ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. Mastercard միջազգային վճարային համակարգը փոխում է «խաղի կանոնները» ամբողջ աշխարհում: «ԱՌԿԱ»-ին տված բացառիկ հարցազրույցում Mastercard-ի փոխնախագահ, Վրաստանի և Հայաստանի տարածաշրջանային տնօրեն Դավիթ Զգուդաձեն խոսել է ընկերության կողմից Հայաստանում կենսաչափական տվյալների և թվային անվտանգության առաջխաղացման ծրագրերի, ինչպես նաև առաջիկա տարիներին հայ Mastercard քարտապանների համար բոնուսների մասին։
–Ի՞նչ նոր ենթակառուցվածքային, գործընկերային և տեխնոլոգիական նախագծեր է Mastercard-ը նախատեսում իրականացնել Հայաստանում առաջիկա 1-2 տարիների ընթացքում։
«Հիմնականում մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում Armenian Card-ի հետ համատեղ նոր պրոդուկտների մշակումը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում մենք, հավանաբար, կներդնենք կենսաչափական տվյալների հետ կապված նոր տեխնոլոգիաներ, որոնք կնվազեցնեն գործարքների ռիսկերը գնումներ կատարելիս ոչ միայն ֆիզիկական տարածքներում, այլև e-commerce-ում։
Հաջորդ հինգ տարիների ընթացքում մենք կձգտենք ամբողջությամբ հեռացնել քարտի տվյալները համակարգից։ Այսպիսով, գնումներ կատարելիս մարդիկ չեն անհանգստանա, որ իրենց տվյալները կարող են օգտագործվել խարդախ նպատակներով։ Սրանք մեր հիմնական ծրագրերն են Հայաստանի համար։
Մենք արդեն այստեղ ունենք աշխատակից։ Առաջիկայում մենք մտադիր ենք ընդլայնել մեր տեղական ռեսուրսները՝ Հայաստանում ավելի շատ նախագծեր իրականացնելու և ֆինանսական ոլորտին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու համար։
–Դուք ավելի վաղ ասել էիք, որ Mastercard-ը փոխում է «խաղի կանոնները»։ Ի՞նչ նկատի ունեք։
– Մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական դինամիկան, և ավելի լավ է համագործակցել, քան մրցել։ Այդ դեպքում մենք կարող ենք կենտրոնանալ լրացուցիչ արժեքներ ստեղծելու վրա, այլ ոչ թե մտածել, որ ամեն ինչ կախված է միայն մեզնից, և այլընտրանքներ չկան։
–Կա՞ արդյոք վիճակագրություն Հայաստանում Mastercard քարտապանների թվի վերաբերյալ։ Շուկայում ի՞նչ մասնաբաժին են նրանք զբաղեցնում վճարային բոլոր համակարգերի շարքում։
– Ներկայումս մենք զբաղեցնում ենք Հայաստանի շուկայի 25%-ը։
–Կա՞ն արդյոք նոր համագործակցության ծրագրեր հայկական բանկերի հետ նոր հավատարմության ծրագրերի և բոնուսների ներդրման համար։
– Այո, իհարկե։ Մենք ցանկանում ենք հնարավորինս աջակցել զբոսաշրջությանը, քանի որ մեծ ներուժ ենք տեսնում դրանում։ Մենք պիլոտային նախագիծ ենք սկսել Վրաստանում և նմանատիպ նախագիծ ցանկանում ենք իրականացնել նաև Հայաստանում։ Գաղափարն այն է, որ Հայաստան այցելող և Mastercard-ով գնումներ կատարող զբոսաշրջիկներին տրամադրվեն որոշակի արտոնություններ։ Նույնը նախատեսվում է նաև Mastercard-ի հայ քարտապանների համար, որպեսզի նրանք կարողանան զեղչեր ստանալ տարբեր երկրներում ճանապարհորդությունների ժամանակ։ Առաջին քայլը Վրաստանում հայկական MasterCard քարտերով կատարված գնումների ուսումնասիրությունն է։ Մենք ստեղծել ենք էջ, որտեղ մարդիկ կարող են դիտել հյուրանոցներում, ռեստորաններում և այլ վայրերում առկա զեղչերը։
Մենք հիմնականում կենտրոնացած ենք դրա վրա հիմա, բայց ավելի լայն իմաստով, մենք հասկանում ենք, որ որպես գլոբալ ընկերություն, մենք կարող ենք թույլ տալ հաճախորդներին օգտվել ոչ միայն տեղական, այլև գլոբալ արտոնություններից։ Տեղական նախաձեռնությունները սովորաբար կապված են որոշակի բանկի հետ, որն ավելի լավ է ճանաչում իր հաճախորդների բազան, մինչդեռ մենք կարող ենք արժեք ստեղծել միջազգային մակարդակով։
– Mastercard-ը նախատեսո՞ւմ է նոր նորարարություններ և տեխնոլոգիաներ ներդնել Հայաստանում։
– Այո, իհարկե։ Կան երկու հիմնական գործոններ։ Առաջինը օրենսդրական հիմքն է. եթե երկրի կանոնակարգերը թույլ են տալիս ներդնել նոր տեխնոլոգիաներ, մենք նախ գնահատում ենք դրանց օրինականությունը։ Երկրորդ՝ շուկայի բացվածությունը. արդյո՞ք այն պատրաստ է այս տեխնոլոգիայի ներդրմանը։ Եթե երկու պայմաններն էլ բավարարված են, մենք արագորեն գործարկում ենք նորարարությունը, ինչպես, օրինակ, արեցինք Apple Pay-ի և Google Pay-ի դեպքում։ Հենց որ պարզ դարձավ, որ տեխնոլոգիան կարող է ներդրվել առանց սահմանափակումների, մենք դա անմիջապես արեցինք։
–Ո՞րն է հայկական շուկայի առանձնահատկությունը MasterCard-ի համար։
– Իմ կարծիքով, հայկական շուկան շատ մրցակցային է։ Այստեղ կան բազմաթիվ ֆինանսական ինստիտուտներ, որոնք ակտիվորեն զարգանում են, ուստի մրցակցությունը միայն կսրվի։ Սա իրականում դրական զարգացում է։ Հենց մրցակցությունն է խրախուսում ընկերություններին ստեղծել ավելի շատ արժեք հաճախորդների համար և ներդնել նոր տեխնոլոգիական լուծումներ։ Այս համատեքստում մենք կարող ենք նաև շուկա բերել ինչ-որ նոր բան, որը կլինի օգտակար, արժեքավոր և հասանելի հայ քարտապանների համար։







