Հայաստանի ֆինանսաբանկային շուկայի 2025թ․–ի տասը առանցքային իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի/ԱՌԿԱ/ 2025 թվականը Հայաստանի կապիտալի շուկայի համար դարձավ նշանակալի ինստիտուցիոնալ և կարգավորող տեղաշարժերի, ինչպես նաև խոշոր գործարքների և նոր գործիքների շրջան։ Ուժեղացավ ինտեգրումը միջազգային ֆինանսական շուկաներին, ընդլայնվեց նորմատիվ բազան՝ կրիպտոակտիվներից մինչև ապահովագրություն, իսկ բանկերն ու ենթակառուցվածքային ինստիտուտները դուրս եկան որակական նոր մակարդակի։

Armbanks ֆինանսաբանկային պորտալը հավաքել է տասը առանցքային իրադարձությունները, որոնք 2025 թվականին սահմանում էին հայաստանյան կապիտալի շուկայի օրակարգը և հիմքեր ստեղծում դրա հետագա զարգացման համար։

1. AMX-ը պաշտոնապես միացել է Tabadul հարթակին

2025 թվականի մայիսին Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) միացումը Tabadul տարածաշրջանային թվային բորսայական հարթակին կոչված է խթանելու երկկողմ առևտուրը հարթակի անդամ բորսաների միջև, ընդլայնելու ռազմավարական գործընկերությունը և ստեղծելու տարածաշրջանային համագործակցության նոր ուղղություններ՝ կապիտալի շուկաների մերձեցման և տեխնոլոգիական էքսպանսիայի համար՝ բացելով նոր հնարավորություններ Հայաստան ներդրումներ ներգրավելու համար։

2. Ամերիաբանկի խոշոր գործարքները միջազգային ֆինանսական կառույցների հետ

Փետրվարին Ամերիաբանկը IFC-ի (Միջազգային ֆինանսական կորպորացիա) հետ ստորագրեց 200 միլիոն դոլարի երկարաժամկետ վարկային համաձայնագիր:

Այս համաձայնագիրը, որը խոշորագույնն է IFC-ի և Հայաստանի ֆինանսական հաստատությունների միջև երբևէ ստորագրվածների թվում, նպատակաուղղված է կլիմայի փոփոխության կանխարգելման նախաձեռնությունների ֆինանսավորմանը, միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ), ինչպես նաև կանանց պատկանող ՄՓՄՁ-ների աջակցությանը:

Նոյեմբերին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հաստատեց մինչև 150 միլիոն եվրոյի վարկային փաթեթ Ամերիաբանկի համար, ինչը հնարավորություն կտա բանկին ֆինանսավորել ՄՓՄՁ-ները՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանային հաճախորդների և նոր փոխառուների ներգրավմանը: Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի խոսքով՝ այս գործարքը խոշորագույնն է Ամերիաբանկի հետ երբևէ կնքվածների շարքում և, հնարավոր է, ՎԶԵԲ-ի կողմից մինչ օրս Հայաստանում կնքված ամենախոշոր գործարքը:

3. Ակբա բանկը թողարկել է Հայաստանում առաջին «խոսող» քարտերը

Մարտին Ակբա բանկը սկսել է Visa Signature Limited Edition քարտերի թողարկումը, որոնց վրա պատկերված է Մարտիրոս Սարյանի «Հայաստան. Պաննո» ստեղծագործությունը։ Պրեմիում դասի այս քարտերը, որոնք թողարկվել են ընդամենը 500 էքսկլյուզիվ օրինակով, առաջինն են Հայաստանում, որոնց համար կիրառվել են նորարարական AR տեխնոլոգիաները։ Ակբա բանկի և Visa վճարահաշվարկային համակարգի այս նոր և բացառիկ նախաձեռնությունը համադրում է հայկական արվեստը, նորարարական տեխնոլոգիաները և բանկային նոր փորձառությունը՝ հնարավորություն ստեղծելով նորովի բացահայտել Հայաստանի մշակութային հարստությունը։

4. Հաստատվել է «Կրիպտոակտիվների մասին» օրենքը

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թվականի հուլիսի 4-ին, և ներկայումս աշխատանքներ են տարվում ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները։ Կարգավորման նախատեսված մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին՝ կրիպտոակտիվներ գնողների իրավունքները պաշտպանելու և շուկայի նկատմամբ վստահությունը բարձրացնելու նպատակով։

5. Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիան դարձավ Euroclear Bank-ի հաճախորդ

Euroclear Bank-ի կառավարող կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Կենտրոնական դեպոզիտարիայի (ՀԿԴ) հայտը՝ բանկի հաճախորդի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։ ՀԿԴ-ի համար դառնալ Euroclear Bank-ի հաճախորդ (որն աշխարհի խոշորագույն միջազգային կենտրոնական դեպոզիտարիաներից մեկն է և պահպանում է ավելի քան 40 տրիլիոն եվրո շուկայական արժեքով ակտիվներ), նշանակում է միջազգային ֆինանսական շուկաներին հասանելիության ընդլայնում, միջազգային շուկաների լավագույն ծառայությունների ներդրում, Հայաստանի կապիտալի շուկայի մրցունակության զգալի բարձրացում, միջազգային ներդրողների համար հայկական շուկայի ճանաչելիության մեծացում։

6. Յունիբանկն առաջինը Հայաստանում թողարկել է անժամկետ պարտատոմսեր

Դեկտեմբերին Յունիբանկը երկու տրանշով իրականացրել է հայկական շուկայում առաջին անժամկետ պարտատոմսերի տեղաբաշխումը՝ 6,5 միլիարդ դրամ և 9 միլիոն դոլար ընդհանուր ծավալով: Դրամային պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է տարեկան 13,75%, իսկ դոլարայինինը՝ 8,3%: Առաջին երեք տարիների ընթացքում եկամտաբերությունը կլինի ֆիքսված, որից հետո այն կհաշվարկվի դոլարային պարտատոմսերի համար SOFR դրույքաչափի հիման վրա, իսկ դրամայինների համար՝ պետական պարտատոմսերի եկամտաբերության հիման վրա: Հնգամյա ժամկետի ավարտից հետո բանկը կկարողանա օգտվել call option–ից և հետ գնել պարտատոմսերն անվանական արժեքով:

7. Արդշինբանկի և ՎԶԵԲ-ի միջև ավելի քան 155 մլն դոլարի վարկային համաձայնագրերը

Արդշինբանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը նոր համագործակցության շրջանակում նոյեմբերին ստորագրել են երեք համաձայնագիր՝ ավելի քան 155 միլիոն դոլարին համարժեք ընդհանուր գումարով: Միջոցներն ուղղվելու են միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վարկավորման աջակցությանը, կանաչ տնտեսության ֆինանսավորման ընդլայնմանը և երկրում ենթակառուցվածքների զարգացմանը:

Այս ֆինանսավորման շնորհիվ, «EU4Business-EBRD» վարկային գծով Արդշինբանկը կդառնա առաջին բանկը Հայաստանում, որը կստանա նպատակային վարկ՝ ուղղված բացառապես տեղահանված անձանց տնտեսական ինտեգրմանը:

8. Ֆինանսական զեղծարարությունից տուժած հաճախորդների պարտավորությունների մարման հետաձգում

Հայաստանի երեք բանկեր՝ ԱյԴի Բանկը, Ինեկոբանկը և Արդշինբանկը, հնարավոր զեղծարարությունից տուժած հաճախորդների համար միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակում մայիսին որոշում են կայացրել 3-ից 5 տարի ժամկետով հետաձգել նրանց պարտավորությունների մարումը: Մասնավորապես՝ ԱյԴի Բանկը հետաձգել է պարտավորությունների մարումը 5 տարով, իսկ Ինեկոբանկը և Արդշինբանկը՝ 3 տարով:

9. ԱՊՊԱ ոլորտի զարգացման նոր ռազմավարությունը

2025 թ․–ի սկզբին Հայաստանում հաստատված ԱՊՊԱ ոլորտի 2025-2026 թթ. զարգացման ռազմավարությունը նախատեսում է համալիր միջոցառումներ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Ռազմավարությունը, մասնավորապես, նպատակ ունի բարձրացնել երթևեկության մասնակիցների և տուժած անձանց բավարարվածության մակարդակը, ընդլայնել ԱՊՊԱ գործընկերների ստանդարտացման և ավտոմատացման շրջանակները, ներդնել բժշկական ծառայությունների և իրավապահ մարմինների որոշումների վերաբերյալ առցանց իրազեկման համակարգ, ձևավորել համապատասխան ռեսուրսներ Ավտոապահովագրողների բյուրոյում՝ սահմանված խնդիրների իրականացման համար։

10. Կենսաթոշակառուների և նպաստառուների համար քեշբեքի բարձրացում

пенсия, пенсионер
пенсия, пенсионер

Որոշում է կայացվել 2026 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գնումներից հետվճարի (քեշբեքի) չափը 12%-ից դարձնել 20%: Սա կհանգեցնի փաստացի վճարվող գումարների չափի ավելացմանը։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին Հայաստանում ռիսկի հավելավճարն աճել է. Գալստյան

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով Հայաստանում ռիսկի հավելավճարը որոշակիորեն աճել է, թեև ոչ այնքան, որքան տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող այլ երկրներում

Փոփոխություն Կոնվերս Բանկի ղեկավար կազմում

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պարոն Անդրանիկ Գրիգորյանը մարտի 31-ից դադարեցնելու է գործունեությունը Բանկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում՝ իր նախաձեռնությամբ

ԿԲ-ն խստորեն կհետևի պարտատոմսեր թողարկելիս տեղեկատվության բացահայտմանը. Գալստյան

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է պարտատոմսերի թողարկման ժամանակ թողարկողների տրամադրած տեղեկատվությանն ուշադիր հետևելու անհրաժեշտության մասին

«Մեղվի և մեղվապահության» հյուրատունը Լոռու մարզում (ՎԻԴԵՈ)

Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում Բիոգրաֆի հյուրատանը Հայարփին իր հյուրերին բարի գալուստ է ասում հյուրատան այցեքարտը համարվող մեղրահամ ըմպելիքով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img