Fri, 20 February
7.1 C
Yerevan
USD: 376.82 RUB: 4.90 EUR: 443.25 GEL: 140.90 GBP: 507.65

Ավելի քան 100 հազար դոլար կներդրվի ՀԿԴ–ի և NASDAQ OMX Արմենիայի արդյունավետության բարձրացման համար

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 100 հազար դոլար կներդրվի 2014 թ.–ին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում և NASDAQ OMX Արմենիա հայկական ֆոնդային բորսայում` այդ կառույցների աշխատանքի արդյունավետության բարձրացման համար, լրագրողներին տեղեկացրել է ֆոնդային բորսայի տնօրեն Կոնստանտին Սարոյանն` ամփոփելով 2013 թ.–ի արդյունքները։

«Մենք լուրջ ներդրումներ ենք նախատեսում ինչպես ՀԿԴ–ում, այնպես էլ բորսայում` այդ համակարգերն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Այդ ներդրումները միանշանակ կգերազանցեն 100 հազար դոլարը», – ասել է Սարոյանը։

Ներկայացնելով 2014 թ.–ի մյուս նախագծերը` Սարոյանն, առաջին հերթին, նշել է միջազգային կազմակերպությունների թողարկած արժեթղթերի ցուցակման անցկացումը։

«Մենք նախատեսում ենք կապիտալի հայկական շուկան դարձնել ավելի հասանելի օտարերկրյա ներդրողների և ֆինանսական կազմակերպությունների և, ինչու ոչ, հասարակության համար», – նշել է նա։

Նրա խոսքերով` շատ կարևոր է այս տարվա առաջին եռամսյակում NASDAQ OMX Արմենիայում իրականացնել հայկական եվրապարտատոմսերի ցուցակում, որպեսզի դրանք հասանելի դառնան երկրում։

Նրա խոսքերով` այս տարվա մեկ այլ կարևոր խնդիր է օտարերկրյա համակարգերում օտարերկրյա ներդրողների համար հայկական ընկերությունների արժեթղթերի հասանելիության ապահովումը։

Սարոյանը տեղեկացրել է նաև ևս մեկ նախագծի մասին, որն իրականացվում է ՀՀ ֆինանսների նախարարության հետ համատեղ։ Դա Գանձապետական պահառու համակարգի օն–լայն տարբերակի մշակումն է, երբ ցանկացած մարդ կարող է գրանցվել և ձեռք բերել այն պարտատոմսերը, որոնք առաջարկում է գանձապետարանը։

Գործարքների դիմաց վճարումներն իրականացվելու են պլաստիկ քարտերի և բանկում անձնական հաշվից իրականացվող փոխանցումների միջոցով։

Սարոյանը հատկապես կարևորել է 2014 թ.–ի չորրորդ եռամսյակում նախատեսված Genium INET առևտրային համակարգի գործարկումը։

«Սա աշխարհի ամենաարագ բորսային համակարգն է, որն օգտագործում է Սինգապուրի բորսան, Ավստրալիայի բորսան, ինչպես նաև NASDAQ OMX խմբում ներառված բորսաներն ու Մերձբալթյան երկրների բորսաները», – նշել է նա։

Սկզբնական փուլում այդ համակարգը կկիրառվի պետական պարտատոմսերի առաջնային աճուրդների համար, իսկ հետագայում նախատեսվում է այնտեղ տեղափոխել նաև երկրորդային շուկան, որը ներառում է կորպորատիվ պարտատոմսեր և բաժնետոմսեր։

Անդրադառնալով 2015 թ.–ի նախագծերին` հայկական ֆոնդային բորսայի տնօրենը նշել է այլ բորսաների հետ կապ հաստատելու անհրաժեշտությունը` դրանցում հայկական առևտուրն ավելի նկատելի դարձնելու և շուկայի մասնակիցների համար հայկական շուկան ավելի հասանելի դարձնելու նպատակով։

Սարոյանի խոսքերով` հաջորդ տարի նախատեսվում է ավարտել նաև IOSCO (Արժեթղթերի հանձնաժողովի միջազգային կազմակերպություն) և ISO 27 000 (միջազգային ստանդարտների սերիա, որը ներառում է տեղեկատվական անվտանգության չափորոշիչներ, որոնք հրապարակվել են Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ISO) և Միջազգային էլեկտրատեխնիկական հանձնաժողովի (IEC) հետ համատեղ) ստանդարտների համապատասխանությանն ուղղված աշխատանքը։

«Նախագծերը հավակնոտ են, ժամանակը` քիչ, սակայն կարծում եմ, որ դրանք անիրատեսական չեն։ Դրանք իրատեսական են, եթե մենք կարողանանք աշխատել ինտենսիվ կերպով…», – ասել է Սարոյանը։

Նախորդ տարվա բացթողումների թվում նա նշեց որոշ նախագծեր սահմանված ժամկետներում կատարելու անհնարինությունը, այդ նախագծերից են` Reuters և Bloomberg միջազգային տեղեկատվական համակարգերում «Հայկական շուկա» էջի ստեղծումը, որը տեղափոխվել է ընթացիկ տարի։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության: 2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 406,25 դրամ)։ –0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

ԵԱԶԲ–ն գնահատել է 2026թ․–ին Հայաստանի ՀՆԱ–ի աճի գործոնները․ մակրոտնտեսական ակնարկ

Հայաստանի ՀՆԱ-ն, ԵԱԶԲ-ի կանխատեսումներով, 2026 թվականին կաճի 5,3%-ով

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

ՀԲՄ ղեկավարն առանձնացրել է վարկավորման ամենառիսկային ոլորտները

Հայաստանի բանկերի միության ղեկավար Դանիել Ազատյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ անդրադարձել է վարկավորման գերտաքացման ռիսկին և առանձնացրել երկու ոլորտ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Աշտարակ քաղաքի մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Աշտարակ քաղաքում վերաբացվեց ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված...

Հայաստանում բանկային խարդախությունների դեպքերի թիվը նվազել է, սակայն փոխվել են դրանց մեթոդները. ՀԲՄ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Դանիել...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img