ԵՐԵՎԱՆ, 31 մարտի․/ԱՌԿԱ/․ Հայաստանը Համաշխարհային բանկից կստանա 200 մլն դոլար (170,3 մլն եվրո)՝ աջակցելու Հայաստանի անցմանը դեպի ավելի մրցունակ և համաշխարհային շուկաներում ինտեգրված տնտեսության, որը նաև կունենա արտանետումների վերահսկման և կառավարման համակարգ։ ՀԲ գործադիր տնօրենների խորհուրդը նախօրեին հաստատել է համապատասխան «Հայաստանի տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը»։
«Բացի այդ, ՕՊԵԿ հիմնադրամը մտադիր է զուգահեռաբար տրամադրել մինչև 92.8 միլիոն դոլարի համարժեք (80 միլիոն եվրո) ֆինանսավորում՝ ընդհանուր աջակցության փաթեթը հասցնելով մոտավորապես 290 միլիոն դոլարի (250 միլիոն եվրո)»,- նշված է ՀԲ հաղորդագրության մեջ։
«Հայաստանն ունի հավակնոտ բարեփոխումների օրակարգ, և մենք աջակցում ենք երկրի ջանքերին՝ կառուցելու ավելի բաց, մրցունակ և կայուն տնտեսություն», – ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։
Նրա խոսքով՝ անցումը դեպի ավելի դիվերսիֆիկացված և կայուն տնտեսություն պայմաններ կստեղծի աճի համար, որը շահավետ կլինի յուրաքանչյուր քաղաքացու համար։
«Հայաստանում տնտեսական վերափոխման զարգացման քաղաքականության գործառնությունը» նախատեսում է աջակցություն բազմաոլորտ բարեփոխումների օրակարգին, որն ուղղված է ներդրումային և գործարար միջավայրի արդիականացմանը, մրցակցության ամրապնդմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև երկրի հարկաբյուջետային և կարգավորող համակարգի դիմակայունության բարձրացմանը։
Այն ներառում է երկու հիմնական ուղղություն։ Առաջինը կենտրոնանում է ներդրումների և առևտրի ներուժի իրացման և մրցակցության խթանման վրա։ Բարեփոխումները ներառում են ներդրումների համար իրավական շրջանակի արդիականացում, մաքսային գործընթացների արդյունավետության բարձրացում, ապրանքների ներմուծման մշակման ժամանակի 20 տոկոս կրճատում, ինչպես նաև սպառողների պաշտպանության համակարգի ուժեղացում և անարդար առևտրային գործելակերպի սահմանափակում։ Բարեփոխումները նաև աջակցում են թվային տնտեսության համար հիմնարար օրենքների ընդունմանը, ներառյալ կիբերանվտանգության կառավարման բարելավումը։
Երկրորդ հենասյան շրջանակներում իրականացվող բարեփոխումները նպատակ ունեն նպաստել ավելի դիմակայուն տնտեսության ստեղծմանը և լրացնել առաջին հենասյան բարեփոխումների օրակարգը՝ նպաստելով արտանետումների պատասխանատու կառավարման համակարգի ներդրմանը։ Հիմնական միջոցառումները ներառում են «Կլիմայի մասին» նոր օրենքի ընդունումը, որն աջակցում է պետական բյուջեում կլիմայի բյուջեի «պիտակավորման» կիրառմանը, ազգային ջերմոցային գազերի արտանետումների թույլտվությունների համակարգի ստեղծումը և կանաչ տաքսոնոմիայի ներդրումը՝ տնտեսության մեջ կայուն տնտեսական աճի գործողությունների սահմանման և դասակարգման համակարգի ստանդարտացման համար, որը կօգնի դրանց համար մասնավոր ներդրումների ներգրավմանը։
Համաշխարհային բանկում հայտարարել են զարգացման ճանապարհին Հայաստանին հետագայում ևս աջակցելու մտադրության մասին, որն ուղղված է աղքատության նվազեցմանը՝ պահպանելով բնապահպանական կայունությունը։
1992 թվականից ի վեր Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլար, ներառյալ ներդրումային վարկավորման ընթացիկ պորտֆելը՝ մոտ 420 միլիարդ դոլարի չափով, ինչպես նաև դրամաշնորհներ, վերլուծական և տեխնիկական աջակցություն Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), հավատարմագրային հիմնադրամների և Միջազգային զարգացման ընկերակցության (IDA) կողմից, որի դոնորը Հայաստանը դարձել է 2023 թվականին։






