Wed, 3 December
3.1 C
Yerevan
USD: 381.24 RUB: 4.90 EUR: 442.43 GEL: 141.15 GBP: 502.97

Team Holding–ը հայտարարել է 31,5 մլն դոլարի և 1,4 մլրդ դրամի պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին․ տեղաբաշխողը Freedom Broker Armenia-ն է (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Team Holding ընկերությունը հայտարարում է անվանական/արժեկտրոնային պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Տեղաբաշխումն իրականացվում է Freedom Broker Armenia ներդրումային ընկերության միջոցով՝ ապահովելով գործընթացի ամբողջական թափանցիկությունն ու միջազգային ստանդարտներին համապատասխան իրականացումը։

Team Holding-ի պարտատոմսերը ներկայացնում են երկարաժամկետ ներդրումային գործիք՝ նպատակ ունենալով աջակցել ընկերության ենթակառուցվածքային և նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը։ Ընկերության ռազմավարությունն ուղղված է տնտեսական միջավայրի զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանը և տնտեսության համար արժեք ստեղծող նախագծերի իրականացմանը։

Տեղաբաշխման պայմանները

Առաջին փուլի շրջանակում Team Holding-ը տեղաբաշխում է դոլարային և դրամային պարտատոմսեր, որոնք առաջարկվում են հետևյալ պայմաններով․ դոլարային պարտատոմսերի անվանական ծավալը 9 միլիոն դոլար է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 ԱՄՆ դոլար, արժեկտրոնի եկամտաբերությունը՝ 9%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Դրամային պարտատոմսերի անվանական ծավալը 1,4 միլիարդ ՀՀ դրամ է, մեկ պարտատոմսի անվանական արժեքը՝ 100 հազար ՀՀ դրամ, արժեկտրոնի եկամտաբերությունը` 12%, շրջանառության ժամկետը՝ 48 ամիս։

Առաջին փուլի պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի 2025թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2026 թ. մարտի 3-ը։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան պարզաբանել է Team ընկերությունների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը, դոլարային պարտատոմսերի տեղաբաշխման երկրորդ տրանշը նախատեսված է 2026 թվականի առաջին եռամսյակում։

Բիզնեսի և շուկայի զարգացում

 «Սա մեր ընկերությունների խմբի համար նման խոշոր ծավալի տեղաբաշխման առաջին մեծ քայլն է […], քանի որ Խմբի մեջ մտնող ավելի քան 10 ընկերությունները զարգացման ավելի արագ տեմպերի կարիք ունեն։ Այս գործընթացը կունենա հետևողական բնույթ, քանի որ բիզնեսը միշտ ֆինանսական միջոցների կարիք ունի հետագա աճի համար», – ասաց Եսայանը մամուլի ասուլիսի ժամանակ։

Նշելով, որ Ընկերությունների խումբը ներառում է Հայաստանից դուրս գործող ընկերություններ, նա ասաց, որ այդպիսով կապահովվի դիվերսիֆիկացիա, ինչի շնորհիվ Team Holding-ը կբարձրացնի իր կայունությունը։

Freedom Broker Armenia-ի տնօրեն Հովակ Հովակիմյանն, իր հերթին, նշեց, որ տվյալ տեղաբաշխումն ընկերության համար առաջինն է Հայաստանում։ Ընտրությունը կանգ է առել Team Holding-ի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս էմիսիան էապես կազդի կապիտալի շուկայի աճի վրա։

«Մեզ համար առաջնային է ներդրողներին տրամադրել պարզ, հասկանալի և վստահելի ներդրումային գործիքներ։ Team Holding-ի պարտատոմսերի թողարկումը կարևոր նախաձեռնություն է, որը միաժամանակ խթանում է ինչպես ընկերության զարգացումը, այնպես էլ Հայաստանի կապիտալի շուկայի կայուն ընդլայնումը», – ասաց նա։

Հովակիմյանի խոսքով՝ Freedom Broker Armenia-ի էկոհամակարգը թույլ է տալիս ներդրողին, ով ցանկանում է ձեռք բերել Team Holding-ի պարտատոմսերը, դա իրականացնել հաշված րոպեների ընթացքում և առցանց ռեժիմում։

Խոսելով պարտատոմսերի եկամտաբերության մասին՝ նա նշեց, որ նպատակ է դրված ներգրավել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ներդրողների։

Առաջնահերթություններ

«Մենք կփորձենք իրացնել (պարտատոմսերը – խմբ.) մանրածախ շուկայում։ Կարծում եմ, սա հայկական շուկայում առաջին խոշոր տեղաբաշխումն է, որն ամբողջությամբ կենտրոնանում է մանրածախ շուկայի վրա», – ասաց Եսայանը՝ ընդգծելով, որ հենց դրա համար էլ, հաշվի առնելով բիզնես ռիսկերի գնահատումը, որոշում է կայացվել սահմանել եկամտաբերության համեմատաբար բարձր տոկոսադրույքները։

Տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները Team Holding-ն ուղղելու է իր հիմնական ռազմավարական ուղղությունների զարգացմանը՝ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, նորարարական լուծումների ներդրմանը, ինչպես նաև ընթացիկ նախագծերի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը։

Եսայանը պարզաբանեց, որ խոսքը, մասնավորապես, կապիտալ շինարարության, լոգիստիկայի, էներգետիկայի, այդ թվում՝ այլընտրանքային էներգետիկայի՝ արևային կայանների կառուցման ոլորտի նախագծերի մասին է։

Պարտատոմսերի մասին

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել ինչպես առցանց՝ Freedom Broker Armenia հարթակի միջոցով, այնպես էլ դիմելով ընկերության գրասենյակ կամ ներկայացնելով հայտ ընկերության պաշտոնական կայքում։

Team Holding-ի պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում 2025 թ․ նոյեմբերի 19-ին։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ազդագրի էլեկտրոնային տարբերակին և հրապարակային առաջարկի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր պայմանները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

Team Holding–ի մասին

«Թիմ Հոլդինգ» ՓԲԸ-ն, հիմնադրված 2021 թվականին Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, ձևավորվել է որպես դուստր և այլ ընկերություններում ներդրումներ կատարող «հոլդինգային» ընկերություն, որը միավորում է դուստր ընկերություններ տարբեր ոլորտներում և ստեղծում բազմաճյուղ կորպորատիվ էկոհամակարգ։

Հոլդինգը միավորել է կախյալ և դուստր ընկերություններ տարբեր ոլորտներից՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգային ինտեգրացիա, ֆինթեք, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր, էներգետիկա և շինարարություն, հյուրընկալության ոլորտ, գինեգործություն և բարձրորակ սպառողական ապրանքների մատակարարում։ Այսօր Հոլդինգի գործունեությունը ընդգրկում է Հայաստանի տնտեսության մի շարք առանցքային ուղղություններ։

Freedom Broker Armenia–ի մասին

Freedom Broker Armenia-ն (իրավաբանական անվանումը՝ «Ֆրիդոմ Ֆինանս Արմենիա» ՍՊԸ)՝ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերություն է, որն ապահովում է մուտք դեպի տեղական և միջազգային ֆոնդային շուկաներ։ Ընկերությունն առաջարկում է ներդրումային և բրոքերային ծառայությունների ամբողջական շրջանակ՝ արժեթղթերի առքուվաճառք, ֆոնդային ներդրումներ, IPO-ների մասնակցություն և ինքնուրույն առևտուր առցանց հարթակի միջոցով։

Freedom Broker Armenia-ն հանդիսանում է Freedom Holding Corp. միջազգային ֆինանսական հոլդինգի մաս, որի բաժնետոմսերը ցուցակված են NASDAQ ֆոնդային բորսայում (FRHC): Հոլդինգի շուկայական կապիտալիզացիան կազմում է 8.9 մլրդ ԱՄՆ դոլար, ակտիվները՝ 9.9 մլրդ դոլար (31.03.2025)։ Freedom Holding Corp.-ը ներկայացված է ԱՄՆ-ում, Եվրոպայում, ԱՊՀ երկրներում և Ասիայում՝ ունենալով ավելի քան 8700 աշխատակից, 202 գրասենյակ, և 11 միլիոն օգտատեր թվային էկոհամակարգում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի բանկերի զուտ վարկային պորտֆելը 2025թ․–ի I եռամսյակում աճել է 32,4%–ով՝ մինչև 6,424մլրդ դրամ

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը, պահուստներից զատ, 2025 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 32.4%-ով՝ կազմելով 6.424 միլիարդ դրամ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Moody’s Ratings հեղինակավոր միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի՝ ազգային արժույթով ու արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշը B1-ից Ba3

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը՝ 2025 թ.-ի երկրորդ եռամսյակի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշային աղյուսակը՝ հիմնվելով 2025 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքների վրա

2025 թ․–ի երկրորդ եռամսյակում հայկական բանկերի զուտ վարկային պորտֆելը աճել է 6.11%-ով՝ հասնելով 6.8 տրիլիոն դրամի

ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելը 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նույն տարվա առաջին եռամսյակի համեմատ, աճել է 6.11%-ով՝ կազմելով 6.82 տրիլիոն դրամ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img