ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն աշխատանքն է իրականացնում գործիքակազմի մշակման ուղղությամբ՝ ֆինանսական և կիբերխարդախության դեպքերին հակազդելու համար, այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԿԲ փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։
«Զրոյական պատասխանատվության» համակարգ
Նուրբեկյանի խոսքով, տնտեսության թվայնացման և ընդհանրապես ֆինանսական թվային պրոդուկտների օգտագործման աճին զուգընթաց ամբողջ աշխարհում, նաև Հայաստանում զեղծարարությունների ռիսկերը մեծանում են։ Այդպիսի մի ալիքի, այսպես ասած, մենք ականատես եղանք մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետությունում ևս։
«Կամայական համակարգը աշխարհի կամայական երկրում, բնականաբար, զեղծարարություններ արձանագրվում են, և մենք նպատակ ենք դրել, որպեսզի անկախ այդ զեղծարարություններից՝ նաև հետևանքները կառավարելու համակարգ դնենք։ Այդպիսի համակարգերից մեկը կոչվում է «զրոյական պատասխանատվության» համակարգ։ Այսինքն՝ որոշակի պարամետրերի դեպքում, երբ որ զեղծարարություն է լինում մինչև ինչ֊որ մի գումարը, այդ պարագայում, այսպես ասած, պատասխանատվությունը հաճախորդը չի կրելու, որովհետև ինչ֊որ ապահովագրության մեխանիզմ է գործելու», – ասաց ԿԲ փոխնախագահը։
Նա նշեց, որ վերջնական լուծում դեռ չկա։
«Մենք հիմա ունենք որոշակի տարբերակներ, որոնք որ քննարկում ենք բանկային համակարգի ներսում, ապահովագրականների հետ էլ ենք քննարկում, որպեսզի հասկանանք՝ ինչ գործիքակազմ կարող է լինել», – ասաց նա։
Բալանսի կարևորությունը
Նուրբեկյանը նաև ընդգծեց բալանսի կարևորությունը՝ այս կամ յան լուծումն ընտրելիս։
«Քանի որ աշխարհը թվայնացվում է, ռիսկերը շատ ավելի բարձր են։ Շատ մարդիկ որոշակի օգտվելու պահանջներից լավատեղյակ չեն։ Իրենք օբյեկտիվորեն կարող են զեղծարարության զոհ դառնալ հենց իրենց չմտածված քայլերի պատճառով։ Մեր նպատակը այն է, որ որոշ դեպքերում՝ մեծ քանակների համար մենք կարողանանք այդ ապահովագրությունը որոշակիորեն տրամադրենք», – ասաց ԿԲ փոխնախագահը։
Նրա խոսքով, միաժամանակ կա նաև հստակ աշխարհի փորձ, որ երբ որ այդ ապահովագրության իմաստով շատ ավելի շատ ես անում, մարդկանց զգոնությունը կորում է։
«Հակառակը՝ կիբերհանցագործների կամ զեղծարարների համար շատ ավելի լավ պայմաններ ես, այսպես ասած, առաջարկում, որպեսզի իրենք խարդախությունների և զեղծարարությունների իրենց մեխանիզմները ավելի կատարելագործեն։ Այսինքն՝ այստեղ շատ հավասարակշռված որոշման մասին է խոսքը գնում», – նշեց Նուրբեկյանն՝ ավելացնելով, որ խոսքը գնում է ոչ միայն զրոյական պատասխանատվության մասին, այլ որոշ գործարքների պարագայում նույնականացման ավելի խիստ ստանդարտների մասին, որը ևս էական կարևոր քայլ է։
Նրա խոսքով, ժամկետներ դեռ հնարավոր չէ նշել, քանի որ որոշ գործիքներ կարող են պահանջել օրենսդրական փոփոխություններ։
«Ամեն դեպքում մենք ուզում ենք մոտակա 3 ամիսների ընթացքում կոնցեպտուալ Կենտրոնական բանկում որոշում ունենանք, թե ինչպիսի լուծում ենք, ինչպիսի համակարգ ենք ուզում ունենալ։ Դրանից հետո ինչքան ժամանակ կպահանջվի՝ որպեսզի մենք հստակ գործիքակազմը կիրառենք, արդեն կախված կլինի հենց վերջնական որոշումներից։Ինքը նախագիծը և այսպես ասած կոնտուրները Կենտրոնական բանկում արդեն կան խորհրդի մակարդակով։ Մենք ընդհանուր առմամբ պատկերացնում ենք ուղղությունը, բայց գործիքակազմը բավականին բարդ է։ Դրա համար կոնկրետ ժամկետներ չեմ ուզում ասել, որպեսզի կեղծ խոստումներ չտամ», – ասաց ԿԲ փոխնախագահը։
Ֆինանսական պատասխանատվություն
Պատասխանելով այն հարցին,թե ով է իր վրա վերցնելու ֆինանսական պատասխանատվություն՝ բանկե՞րը, թե՞ պետությունը՝ Նուրբեկյանն ասաց, որ դա կախված է պատճառներից, որոնց հետևանքով մարդը դարձել է ֆինանսական զեղծարարության զոհ։
Նրա խոսքով, այդ պատճառները շատ տարբեր են, գերակշիռ դեպքերում մարդիկ իրենց անձնական տվյալները փոխանցում են երրորդ կողմին։ Կան նաև դեպքեր, երբ զեղծարարությունը տեղի է ունենում ֆինանսական կառույցի անփութության հետևանքով։
«Բոլոր դեպքերում, երբ որ մենք կունենանք ֆինանսական հատվածի պատճառով, իրենց անփութության պատճառով որոշակի դեպքեր, այդ հարցերը շատ արագ կլուծվեն՝ օգուտ հաճախորդի։ Մինչև այս պահը ևս այդպես էլ եղել է», – ասաց նա։
Խոսելով այն դեպքերի մասին, երբ մարդն անզգուշությամբ երրրոդ կողմին է փոխանցել անձնական տվյալները՝ ԿԲ փոխնախագահն ասաց, որ փոխհատուցման տարբերակը պետական մակարդակում հնարավոր է, որ , բայց դա լավ տարբերակ չէ, որովհետև որևէ շուկայական մեխանիզմներ չի տալիս՝ այդ հարցը լուծելու համար։
«Այսինքն՝ կարգավորումը ասել է, որ այդ ռիսկը որոշակի դեպքերում՝ մինչև ինչ–֊որ գումարի չափ, որոշակի պարամետրի դեպքում պետք է ապահովագրվի։ Այդ ապահովագրությունը փաստացի տարբեր տեսակներ կարող է ունենալ։ Կարող է ապահովագրական ընկերությունները բանկերին այդպիսի ծառայություններ մատուցեն, կարող են բանկերը իրենք որոշակի ձևով դա ապահովագրեն։ Բայց գլոբալ իմաստով սա շուկայական լուծում է, որը փաստացի ինչ֊–որ մի ռիսկին կցելու է գին։ Ֆինանսական համակարգի վրա այդ կարգավորման բեռը Կենտրոնական բանկը այս կամ այն կերպ դնելու է», – ընդգծեց նա։
Նուրբեկյանն ավելացրեց, որ ԿԲ–ի խնդիրն է այնպիսի հավասարակշռություն դնել, որպեսզի այդ ռիսկերը կառավարվեն։
«Այսինքն՝ գոնե զեղծարարության դեպքերի 80-90 տոկոսի պարագայում սա գործի, և մեծ քանակությամբ մարդիկ հեշտությամբ այս իրավիճակից դուրս գան։ Բայց միաժամանակ մենք այնպիսի սխալ համակարգ չդնենք, որ զեղծարարների համար դառնա այնպիսի իրավիճակ, որով իրենք, կոպիտ ասած, ինչ ուզեն անեն, որովհետև վճարողը ինչ–֊որ մի 3-րդ կողմն է։ Այսինքն՝ այդ հարցն է, որը կարևոր է», – նշեց ԿԲ փոխնախագահը։
Գովազդը սոցցանցերում
Նուրբեկյանը նշեց, որ իրենց վերլուծությունները ցույց են տվել, որ զեղծարարության զոհ դառնալու ժամանակ տարբեր սոցիալական հարթակներում գովազդները շատ մեծ դեր են ունեցել։ Այսինքն՝ մարդիկ շատ դեպքերում ինչ֊–որ գովազդ են տեսնում, որը խոսում է ինչ–֊որ շատ լավ բանի մասին, սոցիալական հարթակում հղումով անցնում են և դրանից հետո արդեն անկանխատեսելի հետևանքներ են լինում։
«Մենք սոցիալական ցանցերի խոշոր միջազգային ընկերություններին նամակներ ենք գրել, որպեսզի իրենք ևս որոշակիորեն կառավարեն այդ ռիսկերը։ Այսինքն՝ իրենք ևս որոշակի ձևով ստանձնեն պարտավորություն, որ իրենց հարթակներում գովազդների վերաբերյալ, հատկապես երբ որ հարցը վերաբերում է ֆինանսական ծառայությունների, ունենան որոշակի պատասխանատվություն», – պարզաբանեց նա։