ԿԲ–ն թողարկվել է Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 13-ից շրջանառության մեջ է դնում «Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակ» արծաթե հուշադրամը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը։

Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928 թթ.) հայ մեծանուն կոմպոզիտոր է, դիրիժոր, մանկավարժ, երաժշտական-հասարակական գործիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1926 թ.):

1892-1894 թթ. կոմպոզիցիայի տեսություն է ուսումնասիրել Ն. Կլենովսկու մոտ` Մոսկվայում, 1896-1900 թթ.` Ն. Ռիմսկի-Կորսակովի մոտ` Պետերբուրգում: Ապրել է Ղրիմում, ծավալել է դիրիժորական և երաժշտահասարակական գործունեություն: Որպես կոմպոզիտոր ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների ազդեցությամբ։

1924 թ-ից Սպենդիարյանը ապրել է Երևանում: Այդ շրջանում ստեղծել է «Երևանյան էտյուդները» և ավարտին հասցրել հայկական երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Ալմաստ» հերոսահայրենասիրական օպերան (ըստ Հ. Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի, լիբրետոն` Ս. Պարնոկի):

Սպենդիարյանը մեծ դեր է ունեցել հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում՝ հարստացրել է հայկական երաժշտությունը նոր թեմաներով, ընդարձակել ժանրերը, հիմք դրել հայկական ազգային սիմֆոնիզմին։ Նրա «Ղրիմի էսքիզները», «Երեք արմավենի», «Երևանյան էտյուդները» և այլ սիմֆոնիկ գործեր հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներ են:

Երևանում ստեղծվել է Սպենդիարյանի տուն-թանգարանը: Կոմպոզիտորի անունն են կրում Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը (1933 թ.) և թիվ 1 երաժշտական դպրոցը:

Հուշադրամի դիմերեսին պատկերված է Սպենդիարյանի հուշարձանը (քանդակագործներ` Ա. Սարգսյան, Ղ. Չուբարյան, ճարտարապետներ` Գ. Աղաբաբյան, Ֆ. Դարբինյան, 1953 թ.)` Օպերայի և բալետի թատրոնի շենքի (ճարտարապետ` Ա. Թամանյան, 1932 թ.) ֆոնին, և պարուհի:

Դարձերեսին Սպենդիարյանի դիմապատկերն է, «Երեք արմավենի» ստեղծագործության նոտաների էջեր, ջութակի, թանաքամանի և արմավենիների ոճավորված պատկերներ:

Հուշադրամի էսքիզների հեղինակը Վարդան Վարդանյանն է: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը/հարգը` արծաթ 9250, քաշը` 33,6 գ, տրամագիծը` 40,0 մմ, որակը` պրուֆ,  դրամաշուրթը` ատամնավոր, թողարկման քանակը` 500 հատ, թողարկման տարեթիվը`2021։

Հուշադրամները թանկարժեք մետաղներից պատրաստված դրամներ են, որոնք թողարկվում են երկրի ազգային, միջազգային, պատմամշակութային, հոգևոր և այլ արժեքները հասարակությանը ներկայացնելու, դրանք մետաղի տեսքով հավերժացնելու, ինչպես նաև դրամագիտական շուկայի պահանջարկը բավարարելու նպատակով:

Ինչպես ցանկացած դրամ, հուշադրամներն ունեն անվանական արժեք, որով և ներկայանում են որպես վճարամիջոց: Սակայն հուշադրամների անվանական արժեքը շատ ավելի ցածր է ինքնարժեքից, որը բաղկացած է հուշադրամի պատրաստման համար օգտագործված թանկարժեք մետաղի արժեքից, արտադրության և այլ ծախսերից: Ցածր անվանական արժեքն ու բարձր ինքնարժեքը հնարավորություն են տալիս այս տեսակի դրամը դիտարկելու ոչ թե որպես դրամաշրջանառության մեջ օգտագործվող վճարամիջոց, այլ որպես հավաքորդական առարկա: Հուշադրամներն ունեն նաև ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված վաճառքի գին:

Հուշադրամները՝ հանդիսանալով հավաքորդական առարկա, թողարկվում են խիստ սահմանափակ քանակով և չեն վերաթողարկվում: Դրամագետները, հավաքորդներն ու պարզապես ցանկացողները կարող են գնել ՀՀ հուշադրամները ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից, որը գործում է բանկի ներսում և բաց է բոլորի համար:–0–

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ծավալով անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Յունիբանկի 6,9 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով դրամային անժամկետ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ընդգրկվելով պարտատոմսերի երկրորդային՝ Bbond ցուցակում

Սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է 4,3% գնաճ

Հայաստանի սպառողական շուկայում ընթացիկ տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,3%, նշվում է Հայաստանի Վիճակագրական կոմիտեի զեկույցում։

Յունիբանկը աջակցեց AGBU Global Run-ի անցկացմանն աշխարհի 22 քաղաքներում

Camp Nairi-ին աջակցող AGBU Global Run բարեգործական նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 1 500 մասնակցի աշխարհի 22 քաղաքներում և հավաքագրեց 500 000 ԱՄՆ դոլար՝ պատերազմի և բռնի տեղահանության հետևանքով տուժած երեխաներին ու ընտանիքներին օգնելու համար։

Հայաստանն ու Համաշխարհային բանկը քննարկել են հարկային և մաքսային վարչարարության բարեփոխումների առաջնահերթությունները

Քննարկվել են Հայաստանի հարկային ու մաքսային վարչարարության շարունակական վերափոխման հաջորդ փուլի առաջնահերթությունները

Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր

Յունիբանկը հայտարարում է ՀՀ դրամով անժամկետ պարտատոմսերի նոր թողարկման մասին։ Թողարկման ծավալը կազմում է 3 միլիարդ ՀՀ դրամ, որը նախատեսվում է տեղաբաշխել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 4-ը։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img