Sat, 14 June
28.1 C
Yerevan
USD: 384.44 RUB: 4.83 EUR: 434.11 GEL: 140.51 GBP: 515.15

Հայաստան. արժույթի շուկայի տեսությունը հուլիսի 18-22-ն ընկած ժամանակահատվածում

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի. /ԱՌԿԱ/. Նախորդ շաբաթ NASDAQ OMX Armenia բորսայում ԱՄՆ դոլարի միջին կշռված փոխարժեքը նվազել է 0,2 տոկոսով՝ մինչև 365,98 դրամի: Շաբաթվա ընթացքում իրականացված առքուվաճառքի ծավալը կազմել է 18,85 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2,4 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից: Կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը նվազեց 0,37 տոկոսով և շաբաթ օրը՝ հուլիսի 23-ին, կազմեց 367,35 դրամ: Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքի նվազումը կապված է ներկրողների և բնակչության կողմից ամերիկյան արժույթի նկատմամբ պահանջարկի նվազմամբ պետական պարտքի վերին շեմի անորոշության պատճառով ԱՄՆ-ում հնարավոր դեֆոլտի ֆոնի ներքո: Արժույթի առաջարկը, ընդհակառակը, կայուն է դեպի Հայաստան մասնավոր փոխանցումների իրականացման և ապրանքների ու ծառայությունների արտահանման կապակցությամբ:

Իսկապես, ՀՀ ԿԲ մամուլի ծառայության շաբաթվա ամփոփագրի համաձայն՝ ներբանկային արժութային շուկայում առևտրային բանկերի կողմից արտարժույթի զուտ վաճառքի ծավալը նախորդ շաբաթ կազմել է 0,61 մլն ԱՄՆ դոլար, ինչը 83,2 տոկոսով պակաս է նախորդ շաբաթվա ցուցանիշից:

Մենք չենք բացառում, որ ԱՄՆ-ի պարտքային խնդիրների լուծումից հետո Հայաստանում արտարժույթի նկատմամբ պահանջարկը կարող է վերականգնվել:

Այս ամենի կապակցությամբ մենք ենթադրում ենք, որ Հայաստանում այս շաբաթ կանխիկ դոլարի վաճառքի միջին փոխարժեքը կգտնվի 365-371 դրամի սահմաններում:

Հայաստանում նախորդ շաբաթ եվրոյի փոխարժեքը սահմանվում էր FOREX համաշխարհային արժութային շուկայում տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ EUR/USD զույգը աճեց 1,4 տոկոսով՝ հասնելով 1,4365-ի:

Եվրոյի աճի հիմնական դրայվերն են դարձել ԵՄ գագաթնաժողովի նորությունները: Եվրագոտու պարտքային խնդիրների լուծման հարցում առաջընթացը, որը ձեռք է բերվել հինգշաբթի՝ հուլիսի 21-ին, ԵՄ արտակարգ գագաթնաժողովի ժամանակ, ուժեղացրեց բարձր եկամտաբերություն ունեցող արժույթների, մասնավորապես՝ եվրոյի նկատմամբ պահանջարկը:

Եվրագոտու առաջնորդները պայմանավորվել են Հունաստանին օգնության նոր փաթեթի (109 մլրդ եվրո) տրամադրման և ծայրամասային երկրներին օգնության հիմնադրամի բարեփոխման մասին: Բարեփոխման ընթացքում մեծ պարտքեր ունեցող երկրների համար պետք է երկարացվեն պարտքերի մարման ժամկետներն ու կրճատվեն վարկերի տոկոսադրույքները: Հունաստանին օգնություն ցուցաբերելու նպատակով մասնավոր հատվածի ներդրումները կկազմեն 37 մլրդ եվրո:

Այս իրադարձությունների ֆոնի ներքո Հայաստանում նախորդ շաբաթ կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն աճեց 1,3 տոկոսով՝ հասնելով 531,23 դրամի:

Այս շաբաթ աշխարհում և Հայաստանում եվրոյի դինամիկան կսահմանվի FOREX միջազգային շուկայից ստացվող նորություններով: Շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն հուլիսին սպառողական վստահությունը, երկրորդ եռամսյակում ՀՆԱ-ի ծավալի փոփոխման վերաբերյալ կանխատեսվող տվյալները, հունիսին առաջնային բնակարանների վաճառքի թվերը, ինչպես նաև հուլիսին Չիկագոյում գործարար ակտիվության համաթվի տվյալները:

Եթե եվրագոտում սպառողական գնաճի վերջնական տվյալները կանխատեսվածից բարձր լինեն (տարեկան արտահայտությամբ՝ 2,7 տոկոսից ավելի), ապա եվրոն կունենա իր աճը վերսկսելու բոլոր հնարավորությունները դրամային քաղաքականության հետագա խստացման ակնկալիքների ֆոնի ներքո: Եվրոյի համար առաջիկա հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում դիմադրության մակարդակ կարող է լինել 1,4650-ը:

Իսկ եթե ԱՄՆ-ից ակնկալվող մակրոտնտեսական վիճակագրությունը բացասական լինի, ապա եվրոն կարող է շարունակել իր անկումը: Առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում եվրոյի համար աջակցող շեմ կլինի 1.4050-ը: Այս շաբաթ Հայաստանում կանխիկ եվրոյի վաճառքի միջին փոխարժեքն այս դեպքում կգտնվի 520-545 դրամի սահմաններում:

Հայաստանում ռուսական կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը նախորդ շաբաթ աճեց 1,0 տոկոսով՝ հասնելով  13,37 դրամի: Այս ամենը պայմանավորված էր ԱՄն դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու արժեքի աճով եվրագոտու ծայրամասային երկրների պարտքային խնդիրների հարցերին նվիրված ԵՄ գագաթնաժողովի դրական արդյունքից հետո ներդրողների ռիսկի նկատմամբ միտվածության ավելացման ֆոնի ներքո:

ԱՄՆ դոլարի և, համապատասխանաբար, դրամի նկատմամբ ռուբլու դինամիկան այս շաբաթ կախված կլինի ԱՄՆ-ից ստացվող մակրոտնտեսական վիճակագրությունից և ԱՄՆ պարտքի վերին շեմի հետ կապված հարցի լուծումից: Եվրագոտու պարտքային խնդիրների նկատմամբ լավատեսության և նավթի պահպանվող բարձր գների ֆոնի ներքո ռուսական ռուբլին կարող է շարունակել իր աճը ԱՄՆ դոլարի և դրամի նկատմամբ:

Հայաստանում առաջին հինգ առևտրային նստաշրջանների ընթացքում կանխիկ ռուբլու վաճառքի միջին փոխարժեքը, հավանաբար, կգտնվի 13,3-13,47 դրամի սահմաններում:–0–

Միքայել Վերդյան, FOREX Club վերլուծաբան, հատուկ «ԱՌԿԱ» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Բավրա

Հայաստանի ամենաշահութաբեր բանկերի վարկանիշը 2024թ․–ի արդյունքում

«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է Հայաստանի ամենաշահութաբեր առևտրային բանկերի վարկանիշը՝ 2024 թվականի արդյունքներով

Standard & Poor’s-ը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «BB-» նախկին «B+»-ի փոխարեն, հեռանկարը՝ կայուն

«Մենք նաև վերանայել ենք Հայաստանի տրանսֆերտի և փոխարկելիության գնահատականը՝ «BB-»-ից «BB»-ի»,- ասվում է զեկույցում

Հայաստանը պետք է տեխնոլոգիապես զարգանա․ Eqwefy–ի ղեկավարը՝ տնտեսական մարտահրավերների և նոր հնարավորությունների մասին

2024 թվականի մայիսին հիմնադրված Eqwefy հայկական ներդրումային ընկերության գլխավոր տնօրեն Սամսոն Ավետյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում պատմել է դժվարությունների մասին, որոնց հետ բախվում են ստարտափերն ու ՏՏ ընկերությունները, ինչպես նաև այն մասին, թե ինչպես արհեստական բանականության միտումը կարող է ազդել երկրի տնտեսության վրա

Խիզախների ժամանակն է․ DimensionInvestments–ի ներդրումային ծառայությունների տնօրենը՝ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման հեռանկարների մասին (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)

Dimension Investments ընկերության ներդրումային ծառայությունների տնօրեն Արմեն Հովհաննիսյանը «ԱՌԿԱ» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում խոսել է զարգացման խոչընդոտների, աճի արագացման գործիքների, ինչպես նաև վենչուրային կապիտալի հեռանկարների մասին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img