ՎԶԵԲ-ը նոր տնօրեն է նշանակում Կովկասի տարածաշրջանում

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Ալկիս Վրյենիոս Դրակինոսը նշանակվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)   Կովկասի տարածաշրջանի ղեկավար, տնօրեն։

Ինչպես հայտնում է բանկի մամուլի ծառայությունը, նա իր պաշտոնը կստանձնի 2023 թ․-ի սեպտեմբերի 1-ից, նստավայրը՝ Թբիլիսի։

Պրն․ Դրակինոսը կառաջնորդի Բանկի գործառնությունները Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում՝ սերտորեն համագործակցելով պետական իշխանությունների և շուկայում գործող շահագրգիռ կողմերի հետ՝ միտված  երեք երկրների տնտեսությունների հետագա զարգացմանը, աջակցելով մասնավոր հատվածին և հիմնական ենթակառուցվածքների զարգացմանը՝ ներդրումների, բարեփոխումների և փոքր բիզնեսի ֆինանսավորմանն ու խորհրդատվական ծառայություններին ուղղված քաղաքականության երկխոսության միջոցով՝  ՎԶԵԲ-ին անդամակցող երկրների համապատասխան ռազմավարություններին համահունչ:

Պրն․ Դրակինոսը նշել է. «Ես ուրախ եմ վերադառնալ Կովկաս և անհամբերությամբ սպասում եմ ստանձնելու այս ոգևորիչ մանդատը` հիմնվելով տարածաշրջանում իմ նախկին փորձի և ՎԶԵԲ-ում ունեցած ձեռքբերումներիս վրա։ Կովկասի տարածաշրջանին աջակցելը Բանկի հիմնական առաջնահերթություններից է: Տարածաշրջանը մեծ ներուժ ունի հետագա զարգացման և համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրվելու համար, և ես ոգևորված եմ սկսելու ՎԶԵԲ-ի տեղական թիմերի հետ աշխատանքս՝ այս տնտեսությունների հաջողության գործում շոշափելի ներդրում ունենալու նպատակով»:

Ազգությամբ հույն, նա առաջին անգամ միացել է Բանկին 1993 թ․-ին՝ որպես Հունաստանում ՎԶԵԲ-ի Տնօրենների խորհրդի խորհրդական, այնուհետև 1995 թ․-ին միանալով Ֆինանսական հաստատությունների թիմին և 1998 թ․-ին դառնալով Երևանում տեղակայված  Հայաստանի գրասենյակի ղեկավար:

Հետագայում նա 12 տարի ստանձնել է ֆինանսական ոլորտում խորհրդատվական և բանկային դերեր   «Քեյ-Փի-Էմ-Ջի»-ում, Եվրոպական բանկում և Սևծովյան առևտրի և զարգացման բանկում: Նա կրկին միացել է ՎԶԵԲ-ին 2012 թ․-ին որպես գրասենյակի ղեկավար Թուրքմենստանում, իսկ 2015-ին ստանձնել է Աթենքում  տեղակայված Հունաստանի  գրասենյակի փոխտնօրենի և ղեկավարի տեղակալի պաշտոնը: 

2017 թ․-ի հոկտեմբերին նա նշանակվել է Ուզբեկստանի գրասենյակի տնօրեն և ղեկավար, որտեղ նա առաջնորդել է ավելի քան 3 մլրդ․ եվրո արժողությամբ 100-ից ավելի նախագծերի իրագործումը:

Պրն․ Դրակինոսն ավարտել է Աթենքի համալսարանը տնտեսագիտության բակալավրի կոչումով և տարածաշրջանային զարգացման մագիստրոսի կոչում ստացել Աթենքի Պանտեյոն համալսարանից, որին հաջորդել է գործարար վարչարարության մագիստրոսի կոչումը Մանչեսթերի բիզնես դպրոցից: Նա նաև ավարտել է Լոնդոնի բիզնես դպրոցի կորպորատիվ ֆինանսների ծրագիրը:

Նա հաջորդում է Կատարինա Բյորլին Հանսենին, ով նշանակվել է Քիշնևում տեղակայված Մոլդովայի գրասենյակի ղեկավար։

Մինչ օրս Բանկը կատարել է ավելի քան 10 մլրդ․ եվրո արժողությամբ ներդրում Կովկասի տարածաշրջանի երկրների թվով 680 նախագծերում՝ ուղղված ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներին։ Հատկանշական է, որ այդ ներդրումների մեծ մասն աջակցում է մասնավոր հատվածի զարգացմանը:-0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի փոխարժեքը շարունակում է աճել, դոլարն ու ռուբլին նվազել են․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն աճել է 1․28 կետով և կազմել 435․55 դրամ, ռուբլին նվազել է 0․0613 կետով և կազմել 4․5256 դրամ

Ինչպե՞ս պարզել, թե որ բանկն է վճարելու Ձեր կենսաթոշակը. ԱՍՀ-ն պարզաբանում է

2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի․ ԿԲ նախագահ

Հայաստանում կենսաթոշակների և նպաստների բարձրացումը կարող է հանգեցնել գնաճի 0,1%-0,2% աճի մինչև տարեվերջ

ԵԱԶԲ․ Հայաստանում անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025թ․–ին աճել է մինչև 5,9 մլրդ դոլար, զուտ ներհոսքը՝ 8,6%–ով

Հայաստան անդրսահմանային փոխանցումների ներհոսքը 2025 թվականին տարեկան կտրվածքով աճել է 2,4%-ով և հասել 5,9 մլրդ դոլարի

ԿԲ–ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%

ԿԲ Խորհուրդը մարտի 17–ին նիստի ժամանակ երրորդ անգամ անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.50%

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img