ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./ԱՌԿԱ/. «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը, որը հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ է, կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին, հաղորդում է ԱրարատԲանկի մամուլի ծառայությունը։

 «Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն, որը մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ, ձեռք է բերել  5 մլն ԱՄՆ դոլարի կայունության պարտատոմսեր: «Հույս ունենք, որ առաջիկա ամիսներին նրանց աջակցությամբ կավելացնենք «կանաչ» և կայունության պարտատոմսերի թողարկման ծավալը և կհորդորենք եվրոպացի ներդրողներին ավելացնել իրենց ներդրումները կայուն ֆինանսավորման ոլորտում»,- նշել են «Սիմբիոտիքս»-ի մամուլի ծառայությունում:

Կայունության պարտատոմսերի թողարկումից ստացված միջոցները կօգտագործվեն սահմանված չափանիշներին համապատասխանող սոցիալական, ինչպես նաև «կանաչ» վարկերի ֆինանսավորման համար։ Սոցիալական վարկերի միջոցով միկրո ձեռնարկություններն ու ՓՄՁ-ները կխթանեն երկրում աշխատատեղերի ստեղծումն ու գործարար միջավայրի ակտիվությունը, իսկ «կանաչ» վարկերը կտրամադրվեն վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, էկոշենքերի և էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների խթանման նպատակով:

«Կայունության պարտատոմսերի այս թողարկմամբ ԱրարատԲանկը ցույց է տալիս կայուն ֆինանսավորման և էկոլոգիապես ու սոցիալապես շահավետ վարկերի խթանման իր հանձնառությունը: Կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցներն օգտագործվելու են այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք նպաստում են աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, ինչպես նաև պայքարում են  կլիմայի փոփոխության դեմ», նշել է «Սիմբիոտիքս» ընկերության Ներդրումների գծով տնօրեն Դանիել Շրիբերը։

«Որդեգրելով «կայուն զարգացում երկարաժամկետ հատվածում» գործելաոճը՝ ԱրարատԲանկը կարևորում է հասարակության ու ձեռնարկությունների համար բարեկեցիկ և կայուն ապագա ստեղծելու համար նպաստավոր ֆինանսավորումն ու ներդրումները` առաջնահերթություն տալով այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք երկարաժամկետ հատվածում քաղաքները և համայնքները կդարձնեն էկոլոգիապես անվնաս և բնապահպանական տեսանկյունից անվտանգ»,- ասել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը։

«Ուրախ ենք աջակցել «Սիմբիոտիքս»-ի պես ճանաչված խաղորդին` Հայաստանում ԱրարատԲանկի համար այս նորարարական և ներառական կայունության պարտատոմսերի զարգացման գործում: Զարգացող շուկաների համար մեզ անհրաժեշտ են ավելի շատ «կանաչ» և սոցիալական պարտատոմսեր: Այս նախագիծը լիովին համապատասխանում է «Proparco»-ի առաջնահերթություններին և կլիմայի վերաբերյալ ռազմավարությանը», – ասել է «Proparco»-ի գլխավոր գործադիր տնօրեն Գրեգորի Կլեմենտեն:

«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ` պարտատոմսերը թողարկվել են «Micro, Small & Medium Enterprises Bonds S.A.» հարթակի «կայունության, սոցիալական և «կանաչ» պարտատոմսերի համակարգի» միջոցով։ Համակարգը սերտիֆիկացվել է «DNV GL» ընկերության կողմից 2019 թվականի դեկտեմբերին: Կայունության պարտատոմսերը ցուցակվելու են Լյուքսեմբուրգի «Կանաչ» պարտատոմսերի ֆոնդային բորսայում՝ Կայունության պարտատոմսեր հարթակում: Կայունության պարտատոմսերից ստացված միջոցներն ամբողջությամբ ուղղվել են ԱրարատԲանկին առաջնային, չապահովված վարկի տեսքով, 4 տարի մարման ժամկետով։

Ավելին՝ հետևյալ հղմամբ։          

«Սիմբիոտիքս»-ի մասին 

Հանրօգուտ ներդրման համար շուկայի հասանելիությունն ապահովող առաջատար հարթակ հանդիսացող «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը զարգացող և սահմանային շուկաներում իրականացնում է ՄՓՄՁ-ների և ցածր ու միջին եկամուտ ունեցող տնային տնտեսությունների ֆինանսավորում: 2005թ.-ից ի վեր «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը նախագծել և կնքել է ավելի քան 5,5 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր գումարի ծավալով շուրջ 4000 գործարք՝ շուրջ 90 զարգացող և սահմանային շուկաներում գործող ավելի քան 450 ընկերությունների համար: Ներդրումներն արվել են ավելի քան 25 արժութային հանձնագրերով և 50-ից ավել երրորդ կողմ հանդիսացող մասնագիտացված ֆոնդերի կառավարիչների կողմից՝ ձևավորելով աճող էկոհամակարգ և շուկա՝ նմանատիպ գործարքներ իրականացնելու համար: 

Ավելին՝ հետևյալ հղմամբ։ 

ԱրարատԲանկի մասին 

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար և բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով և կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին և 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% և ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

«Proparco»-ի մասին 

«Agence Française de Développement Group»-ի դուստր ընկերություն «Proparco»-ն մասնագիտացված է մասնավոր հատվածի ֆինանսավորման մեջ։  

Ընկերությունը ավելի քան 40 տարի խթանում է տնտեսական, սոցիալական և բնապահպանական կայուն զարգացումը՝ ֆինանսավորելով և աջակցություն տրամադրելով Աֆրիկայում, Ասիայում, Լատինական Ամերիկայում և Միջին Արևելքում գտնվող բիզնեսներին, ինչպես նաև ֆինանսական հաստատություններին: Ընկերությունը շեշտը դնում է զարգացման հիմնական ոլորտների վրա. ենթակառուցվածքներ,  հիմնականում վերականգնվող էներգիա, ագրոբիզնես, ֆինանսական հաստատություններ, առողջապահություն և կրթություն: 

Իր գործունեության նպատակն է ուժեղացնել մասնավոր խաղորդների ներդրումը 2015 թ.-ին միջազգային հանրության կողմից ընդունված Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում: Այդ նպատակով «Proparco»-ն ֆինանսավորում է այն ընկերություններին, որոնց գործունեությունը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, պատշաճ եկամուտների, առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների ապահովմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության դեմ պայքարին: Ավելին՝ հետևյալ հղմամբ։–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայաստանի բանկերի ներդրումների պորտֆելը II եռամսյակում կազմել է 1,93 տրլն դրամ՝ տարեսկզբից գրանցելով 9,5%–ի անկում

Միայն երկրորդ եռամսյակում բանկերի ներդրումային պորտֆելը նվազել է 280,76 մլրդ դրամով կամ 12,68%-ով

Հայաստանի բանկերը քաղաքացիներին անվճար կտրամադրեն հաշիվների մասին տեղեկանքներ

Հայաստանում ֆիզիկական անձինք հնարավորություն կստանան առևտրային բանկերից անվճար ստանալ էլեկտրոնային տեղեկանքներ իրենց բանկային հաշիվների, դրանց մնացորդների, ինչպես նաև բանկի հետ փոխադարձ պարտավորությունների առկայության կամ բացակայության մասին: Այս մասին հայտնում է Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:

ՀՀ ԿԲ–ն նշել է գնաճի արագացման պատճառները՝ հունիսի մինչև 5,1%

ԿԲ գնահատմամբ՝ գնաճի արագացման գործում նշանակալի ավանդ են ունեցել պարենային համաշխարհային շուկաներից եկող գնային ճնշումը և տեղական արտադրության ապրանքների գների աճը

S&P-ն վերահաստատել է Հայաստանի վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում է ՀՀ Ֆինանսների նախարարությունը

Հայաստանի պահուստների ռեկորդային աճը՝ մինչև 6,9 մլրդ դոլար, հունիսին ապահովել է բուֆեր բարձր աշխարհաքաղաքական ռիսկերի պայմաններում․ S&P

Վերլուծաբանները նշում են, որ աճը պայմանավորված է պետական եվրապարտատոմսերի թողարկմամբ, Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնումներով և արտերկրից զգալի ֆինանսական ու կապիտալի ներհոսքերով

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img