Հավելվածում ինտեգրված են բազմազան գործիքներ,, և մարդը կարող է, պարզապես սեղմելով երկու–երեք կոճակ, գնել/վաճառել արժեթղթեր այստեղ և հիմա։ Սա քայլ է դեպի հարմարավետություն մեր հաճախորդների համար։
«ԱՌԿԱ»․ և վերջում, ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դեռ նոր են կատարում առաջին քայլերը և վախենում են կորցնել նույնիսկ փոքր գումար։ Ո՞րն է ներդրողի ճանապարհորդությունը Freedom Broker Armenia էկոհամակարգում սկսելու լավագույն միջոցը։
Ա. Խաչատրյան․ խորհուրդ կտայի, առաջին հերթին, ունենալ նպատակ, մեկնարկային գումար և ներդրումային ռազմավարություն։ Վերադառնալով միֆերի թեմային, շատ մարդիկ ուզում են ամեն ինչ և միանգամից, բայց նրանք պետք է հասկանան, որ շուկան այլ կերպ է գործում։
Պետք է ունենալ այս գործընթացի երկարաժամկետ ըմբռնում։ Պետք է հասկանալ, որ շուկան պատմական տեսանկյունից անընդհատ աճում է։ Հետևաբար, երբ ինչ-որ մեկն ասում է. «Սպասում եմ հարմար պահի՝ սկսելու համար», մենք միշտ պատասխանում ենք, որ հարմար պահ երբեք չի լինի։
Կա մի տերմին, որը կոչվում է «բաց թողնված շահ», երբ, օրինակ, վեց ամիս անց հասկանում ես, որ պետք է սկսեիր այն ժամանակ։ Հետևաբար պետք է սկսել հենց հիմա։ Շուկան զարգանում է, առաջ է շարժվում, աճում է, և երբեք չի լինի ավելի հարմար ժամանակ, քան հիմա։
«ԱՌԿԱ»․ ամփոփելով՝ նշեք ներդրումներ սկսելու հիմնական պայմանները։
Ա. Խաչատրյան. կարևոր է ռազմավարության առկայությունը, բայց միայն ֆինանսական գրագիտությունը կապահովի դա։ Որոշակի ռազմավարությամբ ներդրումներ կատարելու համար անհրաժեշտ են գիտելիքներ։ Կարևոր է նշել, որ Հայաստանում ներդրումային մշակույթը զարգանում է։ Եթե համեմատեք երեք տարի առաջվա հետ, տարբերությունը հսկայական է։ Բայց եթե նայենք համաշխարհային պրակտիկային, մենք, իհարկե, աճելու տեղ ունենք։
Freedom Broker Armenia-ն իր գործունեությունն ուղղում է նաև բնակչության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացմանը, բացատրում է, թե ինչպես են աշխատում ներդրումները, ինչու պետք է ներդրում կատարել, ինչու է անհրաժեշտ կապիտալի դիվերսիֆիկացումը։ Հուսով եմ՝ շուտով կտեսնենք առաջընթաց այս հարցում։ Ես հավատում եմ, որ առաջիկա երկու տարում մենք արդեն կունենանք նկատելի տարբերություն ֆինանսապես կրթված մարդկանց թվի հարցում, այդ թվում՝ մեր Ակադեմիայի և դրա կողմից տրամադրվող գործիքների, հեռանկարների և ուսման հնարավորությունների շնորհիվ։






