ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն դարձել է «Բորսայի լավագույն անդամ 2016»` ըստ NASDAQ OMX Armenia-ի, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, օրերս տեղի է ունեցել NASDAQ OMX Armenia-ի «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխությունը:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն յոթերորդ տարին անընդմեջ, և հաղթողին ընտրելու համար հաշվի են առնվում «NASDAQ OMX Armenia հարթակներում կնքված գործարքների քանակը, ծավալը և արդյունավետությունը:
NASDAQ OMX Armenia-ի «Բորսայի լավագույն անդամ 2016» ամենամյա մրցանակաբաշխության յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված է եղել երեք թեկնածու, որոնցից հաղթող է ճանաչվել մեկ մասնակից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ներկայացված էր որպես թեկնածու երեք անվանակարգերում` «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում», «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում» և գլխավոր մրցանակ – «Բորսայի լավագույն անդամ»:
Անցած տարի «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն հաղթող էր ճանաչվել «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում 2015» և «Բորսայի լավագույն գործընկեր` առևտրի մասնակից» անվանակարգերում:
«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:-0-