ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը երկուշաբթի կայացած նիստում հավանություն է տվել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Մարտին Գալստյանի թեկնածությանը, որն առաջադրվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից:
Գալստյանը զբաղեցնում է Հայաստանի ԿԲ նախագահի պաշտոնը 2020 թվականի ապրիլից առ այսօր:
Ազգային ժողովի նիստում Գալստյանի թեկնածության քննարկումը նախատեսվում է մայիսի 5-ին:
Մասնավորապես, ԿԲ նախագահն իր ելույթում հայտարարել է, որ, ցավոք, Հայաստանին սպասվում է հերթական շատ դժվարին ժամանակաշրջանը:
«Մենք պետք է ձեռնարկենք հնարավոր բոլոր միջոցները՝ երկրի տնտեսությունը գալիք հարձակումներից պաշտպանելու համար: Մակրոտնտեսական կայունությունն այլընտրանք չունի: Դա մեր հասարակության զարգացման հիմնարար նախապայմաններից մեկն է: Նախորդ տարիների մեր ջանքերը հիմնականում ուղղված են եղել երկրում մակրոտնտեսական կայունության ապահովմանը», — նշել է Գալստյանը:
Նա պատմել է ԿԲ-ի ռազմավարական կարևոր քայլերի մասին, որոնց շնորհիվ հաջողվել է հաղթահարել պարբերաբար առաջացող ճգնաժամերը: Գալստյանը ներկայացրել է տարբեր ճգնաժամային փուլերում արժութային շուկայի գործունեությանը Կենտրոնական բանկի միջամտության միջոցառումները և ԿԲ պահուստների միջոցով կայունացմանն ուղղված գործողությունները:
Գալստյանը ծնվել է 1978 թվականի մայիսի 4-ին: 1994-1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև ասպիրանտուրայում՝ 2003 թվականին ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Դրանից հետո Գալստյանը սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան պետական կառավարման դպրոցում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի աստիճան:
Նա սկսել է աշխատել Կենտրոնական բանկում 1998 թվականին, որտեղ ղեկավարել է Ֆինանսական գործառնությունների դեպարտամենտի միջազգային պահուստների կառավարման բաժինը, իսկ այնուհետև գլխավորել է Վիճակագրության դեպարտամենտը: 2015 թվականին նշանակվել է Դիլիջանի հետազոտական կենտրոնի ղեկավար, իսկ 2018 թվականից ԿԲ խորհրդի անդամ է:
Մարտին Գալստյանը Կենտրոնական բանկում իր աշխատանքը սկսել է 1998 թվականին՝ որպես մասնագետ, ֆինանսական շուկաների վարչությունում։ Այնուհետև եղել է պորտֆելի ավագ կառավարիչ, 2004-2005 թվականներին՝ միջազգային պահուստների կառավարման բաժնի պետ, իսկ 2005-2006 թվականներին՝ տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ։
Կենտրոնական բանկում իր երկարամյա գործունեության ընթացքում Մարտին Գալստյանը նաև ակտիվ ներգրավված է եղել կրթական և միջազգային խորհրդատվական գործունեության մեջ։ 2015 թվականից դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ «Մրցունակություն և կլաստերներ» առարկան, ինչպես նաև հանդես է գալիս Հարվարդի բիզնես դպրոցի արտոնագրված ծրագրի շրջանակում։ 2015 թվականին ճանաչվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի լավագույն դասախոս։ Նա հանդիսանում է նաև Համաշխարհային բանկի միջազգային խորհրդատու և դասախոս:
Ամուսնացած է, ունի երեք զավակ։







