ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում առաջին ընկերությունը ստացել է կրիպտոծառայությունների մատուցման լիցենզիա։ ՀՀ ԿԲ կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ կարգավորող մարմինը 2026 թվականի սեպտեմբերի 8-ին որոշում է կայացրել «Մետա-Իքս Մարկետս» ՓԲԸ-ին կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն տրամադրելու մասին։
Կարգավորողն ընկերությանը թույլատրել է մատուցել ութ տեսակի ծառայություններ, այդ թվում՝ կրիպտոակտիվների պահպանում, սեփական հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում, հաճախորդի հաշվին կրիպտոակտիվների առք ու վաճառքի իրականացում, կրիպտոակտիվներով գործարքների կատարման հանձնարարականների ընդունում և փոխանցում, կրիպտոակտիվների տեղաբաշխում, կրիպտոակտիվների պորտֆելի կառավարում, կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում, կրիպտոակտիվների փոխանցում։
ՀՀ ԿԲ կայքում հրապարակված է կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող 10 կազմակերպությունների և ձեռնարկատերերի ցանկը։
Իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք 2025 թ.-ի հուլիսի 4-ի՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ՀՀ տարածքում մատուցել են կրիպտոակտիվներով ծառայություններ և ցանկանում են շարունակել դրանց մատուցումը, պետք է մինչև 2027 թ.-ի հունվարի 31-ը գրանցում և լիցենզավորում ստանան ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցողներ։ 2027 թ.-ի հունվարի 31-ից հետո առանց համապատասխան գրանցման և լիցենզիայի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցումը կամ առաջարկումն անհնար կլինի։ «Կրիպտոակտիվների մասին» օրենքը Հայաստանում ուժի մեջ է մտել 2025 թ.-ի հուլիսի 4-ին։ Փաստաթուղթը սահմանում է կրիպտոակտիվների առևտրի, ծառայությունների մատուցման և շուկայի վերահսկողության կանոնները։ Նախատեսված կարգավորման մեխանիզմները թույլ են տալիս շուկա մուտք գործել միայն ստուգված և թափանցիկ ընկերություններին, ինչը պետք է պաշտպանի կրիպտոակտիվներ գնողների իրավունքները և բարձրացնի վստահությունը շուկայի նկատմամբ։






