ՀՀ ԿԲ նախագահը մտահոգիչ է համարել վճարային հաշվեկշռի «Զուտ սխալների և բացթողումների» 816 մլն դոլար ծավալը

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․   Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով վիճակագրական անհամապատասխանությունների ծավալը մտահոգություն է առաջացնում, հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով «ԱՌԿԱ» գործակալության հարցին։

ԱՄՀ-ի «Republic of Armenia: First Review Under the Stand-By Arrangement» (IMF Country Report No. 26/132) զեկույցի համաձայն՝ Հայաստանի 2025 թ.-ի վճարային հաշվեկշռի «Զուտ սխալներ և բացթողումներ» (Errors and Omissions) հոդվածով ցուցանիշը գնահատվում է 816 մլն դոլար։ ԱՄՀ-ն այս գումարը հիշատակում է նաև երկրի կապիտալի ներհոսքի և միջազգային պահուստների կուտակման հարցերը դիտարկելիս։

«Սա այն թվերից մեկն է, որոնք մտահոգություն են առաջացնում», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գալստյանը։

ԿԲ նախագահի խոսքով՝ վիճակագրական հաշվառման դժվարությունները պայմանավորված են մարդկանց տեղաշարժի, ինչպես նաև կապիտալի ներհոսքի և արտահոսքի բարձր արագությամբ, ինչի հետևանքով բավական դժվար է դառնում ֆինանսական հոսքերի աղբյուրների բացահայտումը։

Որպես օրինակ՝ Գալստյանը նշել է Հայաստան ժամանած անձանց կողմից անշարժ գույքի ձեռքբերումը և նրանց՝ ոչ ռեզիդենտի կարգավիճակը որոշելու դժվարությունները, կրիպտոակտիվներով գործարքները, արտահանման գործունեությունը և այլ ուղղություններ։

«Տարբեր, բազմաբնույթ ուղղություններով կան որոշակի սխալներ, որոնք անհրաժեշտ է բացահայտել և հետևել դրանց։ Սա բարդ, աշխատատար աշխատանք է, և այս հարցը լուծելու համար անհրաժեշտ է ռեսուրսներ հատկացնել», – նշել է նա։

Միաժամանակ ԿԲ նախագահն ընդգծել է, որ խնդրի լուծումը կախված է ոչ միայն Կենտրոնական բանկից, այլև այլ կառույցներից, որոնք կարգավորող մարմնին տեղեկատվություն են տրամադրում վճարային հաշվեկշիռը կազմելու համար։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է բարձրացնել վիճակագրության ձևավորման ընթացքում օգտագործվող տեղեկատվության աղբյուրների որակը։

Գալստյանը նաև հստակեցրել է, որ «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով անհամապատասխանությունների ծավալի գնահատականը պատկանում է ՀՀ ԿԲ-ին։

Ընթացիկ հաշվի պակասուրդը և ֆինանսական հոսքերի հաշվառման դժվարությունները

Նախօրեին խորհրդարանում ելույթ ունենալիս Գալստյանը հայտնել էր Հայաստանի վճարային հաշվեկշռի ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի խորացման մասին՝ առևտրային հաշվեկշռի վատթարացման և Ռուսաստանից աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների կրճատման ֆոնին։

Նրա խոսքով՝ ներկայում ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը ֆինանսավորվում է կապիտալի գործառնությունների և ֆինանսական հաշիվներում արտացոլվող միջոցների ներհոսքի հաշվին։ Խոսքը հիմնականում կառավարության, ֆինանսական համակարգի և բիզնեսի գործառնությունների, այդ թվում՝ ուղիղ ներդրումների մասին է։

Միաժամանակ ԿԲ նախագահը նշել է Հայաստան մուտք գործող ֆինանսական հոսքերի ճշգրիտ վիճակագրական հաշվառման դժվարությունները՝ մատնանշելով, որ «Զուտ սխալներ և բացթողումներ» հոդվածով արձանագրվում է շուրջ 700–800 մլն դոլար գումար, որը նա բնութագրել է որպես չափազանց մեծ։

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Եվրոյի և դոլարի փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ աճել են, ռուբլու փոխարժեքը նվազել է. ՀՀ ԿԲ

Հայաստանի արտարժույթի շուկայում  2026 թվականի նոյեմբերի 9-ին ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը  հայկական դրամի նկատմամբ, 2026 թ.-ի նոյեմբերի 6-ի համեմատ, աճել է 0.09 կետով՝ հասնելով 360.34 դրամի։

Զեղծարարները  կոմունալ ծառայությունների աշխատակիցների անվան տակ վարկեր են ձևակերպում ՀՀ քաղաքացիների անունով․ ԿԲ-ն  զգուշացրել է նոր սխեմայի մասին

Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին շրջանում ահազանգեր է ստանում ֆինանսական զեղծարարության  նոր սխեմայի վերաբերյալ, որի դեպքում զեղծարարները  կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատակիցների անվան տակ այցելում են քաղաքացիների բնակարաններ, հայտնում է ԿԲ մամուլի ծառայությունը։

IDBank-ը` ՀԲՄ մարզային համաժողովում. ճամփորդական լուծումներից մինչև բիզնես հնարավորություններ (ՎԻԴԵՈ)

IDBank-ը մասնակցել է Հայաստանի բանկերի միության հերթական մարզային համաժողովին, որն այս անգամ անցկացվել է Գյումրիում

Հայաստանի վարկային կազմակերպությունների ներդրումային պորտֆելը III եռամսյակի արդյունքներով կազմել է 99,70 մլրդ դրամ

2026 թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի վարկային կազմակերպությունների համախառն ներդրումային պորտֆելը կազմել է 99,70 մլրդ դրամ։

Եվրոյի, դոլարի և ռուբլու փոխարժեքները հայկական դրամի նկատմամբ նվազել են. ՀՀ Կենտրոնական բանկ

2026 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ  Հայաստանի արժույթի շուկայում ձևավորված ԱՄՆ դոլարի  միջին շուկայական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ, նոյեմբերի 5-ի համեմատ, նվազել է 0,06 կետով և կազմել 360,34 դրամ։

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img