Tue, 24 February
1.1 C
Yerevan
USD: 377.84 RUB: 4.93 EUR: 445.25 GEL: 141.25 GBP: 509.74

Առաջին գործարքը՝ Հայաստանի ապահովագրական շուկայում․ Grawe Group–ը և C-Quadrat–ը ձեռք են բերել LIGA Insurance–ը

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ–ն հունվարի 30–ին հաստատել է LIGA INSURANCE ապահովագրական ընկերության 100% բաժնետոմսերի ձեռքբերումը Grawe Group  ավստրիական ընկերության և C-Quadrat Investment Group ներդրումային խմբի կողմից։

Grawe Group ընկերությունը հայկական LIGA Insurance–ի 75% բաժնետոմսերի սեփականատերն է, մնացած 25%–ը C-Quadrat Investment Group–ի մասնաբաժինն է։

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նշվել է, որ գործարքը մեծ հնարավորություն է ստեղծում ապահովագրական ոլորտում որակական առաջընթացի համար՝ սահմանելով նոր ուղենիշեր կորպորատիվ կառավարման, ռիսկերի կառավարման, անդերրայթինգի և վնասների կարգավորման ուղղություններով, ինչպես նաև ձևավորելով կյանքի ապահովագրության ներդրման ու զարգացման կարևոր նախապայմաններ Հայաստանում։  

Դրական հեռանկարներ

Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ սա հայաստանյան ապահովագրական շուկայում նմանատիպ առաջին գործարքն է։ Ներկայիս սեփականատերերը ծրագրում են ներդնել նոր պրոդուկտ՝ կյանքի ապահովագրություն, որը նախկինում Հայաստանում չի եղել, ինչպես նաև զարգացնել գյուղատնտեսական ապահովագրությունը։

ԿԲ ղեկավարը կարևորել է նման հեղինակավոր միջազգային ընկերությունների մուտքը երկրի տնտեսության և ֆինանսական շուկայի զարգացման տեսանկյունից։

Զարգացման հեռանկարի դրական կետերի թվում նա նշել է պրոդուկտային շարքի դիվերսիֆիկացման հնարավորությունը՝ հաշվի առնելով Grawe-ի մեծ փորձը կյանքի ապահովագրության ոլորտում, վերաապահովագրության ինստիտուտի և միջազգային հեղինակավոր վերաապահովագրողների մոտեցումների հնարավոր փոփոխությունները, խոշոր նախագծերի իրականացման հնարավորությունը՝ ապահովագրական բեռը սեփական պատասխանատվության տակ վերցնելու միջոցով, կորպորատիվ կառավարման բարելավումը:

«Մենք շատ ենք խոսում TRIPP նախագծի, խաչմերուկների բացման, տրանսպորտային և կարգո–փոխադրումների մասին, և ես կարծում եմ, որ այդ ամենը շատ ավելի կհեշտանա՝ հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանում արդեն ներկա է միջազգային հեղինակավոր ապահովագրական ընկերություն», — ասել է Գալստյանը:

Երևանը՝ որպես տարածաշրջանում ընդլայնման հնարավորություն

Grawe Group-ի գլխավոր տնօրեն և տնօրենների խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելը, խոսելով LIGA Insurance-ի համար այս գործարքի առավելությունների մասին, նշել է, որ շեշտը դրվելու է աճի, ապահովագրական շուկայում մասնագիտացված պրոդուկտների առաջարկի, ինչպես նաև ընկերության՝ միջազգային շուկա դուրս գալու վրա:

Պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին՝ Շայտեգելն ասել է, որ Grawe Group-ը Երևանը դիտարկում է որպես Հարավային Կովկասի տարածաշրջանում ներկայացուցչության համար հաբ ստեղծելու հնարավորություն:

«Մենք ընտրել ենք Հայաստանը, քանի որ այն ունի բազմադարյա պատմություն, երկրում անվտանգ է, և գործում են հստակ կանոններ ու բարձր մակարդակի պրոֆեսիոնալ մոտեցում։ Մենք կցանկանայինք, որ մեր փորձը նպաստեր տարածաշրջանի զարգացմանը», — ասել է նա։

Grawe Group-ի ղեկավարը հայտնել է, որ ընկերության առաջիկա ծրագրերն են՝ կենտրոնանալ հայաստանյան շուկայի վրա։

Շայտեգելը նաև պատմել է անշարժ գույքի ոլորտում ներդրումների պլանների, այլ սեգմենտներում ընդլայնվելու մտադրության, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապահովագրության գծով։

Բիզնես համագործակցություն

C-Quadrat Investment Group-ի գործադիր տնօրեն և խորհրդի անդամ Անդրեաս Վիմմերի խոսքով՝ ներդրումային խումբը, հաշվի առնելով Հայաստանում կենսաթոշակային հիմնադրամների կառավարչի իր հաջող փորձը, բիզնեսի զարգացման իրական հեռանկարներ է տեսել:

«Կենտրոնական բանկի հետ խորհրդակցությունների և շուկայի վերլուծության արդյունքում մենք հասկացանք, որ ապահովագրական շուկան մեծ պոտենցիալ ունի։ Ապահովագրական բիզնեսը, մասնավորապես՝ կյանքի ապահովագրությունը, միշտ ձեռք ձեռքի տված է գնում ակտիվների կառավարման բիզնեսի հետ, և մենք որոշեցինք, որ գործընկերների հետ համատեղ կարող ենք զարգանալ շուկայում՝ ուժեղացնելով միմյանց։ Սա համահունչ է մեր ռազմավարական նպատակներին», — ասել է նա՝ ի պատասխան «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

Կյանքի ապահովագրություն՝ որպես ռազմավարական ուղղություն

LIGA Insurance-ի գործադիր տնօրենի տեղակալ Վահագն Աղավելյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության՝ ռեբրենդինգի վերաբերյալ հարցին, հայտնել է, որ ընկերության անվանումը կպահպանվի՝ ավելացնելով Member of Grawe Group գրառումը։

Միևնույն ժամանակ, թիմային կազմում տեղի կունենան որակական փոփոխություններ՝ միջոցներ կձեռնարկվեն աշխատակիցների որակավորման բարձրացման ուղղությամբ։

Նրա խոսքով՝ գործարքն ընկերության համար հնարավորություն է բացում հասանելիություն ունենալ հզոր տվյալների բազայի, նոր գիտելիքների և փորձի։

«Մենք կներդնենք ապահովագրական նոր պրոդուկտներ, ապահովագրության եվրոպական ստանդարտներ, իսկ կյանքի ապահովագրությունը կդիտարկենք որպես առաջիկա տարիների ռազմավարական զարգացման ուղղություն», — ընդգծել է նա:

Այս կապակցությամբ Շտայտեգելն իր հերթին շեշտել է, որ կյանքի ապահովագրությունն ուղղակիորեն կապված է բնակչության ֆինանսական գրագիտության հետ։

«Սա մի ճանապարհորդություն է, որը մենք պետք է անցնենք քայլ առ քայլ՝ կրթելով մեր հաճախորդներին և բացատրելով նրանց մեր պրոդուկտների էությունը», — պարզաբանել է նա։

Շուկայի բացերը

Աղավելյանը, խոսելով շուկայում առկա բացերի մասին, նշել է, որ բացի կյանքի ապահովագրությունից, որն ունի ռազմավարական նշանակություն «երկար փողերի» ձևավորման համատեքստում, մարտավարական տեսանկյունից Հայաստանում լուրջ բաց կա փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ապահովագրության մասով։

«Մեզ մոտ գործում է մանրածախ ապահովագրություն, որով ապահովագրվում են ֆիզիկական անձինք, ինչպես նաև կորպորատիվ ապահովագրություն խոշոր ընկերությունների համար։ Սա միջանկյալ շերտ է, որն ունի բազմաթիվ պոտենցիալ ապահովադիրներ, և մենք մտադիր ենք մտնել այդ հարթակ։ Սա բավականին բարդ սեգմենտ է հաճախորդների տեսանկյունից, բայց մենք ունենք որոշակի նախագծեր և պատրաստվում ենք մուտք գործել այդ շուկա», — ասել է նա։

Աղավելյանը պարզաբանել է, որ բարդությունը կայանում է ինչպես մշակույթի և գիտելիքների առկայության, այնպես էլ ռիսկերի գնահատման մեջ: «Բայց հենց այս ոլորտում է կարևոր մեր փորձը, որպեսզի մենք կարողանանք ցույց տալ ռիսկերը և առաջարկել ապահովագրական լուծումներ», — ասել է նա:

GRAWE Group-ի մասին

Հիմնադրվել է Ավստրալիայում 1828թ․–ին։ԿենտրոնականևԱրևելյան Եվրոպայի ամենահին և ամենահեղինակավոր ապահովագրական խմբերից մեկն է։ Ընկերությունն ունի միջազգային կողմնորոշում, գործում է 14 երկրում, խմբի կազմի մեջ են մտնում Կենտրոնական, Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում 20 դուստր ապահովագրական ընկերություններ, 3 բանկև անշարժ գույքի ոլորտի ընկերություններ։

C-Quadrat ներդրումային խմբի մասին

1991թ․–ին Վիեննայում հիմնադրված C-Quadrat Ներդրումային Խումբը ժամանակի ընթացքում ձևավորվել է որպես միջազգային ներդրումային խումբ, որը վստահություն է վայելում համաշխարհային առաջատար ֆինանսական հաստատությունների և մասնավոր ներդրողների շրջանում, այդ թվում՝ ավելի քան 80 ապահովագրական ընկերությունների։ C-Quadrat Ներդրումային Խումբը միավորում է ակտիվների կառավարիչ հանդիսացող ինը անկախ ընկերություններ՝ գլխամասային գրասենյակներով Վիեննայում և Լոնդոնում, ինչպես նաև 21 երկրում ռազմավարական ներկայությամբ։

Խմբի անդամ -Quadrat Ampega Asset Management Armenia ընկերությունն արդեն ավելի քան 10 տարի հաջողությամբ գործում է Հայաստանում՝ կառավարելով կենսաթոշակային համակարգի շուրջ 450 000 մասնակիցների կենսաթոշակային ակտիվները։

LIGA INSURANCE ընկերության մասին

Հիմնադրվել է 2008թ․–ի մայիսին։ Ներկայացված է հանրապետության բոլոր մարզերում՝ հանդիսանալով Հայաստանի ամենամեծ ապահովագրական ընկերությունը։ Ընդհանուր կապիտալի ցուցանիշով շուկայի առաջատարն է՝ 7․6 մլրդ դրամ (20 մլն դոլար)։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են. ՀՀ Կենտրոնական բանկ

Հայաստանի արտարժույթի շուկայում 2026 թվականի փետրվարի 18-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ փետրվարի 17-ի համեմատ, աճել է 0.86 կետով՝ հասնելով 377.69 դրամի

2026 թ.-ի մարտի 13-ին Երևանում  տեղի կունենա Capital Markets Armenia IV համաժողովը

Երևանի «Մարիոթ» հյուրանոցում կկայանա Capital Markets Armenia IV համաժողովը՝ ամենամյա միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկայի զարգացմանը և միջազգային ֆինանսական համակարգին նրա ինտեգրմանը

Ավելի քան 21000 քաղաքացի արդեն անցել է կենսաթոշակ ու նպաստ ստանալու անկանխիկի դաշտ. նախարար

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց որոշումը, որով կարգավորվում է ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների ամբողջական անցումը անկանխիկ վճարման եղանակին

«ԳԼՈԲԲԻՆԳ» ՍՊԸ-ի 1,5 մլրդ դրամ և 2 մլն դոլար ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) այսօր ողջունել  է օնլայն գնումների շուկայի առաջատարներից «Գլոբբինգ» ՍՊԸ-ի («Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ) մուտքը  կապիտալի շուկա

Ակբա բանկի խումբը զարգացնում է թափանցիկ կառավարման համակարգը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի․/ԱՌԿԱ/․  Ակբա բանկի խումբը կառավարման արդյունավետության, թափանցիկության...

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img