Հայկական տնտեսության համար 10–12 բանկը բավարար է. կարծիք

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայկական տնտեսության սպասարկման համար անհրաժեշտ բանկերի օպտիմալ թիվը չպետք է գերազանցի 10–12–ը, երեքշաբթի լրագրողներին ասաց Ամերիաբանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

ՀՀ ԿԲ–ն 2014թ.–ի դեկտեմբերի 30–ի նիստի ժամանակ որոշել է 2017թ.–ի հունվարի 1–ից բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը` նախկին 5 մլրդ դրամից դարձնելով 30 մլրդ դրամ։

«ԿԲ–ի այս որոշումը թույլ կտա ոչ միայն ավելացնել կապիտալը, այլ նաև բարձրացնել բանկային համակարգի կայունությունը` ապահովելով դրա հետագա զարգացումը, քանի որ համարժեք կապիտալի նորմատիվն արդեն մոտենում է ԿԲ–ի նորմատիվների սանդղակին, և համակարգն այլևս չի կարողանում զարգանալ տնտեսությանը համահունչ» – ասաց Հանեսյանը։

Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանն իր հերթին նշեց, որ բանկերի միավորման գործընթաց արդեն իրականացվել է` պարզապես վարկային կազմակերպությունների ցածր մոտիվացիայով։

«Առաջիկա երկու տարիները կլինեն շուկայի համախմբման ժամանակաշրջան, կլինեն միաձուլումներ, գնումներ, կհայտնվեն նոր դերակատարներ` նոր կարգավիճակով և հնարավորություններով, քանի որ համախմբումն ինքնանպատակ չէ և պետք է հանգեցնի կայունության ու արդյունավետության բարձրացման։ Պետք է լինի սիներգետիկ արդյունք, որը թույլ կտա բարձրացնել համակարգի արդյունավետությունը», – ասաց Ջրբաշյանը։

Նրա խոսքով` առաջիկա տարվա ընթացքում շուկայում ֆինանսավորումը համեմատաբար ցածր կլինի, քանի որ դա կլինի նախապատրաստման, առողջացման, համախմբման, բանկերի արդյունավետության բարձրացման տարի։

Այսօրվա դրությամբ Հայաստանում գործում է 21 բանկ, և միայն հինգ բանկերի ընդհանուր կապիտալն է համապատասխան և անգամ գերազանցում ԿԲ–ի նոր պահանջը։ Եվս 12 առևտրային բանկերի մոտ այս ցուցանիշը գտնվում է 10 մլրդ դրամից մինչև 30 մլրդ դրամի սահմանում, իսկ չորս բանկերի մոտ այն գտնվում է 10 մլրդ դրամից ցածր սահմանում։ Այսպիսով` 16 բանկեր պետք է երկու տարում միջոցներ գտնեն ԿԲ–ի` կապիտալի ավելացման նորմատիվային պահանջն ապահովելու համար կամ սեփական ռեսուրսների հաշվին, կամ համախմբման և միաձուլման միջոցով։

2014թ.–ի վերջի տվյալներով` առևտրային բանկերի ակտիվները կազմել են մոտ 3 410,6 մլրդ դրամ (16,1 տոկոսի աճ), պարտավորությունները` 2 921,8 մլրդ դրամ (18,3 տոկոսի աճ), բանկերի ընդհանուր կապիտալը` 488,7 մլրդ դրամ (4,2 տոկոսի աճ), վարկային ներդրումները` 2 162,9 մլրդ դրամ (21,2 տոկոսի աճ), իսկ զուտ շահույթը` 27,1 մլրդ դրամ (41,3 տոկոսի անկում) (1 դոլարը` 479,06 դրամ)։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Մհեր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի ներգրավվածությունը Հայաստանի համար առանցքային նախագծերում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տարածաշրջանային գլխավոր տնօրեն Լիա Գուտիերեսին

Բիբլոս Բանկ Արմենիան մեկնարկել է նոր արշավ  հատուկ Mastercard World քարտապանների համար

Բիբլոս Բանկ Արմենիան հայտարարել է հատուկ Բանկի Mastercard World քարտապանների համար կազմակերպված արշավի մեկնարկի մասին

Մարտին դրամի միջին հաշվարկային փոխարժեքը դոլարի նկատմամբ 3,9%-ով ցածր է եղել, քան մեկ տարի առաջ

2026 թ.-ի մարտին հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377,4 դրամ՝ 2025 թվականի մարտի 392,8 դրամի դիմաց

Հայաստանում մարտին գրանցվել է 4,5% գնաճ

Ընդ որում, մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 0,7% գնաճ

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img