Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի. /ԱՌԿԱ/. Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացում և վարում, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, առարկայազուրկ մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում պահպանել խնայողություններն անկանխիկ ոսկով: Որպես խնայողությունների այլընտրանքային տարբերակ` ոսկով մետաղական հաշիվները հնարավորություն են ընձեռում ոչ միայն դիվերսիֆիկացնել խնայողությունները, այլ նաև ավելացնել դրանք՝ միջազգային շուկայում ոսկու գնի բարձրացման շնորհիվ:

«Ոսկով մետաղական հաշիվն ունի նաև մի շարք այլ առավելություններ` այն հնարավորություն է տալիս նվազեցնել անկայուն ֆինանսական շուկայի, մասնավորապես, արժույթների փոխարժեքների տատանման ազդեցությունը: Ինչպես ցույց տվեց վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը, ոսկին շարունակում է հանդիսանալ առաջատար և գրավիչ ֆինանսական գործիք` հատկապես ֆինանսական շուկաների անկայուն իրավիճակներում», – նշվում է տեղեկատվության մեջ:

Մամուլի հաղորդագրության համաձայն՝ ի տարբերություն ֆիզիկական տեսքով ոսկու՝ առարկայազուրկ մետաղական հաշվում պահվող անկանխիկ ոսկին չունի անվտանգ պահպանման, կորստի կամ վնասման խնդիր, ինչպես նաև ոսկու հարգի հետ կապված հնարավոր զեղծարարության վտանգ:

Անկանխիկ ոսկին ապահովում է իրացվելիության բարձր մակարդակ, քանի որ հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ վաճառել ոսկին բանկին` այդ պահին գործող փոխարժեքով և ստանալ իր գումարը:

«Ամերիաբանկում մետաղական հաշիվները բացվում են առանց միջնորդավճարի, և հաշվի նվազագույն մնացորդի պահանջի, չկա գումարների և ժամկետների սահմանափակում: Հաճախորդի անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման նպատակով նշվում են միայն ոսկու հարգը և կշիռը` առանց ոսկու այլ անհատական տվյալների», – նշվում է մամուլի հաղորդագրության մեջ:

Ամերիաբանկը ոսկու գնանշումն իրականացնում է գրամով և իր ինտերնետային կայքում օրական կտրվածքով հրապարակում է տվյալներ ոսկու գնանշման մասին, որը փոփոխվում է` կախված միջազգային շուկաներում ոսկու գնի փոփոխությունից:

Առաջարկելով ոսկով առարկայազուրկ մետաղական հաշիվների բացման և վարման ծառայությունը՝ Ամերիաբանկն ընդլայնում է իր հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շրջանակը՝ ապահովելով միջոցների տեղաբաշխման ևս մեկ այլընտրանքային տարբերակ:

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ և սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Ամերիաբանկի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:  -0-

spot_img

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին (ՎԻԴԵՈ)

Հայաստանում կանաչ ներդրումները աստիճանաբար դառնում են ոչ թե այլընտրանք, այլ ռազմավարական ընտրություն

Եվրոյի և դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին նվազել է․ ԿԲ տվյալներ

Եվրոյի փոխարժեքը ևս բարձրացել է 3․21 կետով և կազմել 439․27 դրամ, ռուբլին նվազել է 0․0314 կետով և կազմել 4․7901 դրամ

UBPay-ը և MoneyTO–ն մեկնարկում են դրամական փոխանցումներ Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա

UBPay հայաստանյան վճարային համակարգի հաճախորդներն այսուհետ կարող են դրամական փոխանցումներ կատարել Հայաստանից դեպի Մեծ Բրիտանիա՝ անմիջապես ստացողների բանկային հաշիվներին

ՎԵՐՋԻՆ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

spot_imgspot_imgspot_img