Tue, 13 January
4.1 C
Yerevan
USD: 381.15 RUB: 4.84 EUR: 445.37 GEL: 141.43 GBP: 513.33

Երևանը ողջունում է «Բաադեր» գերմանական բանկի մուտքը տեղական ֆինանսական շուկա

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթ օրը «Բաադեր» («Baader Bank AG») ներդրումային բանկի հիմնադիր, տնօրենների խորհրդի նախագահ Ուտո Բաադերի հետ հանդիպման ընթացքում ողջունել է այս ֆինանսական կառույցի մուտքը հայկական շուկա, հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Մենք փորձում ենք օժանդակել հայաստանյան և արտասահմանյան ֆինանսական ինստիտուտների համագործակցությանը և հուսով ենք, որ Ձեր այցելությունը կնպաստի Գերմանիայի և Հայաստանի ֆինանսական համակարգերի կապերի ամրապնդմանը: Մենք փորձում ենք նաև աջակցել մեր առևտրային բանկերին ուղղակի կապերի հաստատման գործում` արտասահմանում հուսալի գործընկեր գտնելու համար: Միևնույն ժամանակ մեզ համար կարևոր են այն գործառույթները, որոնք իրականացվում են մեր ֆինանսական շուկայում: Մենք ունենք փոքր, բայց ամուր և առողջ ֆինանսական համակարգ և ուրախ կլինեինք Ձեզ տեսնել մեր ֆինանսական շուկայում», – ասել է վարչապետը:

Բաադերն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կիսվել Հայաստան կատարած իր առաջին այցելության տպավորություններով: Նա ներկայացրել է իր ղեկավարած բանկի գործունեությունը և նշել, որ այն հիմնականում նպատակաուղղված է ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:

Կողմերը քննարկել են Հայաստանի պարտատոմսերի շուկայի ներկայիս վիճակը, ինչպես նաև համագործակցության հնարավոր ուղիները: Երկուստեք ընդգծվել է, որ «Բաադեր» բանկի համագործակցությունը հայաստանյան «Պրոմեթեյ» բանկի հետ հնարավորություն կտա Բաադեր բանկի գլոբալ ցանցի միջոցով հայաստանյան ֆինանսական ինստիտուտները ներգրավել գլոբալ ֆինանսական շուկաներ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ գործակցության զարգացման հեռանկարներին, մասնավորապես, մի շարք ներդրումային ծրագրերում «Բաադեր» բանկի հնարավոր մասնակցության հարցին` խորհրդատվական ծառայությունների տրամադրման միջոցով:

Այդ համատեքստում վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման, «Նաիրիտ» գործարանի, «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի, Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի և Սևանի տարածքում մարզական համալիրի կառուցման ներդրումային ծրագրերի վերաբերյալ:

Իր հերթին, Ուտո Բաադերը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել քննարկված ծրագրերը:

«Բաադեր» բանկն արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող Եվրոպայի առաջատար բանկերից մեկն է, որի շտաբկայանը գտնվում է Մյունխենում: Այն հիմնադրվել է 1983 թ. և ունի ավելի քան 400 աշխատակից: Բանկը Գերմանիայի վեց ֆոնդային բորսաների և Փարիզի, Ցյուրիխի, Ամստերդամի, Վիեննայի ու Virt-X անդամ է: Բանկն իրականացնում է արժեթղթերի առք ու վաճառքի գործառնություններ` Գերմանիայի հիմնական բորսաներում շրջանառվող շուրջ 340 հազար արժեթղթերով:

Ներկայումս «Բաադեր» բանկի ծառայությունները ներառում են խորհրդատվություն և աջակցություն, միջոցների նախագծում, պլանավորում, տեղեկանքներ և կառավարվող հաշիվներ: Այս համատեքստում բանկը հանդես է գալիս որպես միջնորդ, ներդրումային մենեջեր և բանկային հաշիվների ու արժեթղթերի կառավարման մասնագետ:

2010 թվականից հայաստանյան «Պրոմեթեյ» բանկը համագործակցում է «Բաադեր» բանկի հետ:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլին փոքր–ինչ աճել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը նվազել է 0․76 կետով և կազմել 446․43 դրամ, ռուբլին ավելացել է 0․0077 կետով և կազմել 4․7442 դրամ

Դեկտեմբերին շուկայի կապիտալիզացիան աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 մլրդ դրամի. Հայաստանի ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) մամուլի ծառայությունը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստանի ֆոնդային բորսայի  շուկայի կապիտալիզացիան 2024 թվականի դեկտեմբերի համեմատ աճել է 6.29%-ով՝ հասնելով մոտավորապես 467 միլիարդ դրամի

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում հետվճար չի ձևավորվում

Ֆինանսների նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ պարզաբանելով, թե ԱՐՔԱ քարտով կատարված որ գործարքների դեպքում 2% հետվճար չի ձևավորվում

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025թ․–ի նոյեմբերին աճել է 0,22%–ով՝ մինչև 14,2 մլրդ դոլար

Հայաստանի համախառն պետական պարտքը 2025 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կազմել է 14 204,2 մլն դոլար՝ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված 14 173,2 մլն դոլարի դիմաց

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img