TCF ընկերության 400 մլն դրամի պարտատոմսերը ցուցակվել են AMX–ում․ սա նախադեպ է Հայաստանի տեխնոլոգիական ընկերությունների համար

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի/ԱՌԿԱ/ Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX) պաշտոնապես ցուցակվել են Հայաստանում նորարարությունների և ներդրումային ոչ ստանդարտ լուծումների առաջատար ընկերություններից մեկի՝ «Քրաուդֆանդինգ Ֆորմուլա» ՍՊԸ (The Crowdfunding Formula, TCF) պարտատոմսերը։

Ընկերությունը տեխնոլոգիական ոլորտի առաջին ներկայացուցիչն է Հայաստանում, որն իրականացնում է արժեթղթերի թողարկում։

«Ցանկացած բիզնեսի համար սա  մեծ ձեռքբերում է և երազանք; Նշանակում է, որ հասարակությունը ներդրում է կատարում ընկերության մեջ, վստահում է նրան։ Հաջորդ փուլը IPO–ն է։ Կարծում եմ, որ ընկերությունը մի քանի տարվա ընթացքում կանի նաև դա», – հայտարարեց Հայկական ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը հանդիսավոր արարողության ժամանակ։

Նրա խոսքով, տեխնոլոգիական ոլորտի ընկերության պարտատոմսերի ցուցակումը կարևոր ուղերձ է շուկայի բոլոր մասնակիցների համար․ կապիտալի շուկան բաց է բոլոր ոլորտների բիզնեսների համար։

«Սա հիանալի օրինակ է, որ ցանկացած ընկերություն կարող է դիտարկել պարտատոմսային գործիքները՝ բիզնեսի զարգացման և նոր շուկաներ դուրս գալու նպատակով», – ընդգծեց Եգանյանը։

«Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերության տնօրեն և համահիմնադիր Նարեկ Վարդանյանն իր հերթին նշեց, որ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտել են նախատեսված ժամկետից շատ ավելի շուտ, սակայն պահանջարկը մեծ էր և պոտենցիալ ներդրողներ եղան, որ չհասցրեցին ձեռք բերել դրանք։ Ցուցակումը նրանց կընձեռի նման հնարավորություն։

«Ուրախ ենք նաև, որ ստեղծել ենք նախադեպ այն ընկերությունների համար, որոնք համադրում են նորարարությունը, գլոբալ մտածելակերպը և տեղական շուկայի հանդեպ հավատը։ Սա ուղերձ է ողջ էկոհամակարգին», – ասաց Վարդանյանը։

Նրա խոսքով, պարտատոմսերը հիանալի գործիք է, որը մարդկանց հնարավորություն է տալիս անմիջականորեն մասնակցել ընկերությունների զարգացմանն ու դիվերսիֆիկացնել ֆինանսական միջոցները, ինչպես նաև ստանալ ավելի բարձր եկամուտ։

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության այն հարիցն, թե պատրաստվում է, արդյոք, ընկերությունը IPO իրականացնել՝ Վարդանյանն ասաց, որ կարճաժամկետ պլաններում նման բան չկա, սակայն նման հնարավորությունը չի բացառվում։ Նա նաև հայտնեց, թե ուր կուղղվեն ներգրավված միջոցները։

«Մենք բավականին ակտիվ զարգանում ենք տարբեր շուկաներում, մասնավորապես, մասնաճյուղ ենք բացել Չինաստանում։ TCF–ն այնտեղ բավականին դոմինանտ դիրքեր ունի, որն ուզում ենք ամրապնդել, ավելացլեն աշխատակիցների թիվը, դառնալ ավելի ճանաչելի։ Միջոցները հիմնականում կուղղվեն այս նպատակներին», – ասաց Վարդանյանը։

Նա խոստացավ, որ TCF–ը կավելացնի կապիտալն ու կվերադառնա Հայաստան։

Ընդհանուր 400 մլն ՀՀ դրամ ծավալով TCF–ի պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվել է 2025 թվականի հունվարի 7-ից փետրվարի 24-ը ընկած ժամանակահատվածում՝ Dimension Investment Company–ի միջոցով։ Պարտատոմսերը ցուցակվել են բորսայի պարտատոմսերի երկրորդային (Bbond) ցուցակում։ Ցուցակված 4000 պարտատոմսերի անվանական արժեքը կազմում է 100,000 ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12.75%, իսկ շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Վերոնշյալ արժեթղթերով թույլատրվել է հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը։

Ապրիլի 8-ին TCF-ի պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ է շնորհվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ին։

«Քրաուդֆանդինգ Ֆորմուլա»-ն մասնագիտացած է ծրագրային ապահովման մշակման, մարքեթինգային ռազմավարությունների մշակման և գովազդային արշավների իրականացման ոլորտում։ 2023 թվականից հանդիսանում է Crowdfunding Formula, Inc. ամերիկյան ընկերության դուստր կազմակերպությունը՝ տրամադրելով ծրագրային և օպերացիոն աջակցություն։ Ընկերությունն ունի գրասենյակներ Երևանում, Նյուարքում և Չինաստանի Շենժեն քաղաքում։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 փորձագետներ

Ապրիլի 27-ից 29-ը Երևանում կայանալիք FINTECH360 միջազգային համաժողովին կմասնակցեն ավելի քան 500 մասնագետներ 30 երկրներից

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է ավտովարկավորման պարզեցված գործընթաց՝ շուկայի ավելի քան 50 ավտոսրահներից նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար

ԿԲ նախագահը ԱՄՀ առաքելության հետ քննարկել է ԱՄՀ կողմից սահմանված կառուցվածքային հենանիշների կատարման ընթացքը

ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության հետ ամփոփիչ հանդիպումը՝ ԿԲ նախագահի և առաքելության ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի (ՎԻԴԵՈ)

IDBank-ը համագործակցության հուշագիր է ստորագրել Երևանի պետական համալսարանի հետ

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ԿԲ

2026 թվականի մարտի 31-ին Հայաստանի արտարժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ մարտի 30-ի համեմատ նվազել է 0.38 կետով՝ հասնելով 377.16 դրամի

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img