Էմիտենտների տեղեկատվության կանոնավոր բացահայտումը Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առանցքային պայմաններից է․ Էկոնոմիկայի նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումն ավելի ու ավելի է բախվում ոչ միայն թողարկումների թվի աճին և գործիքների ընդլայնմանը, այլև այն միջավայրի որակին, որտեղ ներդրողները որոշումներ են կայացնում: Շուկայի հետագա խորացման առանցքային պայմաններից մեկը Էկոնոմիկայի նախարարությունում համարում են տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը, առանց որի անհնար է վստահության ձևավորումը, ռիսկերի ճիշտ գնահատումը և կապիտալի շուկայի գործիքների նկատմամբ հետաքրքրության բարձրացումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Հասմիկ Զաքարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցերին, թե կապիտալի շուկայի զարգացման ինչպիսի մոդել են քննարկում իշխանությունները առաջիկա 3–5 տարիների համար, ինչպիսի դեր պետք է խաղա այդ կառուցվածքում պարտատոմսերի շուկան, որտեղ պետք է անցնի շուկայի հասանելիության և ներդրողների պաշտպանվածության միջև հավասարակշռությունը, ինչպես նաև, թե ինչ ձևաչափով կարող են ամրագրվել պետության ապագա մոտեցումները։

 «ԱՌԿԱ»․օրերս ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը, որպես կապիտալի շուկայի զարգացման քաղաքականության առանցքային իրականացնողների մեկը, պետք է օգնի որոշել դրա զարգացման մոդելը և ռիսկերի բաշխման նկատմամբ մոտեցումը: Ինչպե՞ս է Էկոնոմիկայի նախարարությունը տեսնում Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման ընդհանուր մոդելը առաջիկա 3-5 տարիների համար. ո՞ր սեգմենտները, գործիքները և էմիտենտների ո՞ր տեսակները պետք է դառնան առաջնահերթություն:

Ա Զաքարյան վերջին տարիների տվյալները ցույց են տալիս, որ կապիտալի շուկան Հայաստանում զարգացել է հատկապես կորպորատիվ պարտատոմսերի հատվածում՝ աճել են ինչպես թողարկումների քանակը, այնպես էլ շուկայի արժեքը և երկրորդային առևտրի ակտիվությունը։ Սա ձևավորել է որոշակի հիմք հետագա զարգացման համար։

Այս պահին ընթանում են քննարկումներ և վերլուծություններ՝ հասկանալու համար, թե առաջիկա տարիներին ինչ կառուցվածք պետք է ունենա շուկայի զարգացման մոդելը։ Քննարկվում են ինչպես պարտատոմսերի, այնպես էլ բաժնետոմսերի շուկայի զարգացման հնարավոր ուղղությունները, ոչ բանկ թողարկողների ներգրավման խթանումը, ինչպես նաև երկրորդային շուկայի լիկվիդայնության բարձրացումը։

Վերջնական առաջնահերթությունները կձևավորվեն ընթացիկ դիագնոստիկայի և միջգերատեսչական քննարկումների արդյունքներով։

«ԱՌԿԱ»․ այդ մոդելում, նախարարության կարծիքով, ի՞նչ դեր պետք է խաղա պարտատոմսերի շուկան՝ որպես բիզնեսի ֆինանսավորման աղբյու՞ր, որպես ներքին խնայողությունների ներգրավման գործի՞ք, թե՞ որպես հենարանային սեգմենտ, որից պետք է սկսվի կապիտալի շուկայի ընդլայնումը:

Ա Զաքարյան այս փուլում մեր քննարկումները կենտրոնացած են այն հարցի շուրջ, թե ինչպես ապահովել, որ պարտատոմսերի շուկան չմնա միայն առանձին աճող հատված, այլ դառնա կապիտալի շուկայի ընդհանուր խորացման շարժիչ ուժ։ Դրա համար կարևոր են ոչ միայն թողարկումների ծավալները, այլ նաև ոչ բանկ թողարկողների մասնաբաժնի աճը, ներդրողների բազայի ընդլայնումը և երկրորդային շուկայի լիկվիդայնությունը։

Այսինքն՝ պարտատոմսերի շուկան մենք տեսնում ենք որպես զարգացման հենարան, բայց ոչ վերջնական նպատակ։ Այն պետք է նպաստի ամբողջ կապիտալի շուկայի ավելի հավասարակշռված և բազմասեգմենտ կառուցվածքի ձևավորմանը։

«ԱՌԿԱ» Մարտին Գալստյանը նաև խոսում էր կապիտալի շուկայի զարգացման ավելի լիբերալ մոտեցման և ավելի պաշտպանիչ մոդելի միջև ընտրության մասին, որը միտված է ներդրողի պաշտպանության նկատմամբ ավելի բարձր պահանջներին: Ո՞ր մոտեցումն է ավելի մոտ Էկոնոմիկայի նախարարությանը, և նախարարության կարծիքով՝ որտե՞ղ պետք է անցնի Հայաստանի համար օպտիմալ հավասարակշռությունը:

Ա Զաքարյան այս հարցը նույնպես գտնվում է մասնագիտական քննարկումների փուլում։ Մի կողմից կարևոր է, որ շուկա մուտքը լինի ողջամիտ և կանխատեսելի, մյուս կողմից՝ ներդրողների վստահությունը և պաշտպանությունը հանդիսանում են շուկայի կայուն զարգացման հիմնասյուներից։

Այս համատեքստում կարևոր է խուսափել ինչպես չափազանց սահմանափակող պահանջներից, որոնք կարող են նվազեցնել ընկերությունների ներգրավվածությունը, այնպես էլ չափազանց մեղմ մոտեցումներից, որոնք կարող են բացասաբար ազդել շուկայի նկատմամբ վստահության վրա։

Նախարարության տեսանկյունից նպատակահարմար է ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ շուկա մուտքի պայմանները լինեն համաչափ և կանխատեսելի, իսկ պահանջները՝ բավարար ապահովելու ներդրողների կողմից տեղեկացված և հիմնավորված որոշումների կայացումը։

«ԱՌԿԱ» արդյո՞ք նախարարությունը կարծում է, որ առանց էմիտենտների կողմից տեղեկատվության ավելի խիստ, կանոնավոր և ստանդարտացված բացահայտման՝ Հայաստանի պարտատոմսերի շուկան չի կարող դառնալ իսկապես հասուն և զանգվածային, քանի որ ներդրողները չեն ունենա բավարար բազա ռիսկերը գնահատելու և հիմնավորված որոշումներ ընդունելու համար:

Ա Զաքարյան նախարարության գնահատմամբ՝ տեղեկատվության կանոնավոր և համադրելի բացահայտումը հանդիսանում է կապիտալի շուկայի զարգացման կարևոր պայմաններից մեկը։

Ներդրողների կողմից ռիսկերի պատշաճ գնահատումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է բավարար, հասկանալի և համադրելի տեղեկատվություն ընկերությունների գործունեության և ֆինանսական վիճակի վերաբերյալ։

Այդ տեսանկյունից տեղեկատվության որակը և հասանելիությունն անմիջական ազդեցություն ունեն շուկայի նկատմամբ վստահության ձևավորման վրա։

Միևնույն ժամանակ, կարևոր է, որ նման պահանջները ձևավորվեն համաչափ և կիրառելի կերպով՝ ապահովելով ինչպես տեղեկատվության բավարար մակարդակ, այնպես էլ շուկա մուտքի գործընթացի գործնական իրագործելիությունը։

«ԱՌԿԱ» նախարարության կարծիքով, ի՞նչ կոնկրետ միջոցներ կարող էին միաժամանակ պարզեցնել ընկերությունների մուտքը պարտատոմսերի շուկա և միևնույն ժամանակ ապահովել ներդրողներին էմիտենտների մասին ավելի ամբողջական, կանոնավոր և համադրելի տեղեկատվությամբ:

Ա Զաքարյան այս ուղղությամբ նույնպես քննարկվում են տարբեր տարբերակներ՝ ընթացակարգերի պարզեցում, տեղեկատվության ստանդարտացում, թվայնացում, ինչպես նաև շուկայի մասնակիցների կարողությունների զարգացում ։

«ԱՌԿԱ» արժե՞, արդյոք, ակնկալել, որ նախարարության դիրքորոշումը կապիտալի շուկայի զարգացման մոդելի և էմիտենտների թափանցիկության բարձրացման վերաբերյալ կձևակերպվի առանձին հայեցակարգի, ճանապարհային քարտեզի կամ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթի տեսքով: Եթե՝ այո, ապա ի՞նչ ժամկետներում:

Ա Զաքարյան այո, կապիտալի շուկայի զարգացման մոդելի և էմիտենտների թափանցիկության բարձրացման վերաբերյալ մոտեցումները անպայման կարտացոլվեն համապատասխան քաղաքականության փաստաթղթերում։

Այս պահին դեռևս հստակ չէ՝ խնդիրները կհասցեագրվեն առանձին ռազմավարական փաստաթղթում, թե կներառվեն «Տնտեսական փոխակերպման և կայուն զարգացման» ռազմավարության մեջ։ Զուգահեռ մենք պլանավորում ենք իրականացնել ոլորտի ամբողջական դիագնոստիկա՝ իրավական դաշտի գնահատմամբ, և դրա հիման վրա՝ գործընկեր պետական մարմինների հետ համատեղ մշակել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Հայկական «Prime Insurance Brokers» ընկերությունը ստացել է Lloyd’s Broker հավատարմագրում

Հայկական Prime Insurance Brokers ապահովագրական ՍՊԸ-ն ստացել է Lloyd’s-ի բրոքերի հավատարմագրում

Եվրոյի փոխարժեքն աճել է, դոլարն ու ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․35 կետով և կազմել 437․78 դրամ, ռուբլին նվազել է 0․0266 կետով և կազմել 4․6619 դրամ

Ակբա խումբը AI գործարանի ստեղծմանն ուղղել է 45 միլիոն ԱՄՆ դոլար(ՎԻԴԵՈ)

Ակբա բանկն ու Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթն ընդհանուր 45 միլիոն ԱՄՆ դոլար են ուղղել Firebird ընկերությանը՝ արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի ստեղծման համար

Ռուսաստանը կսահմանափակի կանխիկ դրամի և ոսկու արտահանումը ԵԱՏՄ երկրներ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում ԵԱՏՄ անդամ պետություններ կանխիկ ռուբլու արտահանման համար

Armbanks Weekly Digest. Հայաստանի ֆինանսական շուկայի առանցքային իրադարձությունները (մարտի 23–29)

Հայաստանի ֆինանսական շուկայում շաբաթն անցավ հարկաբյուջետային հստակեցումների, կարգավորող փոփոխությունների և ինստիտուցիոնալ որոշումների համադրման ռեժիմում

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img