«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը» միանում է «Արդշինբանկին». վերջինս դառնում է Հայաստանի խոշորագույն բանկը

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2016թ.-ի հոկտեմբերի 7-ին ավարտվեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի ձեռքբերման գործարքը «Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական Կորպորացիայի կողմից, որի միակ բաժնետերն է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վերջնական շահառու և Խորհրդի նախագահ, Ռուսաստանում հայտնի գործարար Կարեն Սաֆարյանը:

Այս մասին նշվում է երկու բանկերի համատեղ մամուլի հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն, հաջորդ փուլով «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն և «Արդշինբանկ» ՓԲԸ-ն մտադրություն ունեն նախաձեռնել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բանկերի միացման գործընթաց, ինչի արդյունքում նախատեսվում է «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ–ն միացնել «Արդշինբանկ» ՓԲԸ-ին:

«Միացման արդյունքում, ֆինանսական կառույցը կդառնա Հայաստանում ամենախոշոր բանկը, այդ թվում` բանկային կապիտալի, ակտիվների և մասնաճյուղային ցանցի առումով ևս։ Միացումից հետո «Արդշինբանկ» ՓԲԸ-ի ընդհանուր կապիտալը կկազմի մոտ 74 միլիարդ ՀՀ դրամ, ակտիվները կհասնեն մոտ 540 միլիարդ դրամի, իսկ վաճառքի ցանցը բաղկացած կլինի թվով 72 ունիվերսալ մասնաճյուղերից», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Բանկերի միացումը վերջիններիս թույլ կտա լրացնել միմյանց՝ միավորելով ժամանակակից տեխնոլոգիաները, ծառայությունները և բարձրորակ մասնագետների ջանքերը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենը զգալիորեն կընդլայնի «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հնարավորությունները՝ իր հաճախորդներին առավել լայն տեսականիով որակյալ բանկային ծառայություններ մատուցելու առումով ինչպես կորպորատիվ, այնպես էլ` մանրածախ բիզնեսի ոլորտում։ Այսպիսով, «Արդշինբանկ» ՓԲԸ-ն ավելի կամրացնի Հայաստանի բանկային համակարգում իր առաջատարի դիրքը և շուկայում կստանա մրցակցային նոր առավելություններ:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ն (մինչ 2014թ.-ի նոյեմբերը «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ) հիմնադրվել է 2003թ.-ին, ունի 56 մասնաճյուղ, 1 սպասարկման կետ և ներկայացուցչություն Փարիզում։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն ներառված է Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, «Արդշինբանկի» ակտիվները 2016թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 452,7 մլրդ դրամ (13 տոկոսի աճ), պարտավորությունները` 401,5 մլրդ դրամ (14 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 51,3 մլրդ դրամ (5,9 տոկոսի աճ), կանոնադրական կապիտալը` 19,6 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները` մոտ 310,5 մլրդ դրամ (13,16 տոկոսի աճ)։ Միաժամանակ բանկի շահույթը 2016թ.–ի առաջին կիսամյակում կազմել է մոտ 2 226,3 մլն դրամ (47,56 տոկոսի աճ)։

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.-ին, ունի 16 մասնաճյուղ և 1 սպասարկման կետ։ Ըստ բանկային հիմնական ցուցանիշների՝ այն միջին դիրք է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում։ Մինչ 2016թ.-ի հոկտեմբերի 7-ը բանկը հանդիսանում էր «Գազպրոմբանկ» ԲԸ-ի (Ռուսաստանի Դաշնություն) դուստր բանկը։

«ԱՌԿԱ» գործակալության տվյալներով, «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի» ակտիվները 2016թ.–ի երկրորդ եռամսյակի վերջում կազմել են 97,9 մլրդ դրամ (տարեսկզբից 4,8 տոկոսի աճ), պարտավորությունները` 75 մլրդ դրամ (6,6 տոկոսի աճ), ընդհանուր կապիտալը` 22,9 մլրդ դրամ (0,74 տոկոսի անկում), կանոնադրական կապիտալը` 30,59 մլրդ դրամ, իսկ վարկային ներդրումները` մոտ 39,7 մլրդ դրամ (5,17 տոկոսի անկում)։ 2016թ.–ի առաջին կիսամյակը բանկն ավարտել է 183,4 մլն դրամ կորուստով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1 156,2 մլն դրամ կորուստի դիմաց:

Առևտրային երկու բանկերն էլ տրամադրում բանկային ծառայությունների ողջ շրջանակը Հայաստանի և ԼՂՀ-ի տարածքում։

«Ռեգիոն» Ֆինանսական Արդյունաբերական կորպորացիան հիմնադրվել է 2006թ.-ին և իր հիմնադրման օրվանից մինչ օրս ներդրումային գործունեություն է ծավալում Հայաստանում։

«Արդշինբանկ» ՓԲԸ-ին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբ» ՓԲԸ-ի միացման արդյունքում Հայաստանում կգործի 18 բանկ: Հարկ է նշել, որ 2014 թ.-ի վերջին ՀՀ ԿԲ-ն որոշում է կայացրել 2017 թ.-ի հունվարի 1-ից բարձրացնել առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը մինչև 30 մլրդ դրամ` նախկին 5 մլրդ դրամի փոխարեն: Ինչից հետո, Հայաստանի բանկային շուկայում սկսվեցին կապիտալի համալրման գործընթացներ, ինչպես նաև միաձուլումներ և կլանումներ: ($1 – 475,34 դրամ) -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի վարկային կազմակերպությունների կապիտալը 2026թ․–ի առաջին եռամսյակում աճել է 9,76%–ով՝ գերազանցելով 458 մլրդ դրամը

2026 թվականի մարտի 31-ի դրությամբ համախառն կապիտալի կառուցվածքում կանոնադրական կապիտալին բաժին է ընկնում 273,8 մլրդ դրամ, կուտակված շահույթին՝ 159,9 մլրդ դրամ, պահուստներին՝ 16,09 մլրդ դրամ, էմիսիոն եկամտին՝ 6,72 մլրդ դրամ

ՀՀ կենտրոնական բանկը միացել է «Թանգարանների գիշեր» միջոցառմանը և Թանգարանների միջազգային օրվան

Հայաստանի կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը միացել է «Թանգարանների գիշեր» և թանգարանների միջազգային օրվան նվիրված համաեվրոպական միջոցառումներին

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը 2026թ․–ի առաջին եռամսյակում գերազանցել է 100,6 մլրդ դրամը

Ներդրումների պորտֆելը ներկայացված է Հայաստանում գործող 44 վարկային կազմակերպություններից 19-ի տվյալներով

ՎԶԵԲ–ը ՀՀ–ում ֆինանսավորել է ավելի քան 245 ծրագիր՝ շուրջ 3 միլիարդ եվրոյի չափով․ Ֆալչետտի

Այս ծավալն արտացոլում է ինչպես Հայաստանի կարևորությունը բանկի համար, այնպես էլ երկրի՝ ներդրումները արդյունավետ օգտագործելու աճող կարողությունը

Յունիբանկը՝ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնի հովանավոր

Հայաստանի սպորտային մագլցման ֆեդերացիայի աջակցությամբ Ver Var մարզասրահում կայացավ «Upside Down» մարզական ժայռամագլցման փառատոնը, որի հովանավորը Յունիբանկն էր

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img